«Իմիջ» բառը օգտագործվում է ինչպես խոսակցական ելույթում, այնպես էլ  գիտական խոսքում: Իմիջի տակ հասկանում են, մարդու կերպար, որն ունի բարձր սոցիալական դիրք և հեղինակություն, ինչպես նաև պետք է ունենա շրջապատից դրական գնահատական: Այսպես, եթե ասենք, որ գործարար մարդը շրջապատի կողմից ընդունվում է որպես պատկառելի մարդ, ապա նրա մասին կարող ենք ասել, որ նա ունի իմիջ: Սոցիալական հարցումների անցկացման ժամանակ նման մարդիկ ստանում են բարձր գնահատական: Գործնական մարդկանց մեջ ամրապնդվել է այն բանի գիտակցումը, որ իմիջը անհրաժեշտ է ցանկացած բիզնեսմենի, քաղաքական գործչի, հասարակական աշխատողի և գործատուի:                                                                                                             

«Իմիջ» հասկացությունը պատկանում է այնպիսի սոցիալական երևույթների թվին, որոնք ապրում են մարդկանց մեջ և հստակ չեն գիտակցվում նրանց կողմից: «Իմիջը» անգլերեն բառ է, նշանակում է կերպար, պատկեր, դա կոնկրետ անձի մտավոր պատկերացումն է, նրա բնավորության բովանդակային կողմն է: Պրակտիկայում այդ բառը շատ մոտ է հունական «խարիզմա» բառին, որի մեջ հին հույները այնպիսի նշանակություն էին տեսնում, ինչպիսին է տաղանդը, հեղինակությունը, հմտությունն ու սրբությունը: Մարդիկ, որոնք օժտված էին նման որակներով, բոլոր ժամանակներում ունեին մեծ ազդեցություն շրջապատի վրա: Ղեկավարները, որոնք օժտված էին խարիզմայով, կոչում էին խարիզմատիկ լիդերներ: Ահա և նման մարդկանց վարքային բնութագրիչները:

Ա. Արտաքին տեսքը: Այդպիսի մարդիկ ունեն տպավորիչ տեսք: Հաճախ նրանք գայթակղիչ են, առողջ մարմնի կառուցվածք ունեն, լավ կեցվածք և պահվածք ունեն:

Բ. Անկախ վարք: Կյանքի փորձը ցույց է տալիս, որ նման մարդիկ հույսը դնում են իրենք իրենց վրա, սակայն շատ հարցերում վստահում են նաև այլ մարդկանց:

Գ. Հաղորդակցման  ընդունակություններ: Նրանք առանձնանում են ճարտասանական հմտություններով, ժեստիկուլյացիայով, մարմնի շարժումներով:

Դ. Քաղաքավարի շարժուձև: Նրանք միշտ հավաքված են, իրենց պահում են սեփական նշանակալիության ամբողջական գիտակցումով, սակայն առանց դեմոնստրատիվ դա ցույց տալու:

Ե. Գովասանքի և քննադատության նկատմամբ առանց ավելորդ արձագանքի: Նրանք հանգիստ լսում են բառերը իրենց հասցեին, շնորհակալություն են հայտնում շրջապատին  կոմպլիմենտների համար, սակայն նրբանկատորեն հասկացնում են, որ այլևս դա անել պետք չէ: 

  Քննադատությունը իրենց հասցեին նրանք ընդունում են առանց զայրույթի պոռթկումների, քննադատության համար հետապնդելը նրանք համարում են իրենց արժանապատվությունից ցածր:

     Այսօր խարիզմատիկ անձանց մենք կարող ենք հանդիպել ոչ միայն քաղաքական գործիչների մեջ, այլև բիզնեսմենների, մենեջերների, սպորտսմենների, դերասանների և այլն: Նրանք բոլորը շատ տարբեր են, բայց նրանց միացնում է ընդհանուր մի որակ, որն է՝ սուգեստիան, այսինքն՝ այլ մարդկանց վրա ազդելու ընդունակությունն ու հմտությունը: Ուսումնասիրելով գործարար մարդկանց գործունեությունը, որոնք ունեն դրական իմիջ, կարող ենք տեսնել,  որ նրանք կամ ի ծնե են օժտված սուգեստիայով կամ ձեռք են բերում: 

      Եվ այսպես, եթե գործարար մարդն ունի լավ իմիջ և խարիզմատիկ անձնավորություն է, ապա նա պետք է օժտված լինի սուգեստիայով, որն ազդում է իր աշխատանքի արդյունավետության վրա: Սուգեստիան այլ մարդկանց վրա ազդելու մարդու հմտությունն ու ընդունակությունն է: Այն արտահայտվում է ինչպես չգիտակցված, այնպես էլ  հատուկ եղանակների օգնությամբ: Սուգեստիայի երևույթն իր մեջ ներառում է երկու տարր՝ ինքնավստահություն և դրական  էներգիա:                                                                                                          

Ինքնավստահությունը մեր ինքնագնահատականի հետևանքն է: Ամեն մարդ ուզում է, որ իրեն սիրեն և հարգեն: Ամեն մարդ ունի սեփական արժանապատվության զգացում: Երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ մեզ գնահատում են, մենք ավելի պինդ ենք կանգնում հողի վրա, ձգտում ենք կատարելագործման: Եթե մենք զգում ենք կամ մեզ թվում է, թե մարդիկ մեզնից երես են թեքել, մենք ընկճվում ենք և դառնում ենք խոցելի: Այդ ժամանակ մենք կորցնում ենք ինքնավստահությունը, կասկածում ենք մեր ուժերի վրա: Եվ դժվար թե ինքնագնահատականի այդ մակարդակում մենք հաջողության հասնենք: 

Դրական  էներգիան մարդու հոգեբանական ուժն է, ընդունակությունը, սեփական հնարավորություններն օգտագործելը, այդ թվում և ազդեցության ուժը: Դրական էներգիան ուղղված է մարդուն դրդելու բարոյապես ընդունված նորմերի: Մարդու էներգիան ձևավորվում և լիցքավորվում է նրա հոգեկանում: Փոխազդեցության ընթացքում այն փոխանցվում է այլ մարդկանց, տարբեր վարքային եղանակների օգնությամբ: Այն կարող է փոխանցվել արտաքին տեսքի միջոցով, վարքի ձևերի, հայացքի, ձայնի, խոսքի, միմիկայի և ժեստերի միջոցով: Եվ այսպես, այս ամենը շատ կարևոր է գործարար մարդու դրական իմիջի ստեղծման համար, որը կբարձրացնի նրա փոխհարաբերությունների արդյունավետությունը գործընկերների հետ:

Եվ այսպես, եթե ուզում ենք մուտք գործել գործարար աշխարհ, սկսենք առաջինը մեր իմիջի ստեղծումից:

 

Հեղինակ՝ սոցիալական հոգեբան Ս. Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել