Հուլիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Երկու դաշնակից երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը և նոր նախագծերի իրականացումը:
Երկու երկրների առևտրատնտեսական կապերի հագեցվածության ցուցանիշ է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կայուն աշխատանքը: Տնտեսական համագործակցության իրավապայմանագրային բազայի կարևորագույն հիմքերն են 2013թ. ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը:
Տնտեսական կապերն առավել խորացվել են այս տարվա հունվարից: Հանդիպմանը երկու երկրների վարչապետները կարևոր են համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը, քննարկել են նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ռուսաստանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, գյուղատնտեսական ապրանքներ, սարքավորումներ և մեխանիզմներ, տրանսպորտի ու կապի միջոցներ, չմշակված ադամանդներ, փայտանյութ, թանկարժեք քարեր, քիմիական արտադրություն: Արտահանվում են գունավոր մետաղների հանքանյութ, թանկարժեք քարեր, գունավոր մետաղներ, քիմիական արտադրություն, պարենային և գյուղատնտեսական ապրանքներ:
Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալները 2014 թվականին կազմել են շուրջ 1մլրդ 402 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 197,5 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը` 186,8 մլն դոլար, ներմուծումը` 10,7 մլն դոլար:
Հայաստանի համախառն արտաքին առևտրի շրջանառությունում Ռուսաստանի բաժինը կազմում է շուրջ 20 տոկոս։ Այնուամենայնիվ, կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Հաջող է զարգանում ներդրումային համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանից մասնավոր և իրավաբանական անձանց կողմից ուղղակի ներդրումները ՀՀ արդյունաբերության, էներգետիկայի, կապի և այլ ոլորտներ կազմում է օտարերկրյա ընդհանուր ներդրումների մոտ 40%-ը: Հայաստանյան շուկայում ակտիվ գործում են ռուսական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Գազպրոմբանկը», «ՎՏԲ» բանկը, «Վիմպելկոմը», «Ռոստելեկոմ», «Ռուսաստանի երկաթուղիները», նաև վերջերս բազմիցս քննարկվող «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը և այլ կազմակերպություններ:
Հանդիպման ընթացքում վարչապետներն անդրադարձ են կատարել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: