Ընկերներ ջան, ներկայացնում եմ նոր պատմվածքս։ Ձեր կարծիքը շատ կարևոր է...
Միայնություն
Վահանը գուցե հապշտապ ամուսնանալու ցանկություն չունենար, եթե հարևան Հարություն պապը, ով ծնողների վաղաժամ մահվանից հետո իր պարտականությունն էր համարում «տիրություն անել» վերջինիս, անընդհատ խորհուրդ չտար ընտանիք կազմել։ Ազգականների գլխավորությամբ՝ հարևանները Վահանի համար հարմար աղջիկ էին փնտրում, ավելի ճիշտ՝ տնարար, որպեսզի նրա՝ աղբանոցի վերածված տունը կարգի բերեր։
Լվացարանի մոտ կռացած` Մանեն պղնձե կաթսան այնպես էր շփում, ասես փորձում էր փայլեցնել ճերմակության աստիճան, թեև կաթսան ի սկզբանե սպիտակ չէր եղել, այլ՝ պղնձագույն։ Վահանն իր արտացոլանքը տեսավ ողորկ մակերեսին, իսկ Մանեի ամոթխած հայացքը միաձուլվեց պատկերին։ Երկար չմտածեց, հարևաններին խնամախոս ուղարկեց, մի քանի օրից էլ աղջկան տուն բերեց՝ առանց հարսանեկան արարողության։ Տանը հաճելի մաքրություն հաստատվեց, սակայն Վահանը միայնություն էր զգում. վերմակը սառն էր, ասես կաթսային էր դիպչում, ոչ թե Մանեին։ Կինն ամեն օր շփում էր բազմաչարչար կաթսան՝ ենթարկելով անասելի խոշտանգումների, թվում էր, թե դրանից ավելի կարևոր ու հետաքրքիր գործ չկա։ Նրա պղնձագույն դեմքն ամեն պահ փնտրում էր ինչ-որ բան՝ մաքրելու, սրբելու և լվանալու համար։ Մի օր էլ, երբ Մանեն վերմակը վեր բարձրացրեց, որ տեղ տա ամուսնուն, նրա փոխարեն միայնությունը սողոսկեց անկողին...
Երկրորդ կինը շատերի համար գեղեցիկ էր, մյուսների համար՝ տգեղ. Վահանը չէր կողմնորոշվում՝ ամուսնանա՞, թե` ոչ։ Հովհաննես պապը, մեծի իրավունքով, խառնվեց. «Լսել եմ, որ Նելլիին հավանել ես, լավ աղջիկ ա, իրար կհասկանաք...»։ Վահանը, ուսերը թոթովելով, գլխով արեց։ Կասկածում էր, բայց համաձայնվեց, որ Հարություն պապը գործը գլուխ բերի։ Նելլիին տուն տարավ՝ կրկին առանց հարսանեկան խնջույքի։ Կնոջը քիչ-քիչ սկսեց նմանեցնել իր մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ ընկեր Ավետիսյանին. նրա նման խստաբարո էր ու պահանջկոտ։ Թվում էր, թե ոչ թե խոսում էր ամուսնու հետ, այլ՝ թելադրում, թե ինչ անի։ Երբ պարզվեց, որ Վահանը չի կարող երեխաներ ունենալ, Նելլին սկսեց նրան ամեն առիթով ճնշել. կսմթում էր, հարվածում, ասես դպրոցական երեխայի էր պատժում։ Վահանը սկսեց սարսափել կնոջից, հիվանդացավ ու հյուծվեց, գուցե հաշմանդամի խեղված ճակատագրին արժանանար, եթե կինը չորոշեր հեռանալ...
Լիանային տեսավ շուկայում, միրգ էր վաճառում։ Նրանից խնձոր գնեց ու մտովի պատկերացրեց, թե ինչպես են համատեղ ապրում։ Վահանին գրավեց կնոջ աշխուժությունն ու ջերմ վերաբերմունքը՝ համեմված քաղցր բառերով։ Այնպես էր համոզում, որ թվում էր, թե ոչ թե վաճառում էր, այլ՝ նվիրում։ Լիանան արագ տեղափոխվեց Վահանի բնակարան՝ հրաշալիորեն ստանձնելով տնային տնտեսուհու պարտականությունները։ Կենցաղային հարցեր լուծելու կարողությունն ապշեցնում էր Վահանին։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց մի պահ եկավ, երբ հասկացավ, թե ինչ է նշանակում առևտրական կին ունենալ։ Միասին շուկա էին գնում, Վահանը, անճարի պես մի կողմ քաշված, հետևում էր կնոջ գնումներին։ Լիանան կարող էր մի քանի ժամ անվրդով բանակցել, մինչև վաճառողը չհոգներ ու գինը չիջեցներ։ Հերթական առևտրի ժամանակ Վահանը սկսեց ձանձրույթից հորանջել, չդիմացավ, Լիանային թողեց խանութում, տուն վերադարձավ։ Կինը դեռ սակարկում էր, չէր տեսել, որ ամուսինը չկա, նրա բացակայությունը նկատեց միայն այն ժամանակ, երբ ցանկացավ վճարել գնումների համար...
Աշխենին հանդիպել էր փողոցում, ուղեկցել մինչև տուն և սիրտը բացել նրա առջև։ Հրապուրիչ կին էր, այնքան հարազատ, ասես ինչ-որ տեղ հանդիպել էր նրան։ Փորձեց հիշել, բայց չկարողացավ։ Մի օր տուն վերադառնալիս ընկերոջը դռան մոտ հանդիպեց։ Նրա շառագունած ու մեղավոր դեմքը հուշեց Վահանին, թե կինն ինչու էր այդքան ծանոթ։ Հիշեց... Մի օր մեքենայի անվադողն էր վնասվել, իջավ փոխելու, մարմնավաճառ կանանց նկատեց, հանկարծ մտաբերեց, թե Աշխենին որտեղ էր տեսել, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Գուցե չբաժանվեր կնոջից, եթե ընկերոջ այցելությունները պարբերաբար չկրկնվեին, իսկ հարևան տներից չլսվեին չարագույժ շշուկներ...
Նոնային մի խնջույքի ժամանակ տեսավ, Հովհաննես պապը աչքով արեց, թե՝ մոտեցիր։ Այս կնոջ հետ Վահանը մեկ ամիս ապրեց, բայց հասցրեց երեսուն վեճ ունենալ։ Նոնան սարսափելի կասկածամիտ ու խանդոտ էր։ Նրա համար բոլոր կանայք իր ամուսնու վրա աչք դրած անառակներ էին, իսկ Վահանի ընկերները՝ կնամոլներ ու դավաճաններ, քանի որ նրան իրենց ջրերն էին գցում՝ մղելով տարատեսակ սեռական կապերի։ Անհավանական այնպիսի իրավիճակներ էր պատկերացնում, որ Վահանի ուղեղը չէր հասցնում ընկալել, էլ ուր մնաց հերքեր կամ արդարանար։ Վահանի համբերությունը սպառվեց, մի օր էլ երբ Նոնան տանից դուրս եկավ, ներսից դուռը փակեց և չբացեց նույնիսկ այն ժամանակ, երբ կինը զայրույթից ու անկարողությունից ուշաթափվեց...
Այդ օրվանից Վահանն անհետացավ, փակվեց տանը և մեկուսացավ արտաքին աշխարհից։ Նրան սկսեցին տանջել մղձավանջային երազները։ Տեսնում էր իր կանանց, ովքեր վազում էին իր ետևից, փորձում էին բռնել, իսկ երբ մոտենում էին, վերածվում էին գիշատիչ կենդանիների։ Երազում Վահանն անդադար փախչում էր, սարսափահար վեր թռչում քնից և հասկանում, որ վախենում է միայնությունից։ Կնոջ կարիք էր զգում, բայց, հիշելով իր կանանց, լույսն անջատում էր ու թաքնվում անկողնում...
Հովհաննես պապն անհանգստանում էր Վահանի համար, երկար ժամանակ չէր տեսել, որոշեց այցելել նրան։ Պատուհանից աղոտ լույս նշմարեց, մոտեցավ դռանը, հրեց, բաց էր։ Վահանը մենակ չէր։ Ռոմանտիկ մթնոլորտ էր տիրում, մոմերի լույսի ներքո զույգը խաղաղ ընթրում էր։ Վահանը շփոթվեց, երբ տեսավ հարևանին, կարկամեց, չիմացավ ինչ անել։ Հովհաննես պապը բարևեց կնոջը, զարմացավ, երբ վերջինս չպատասխանեց։ Մի քիչ մոտեցավ, ձեռքը պատահաբար դիպավ նրան, վերջինս շրխկաց աթոռից։ Կինը չէր շարժվում, ակնդետ հայացքով նայում էր մի կետի։ Վահանը գրկեց ու բարձրացրեց նրան, նստեցրեց աթոռին, պապն ամեն ինչ հասկացավ։ Վահանի վերջին կինը մանեկեն էր...