Այժմ ընթերցում եմ «Թատերախաղեր Արեւմտեան Գրականութիւնից» ժողովածուն, որտեղ թարգմանաբար ներկայացված են արեւմտյան դրամատուրգների աշխատանքները: Ներկայացվում է նաեւ դրամատուրգների կենսագրությունը: Այս անգամ կգրեմ Ավգուստ Ստրինդբերգի (1849-12) մասին:

Strindberg

Շվեդացի թատերագիր, վիպասան եւ հրապարակագիր Ա. Ստրինդբերգը իր գործունեությունն սկսեց որպես դերասան: Նրա առաջին կարեւոր գործը` «Վարպետ Օլոֆը»-ի բեմադրությունը դարձավ Ստրինդբերգի հաջողության սկիզբը:

Նա արագ արձագանքեց Է. Զոլայի` բնապաշտությունը թատրոնում տարածելու վերաբերյալ կոչին եւ գրեց «Հայրը» (1887) թատերգությունը: Սակայն Ստրինդբերգն իր բնապաշտությունը հիմնեց հոգեբանության վրա եւ դա բացատրեց իր երկու առանձին հոդվածներով:

«Օրիորդ Ժյուլի»-ն (1888)՝ իր շեշտադրված ժառանգականությունով եւ միջավայրով, տատանվող անձանց վերաբերմունքով եւ ոլորապտույտ ու ոչ հետեւողական երկխոսություններով, հատկանշական է իբրեւ բնապաշտական թատրոնի օրինակ:

1890-ական թվականներին Ստրինդբերգը ճամփորդեց եվրոպական տարբեր երկրներ եւ իր ժամանակն ամբողջովին հատկացրեց գիտական փորձարկումներին ու մոգական ուսումնասիրություններին: Այդ ընթացքում երկու տարի տառապեց լուրջ հոգեխանգարումներից, որոնց պատճառով էլ տարբեր շրջաններ անցկացրեց հոգեբուժարաններում, նախքան Շվեդիա մեկնելը:

Անցյալի թատերախաղերի նոր բեմադրությունները Ստրինդբերգին ստիպեցին 1908-ին վերադառնալ թատերագրությանը՝ «Դեպի Դամասկոս» խաղի առաջին մասով, որը սկիզբ էր նոր տեսակ խաղերի, ուր նա հետազոտում էր մարդկային ոգեղեն զարգացումը աստվածային պարունակում: Այն 34 թատերախաղը, որոնք նա գրեց այս շրջանից հետո մինչեւ իր մահը, ուշագրավ են իրենց զանազանության եւ նորարարությամբ: Որոշները, ինչպես «Դամասկոս Եռյակ»-ը եւ «Մեծ ճանապարհ»-ը (1909), մեծակտավ հոգեբանական-ոգեղեն ուխտագնացություններ են, երազային բեմահարդարումներով ու գործողություններով: Մյուսներում, ինչպես «Մի երազային խաղ»-ը, օգտվում է երեւակայական կառույցներից, որպեսզի իրական փորձառությունները վերամեկնաբանի: Ստրինդբերգը վերսկսեց պատմական նյութերով թատերագրությունը եւ 11 խաղ գրեց շվեդական ավանդությունների հիման վրա:

1907-ին Ստրինդբերգը հիմնեց փոքրիկ «Մտերմիկ թատրոն»-ը (Intimate Theatre): Դրա համար նա գրեց հատուկ «սենեակային խաղեր», որոնցից չորսը` «Այրված տունը», «Ուրվականի սոնատը», «Փոթորկոտ եղանակը» եւ «Փորահավը», ուսումնասիրում են մարդու ընդհարումը մահվան հետ, որպես ցավալի զարթնում` մի կյանքի տեւողությամբ լուսնոտ պատրանքից: Հիշյալ թատրոնը դեռ աշխատում է մինչև օրս Ստոկհոլմում:

Ստրինդգուրգի ամբողջ չափահաս կյանքը հագեցած էր փորձարարությամբ եւ վերահաստատումներով: Նա զանցեց Զոլայի բնապաշտության նեղ սահմանները. նրա պատմական թատերախաղերը մի նոր տեսակի փոխհարաբերություն ստեղծեցին հենտամասի վրա ընթացող դեպքերի ու առաջամասի վրա տեղի ունեցող անհատի դրամայի միջեւ, իսկ նրա երազային ու երեւակայական խաղերը ճամփա բացեցին գերիրապաշտ, արտահայտչապաշտ եւ ունայն (անհեթեթ) թատրոնի համար:

«Թատերախաղեր Արեւմտեան Գրականութիւնից», Ստեփանակերտ, 2010, էջ 7-8

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել