Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս, պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
Ինչո՞ւ ենք մենք այդպես անտարբեր կյանքի նկատմամբ, բայց միաժամանակ` կառչած նրանից:
Կարճ ասած` ատում ենք կյանքը, բայց ցանկանում ենք ապրել…
* * *
Խմբագրի ձեռքը մեկնվեց սեղանի հեռախոսի կոճակին:
- Լարիսա´, արի´ ինձ մոտ:
Երբ Լարիսան մտավ ներս, խմբագրի աչքերն ուրախացան: Միշտ էլ մեծ հաճույքով էր ընդունում այդ գերժամանակակից աղջկան:
- Նստի´ր: Դու, ճիշտ է, արտահաստիքային ես, բայց այսպես ասած` լավության կարգով քեզ մի առաջադրանք եմ ուզում տալ: Արդեն երրորդ ամիսն է, չէ՞, որ հոնորար չես ստացել:
- Այո´, դե, գիտեք իմ դրությունը…
- Գիտեմ, գիտեմ,- խմբագիրը մի թուղթ վերցրեց ու ուշադիր նայելով`շարունակեց:
- Մի կարգին հոդված է պետք անտունների, այսպես ասած` «բոմժերի» մասին: Զգայացունց հոդված: Սա լուրջ պատվեր է, հոնորարդ կլինի չպատկերացրած չափի: Եթե համաձայն ես, կարող եմ ձևակերպել:
- Ես, իհարկե, համաձայն եմ: Հենց այսօրվանից կսկսեմ…
- Չէ´, դու չհասկացար: Դու պետք է նրանց մեջ լինես, հասկանո՞ւմ ես: Մի քանի խմբագրություններ են նույն պատվերը ստացել: Այնպես որ, պետք է լինի չափազանց անկեղծ ու իրական: Հոնորարը այնքան մեծ է, որ պետք է կիսվի իմ և քո միջև: Հուսով եմ` հասկացար: Մենք պետք է անպայման հաղթենք: Միգուցե հոդված չլինի, լինի պատմվածք կամ…. Հուշելու համար ասեմ, որ կարող ես նրանց գտնել որևէ գերեզմանոցի տարածքում, մոտակայքում, չգիտեմ, իմ ունեցած տվյալները դրանք են: Ունես երկու օր:
- Հասկացա, - Լարիսան վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:
* * *
Ինչպես կարգն է՝ գերեզմանոցում մեռելային լռություն էր:
Սպիտակ ձյունն այնքան խնամքով էր տարածվել բոլոր գերեզմանաքարերին, որ ասես մի հոգատար ձեռք էր ծածկել մոմե դեմքերով, սև, դասական ոճի կոստյումներով ննջեցյալներին:
Ոչ մի ոտնահետք չկար ձյան վրա:
Կիսամերկ, քրքրված շորերով կինը` թևի տակ սեղմած մի սև պայուսակ, կարծես նպատակամղված քայլում էր որոշակի գերեզմանի ուղղությամբ:
Գերեզմանային լռությունն այքան էր ազդել նրա վրա, որ չէր կարողանում նկատել տարբեր կողմերից հեռվից իրեն հետևող, ցնցոտիավոր երեք մարդկանց:
Ընտրեց պատահական մի գերեզման, որի մուտքը հաղորդալարի կտորով էր փակած, բացեց դռնակը, մոտեցավ տապանաքարին` նախապես ձեռքի պայուսակը կախելով ցանկապատի սրածայր ցցերից մեկին:
Սառած ձեռքերով փորձեց մաքրել ձյունը տապանաքարի վրայից, նստեց մեջքով դեպի դռնակը:
«Պայուսակումս լուցկի ու խունկ կա: Մի՞գուցե նաև փորձեմ վառել, համ էլ` կարող է ծուխը հեռվից երևալ», - մտածեց ու շուռ եկավ դեպի դռնակի կողմը:
Պայուսակն արդեն չկար:
Դռնակից դեպի գերեզմանների խորքը ձգվում էին ոտնահետքեր:
Վախից դողացող ոտքերով փորձեց քայլել դեպի գերեզմանից դուրս տանող դռնակը, բայց չկարողացավ:
Հասկացավ, որ ցուրտը թույլ չի տա երկար ժամանակ մնալ այդպես անորոշ վիճակում:
Վեր կացավ, սկսեց քայլել ոտնահետքերի ուղղությամբ` մտքում անիծելով այն պահը, երբ համաձայնեց խմբագրի առաջարկած գործարքին, բայց, դե, փող է հարկավոր…
Հետքերը տարան գերեզմանոցի պարսպին կպած մի հին, առանց պատուհանների ու դռների շինության մոտ: Պարզ երևում էին դեպի նկուղ տանող ոտնահետքերը, բայց սիրտ չարեց մտնել ներս:
Նստեց մի անտաշ քարի վրա ու սկսեց դողացնել:
Ներսից լսվում էին խուլ ձայներ:
Երբ սկսեց կամաց-կամաց մթնել, ներսից երևաց կրակի լույսը: Ու անկարող դիմադրելու վախին` մի կերպ բռնվելով քանդած պատերից` իջավ նկուղի ուղղությամբ:
Մոտ տասը զույգ աչքեր չռվեցին անծանոթ ստվերի վրա: Հետո մեկը, որի ոտքերին թելով կապած նախկին կոշիկի տակացուներ էին, մի քիչ քաշվելով` տեղ տվեց կրակի մոտ:
- Արի´, տաքացի´ր, Կամբալա´, Կամբալա´:
- Ի՞նչ, - մի կերպ ատամները ցրտից չխչխկացնելով` հարցրեց Լարիսան:
- Ոչի´նչ, ուշադրություն մի´ դարձրու: Նրա սովորությունն է: Նա էլ է նորերից, - ասաց քիչ տարեց մի կին ու մոխրոտ կարտոֆիլը մեկնեց Լարիսային:
- Կամբալա´, Կամբալա´, առնետներին չսպանե´ս: Է´ն խաչը վկա, նրանք մարդկանցից լավն են, մեզ նման են… Մենք մարդկային առնետներն ենք ու ապրում ենք առնետների օրենքով…
- Իսկ ի՞նչ է նշանակում Կամբալա:
- Չգիտեմ: Գեղեցիկ է հնչում, ականջ շոյող:
Մի պահ Լարիսային թվաց, թե այդ տղամարդը երիտասարդ է, ուղղակի մազածածկ ու անխնամ դեմքը ծերացնում են: Հետո շրջվեց մյուսներին նայելու ու մոռացավ նրան:
Աչքերով հաշվեց: Ութ հոգի էին՝ երեք կին և հինգ տղամարդ: Ինքն իներորդն էր:
Մտքում ապագա հոդվածի նախաբանն էր:
«Այստեղ մահանում են հաճախ և անսպասելի, բայց հիվանդանում են հազվադեպ, որովհետև դա նրանց համար համարվում է շքեղություն: Բնական է, որ այստեղ «Շտապ օգնություն» կանչելու մասին մտածելն անիմաստ է…»:
Չգիտես ինչու, զույգ-զույգ սկսեցին մի կերպ տեղավորվել կրակին մոտիկ:
Մնացին ինքը, Կամբալան ու մի տղամարդ, որը մոտեցավ` ընդհատելով մտքերը:
- Դու այսօրվանից իմը կլինես: Ես զույգ չունեմ: Գրկած կքնենք ու չենք մրսի: Կամբալան նոր մարդ է, նրան չի հասնում, իմ հերթն է:
Դեղին, կոտրված ատամները, կիսածածկ մարմինն ու վրայից եկող անտանելի միզահոտը զզվանք առաջացրին, ու դեմքը մի կերպ շրջելով` փորձեց ինչ-որ բան ասել…
- Ինձ չի կարելի, խնդրում եմ,- չհասցրեց վերջացնել, և տղամարդը, ձգելով մազերից, փորձեց քաշել դեպի իրեն:
Տղան, որին Կամբալա էին կոչում, վեր թռավ տեղից, ու սկսվեց մի տուրուդմփոց: Մարդկային առնետների պայքար էր` իր բաժինն առնելու, խժռելու:
Հաղթեց երիտասարդությունը: Կամ էլ` վեճ սկսած տղամարդը, կռվից տաքանալով, մի կերպ հետ քաշվեց:
- Դեռ ցո´ւյց կտամ ձեզ:
Կամբալան մոտեցավ, բռնեց ձեռքից ու քաշելով դեպի իրեն` պառկեցրեց կրակին մոտիկ` իր տեղում, իսկ ինքը տեղավորվեց նրա հետևում, ձեռքը գցեց ուսին ու ծանր շնչելով` վառեց արդեն` երևի երեք անգամ հանգցրած մի ծխախոտ:
«Ոչի´նչ, թող մնա ձեռքը, այսպես ավելի լավ է, քան…»:
Կարծես խաղաղվեց նկուղում:
Սակայն սկսվեցին ձայներ ու հոգոցներ լսվել, ասես մի խմբակային սեռական համերգ լիներ: Բայց Լարիսան առանց ուշադրություն դարձնելու սկսեց իր մտքերը դասավորել:
Քիչ հետո ջրի ձայն լսեց: Գլուխը շրջեց ու կիսամութի մեջ տեսավ, թե ինչպես է իր համար կռվող տղամարդը նկուղի անկյունում ընդամենը երեք մետր այն կողմ կանգնած միզում:
Հետո մոտեցավ նրան, մեկնեց մի կիսատ կեղտոտ գինու շիշ ու.
- Ազի´զ, ուզո՞ւմ ես խմես:
Լարիսան փակեց աչքերը: Սիրտը խառնում էր:
«Աստվա´ծ իմ, ինչքա՞ն կարող եմ դիմանալ այսպես: Ես էլ եմ զուգարան ուզում, բայց ինչպե՞ս, որտե՞ղ, մի՞թե հենց սրանց աչքի առաջ…»:
Մեջքի հետևից գլուխը բարձրացրեց Կամբալան, ու փորձ արեց վեր կենալ:
Գինու շիշը բերանը դրած՝ մարդը հեռացավ իր տեղը:
- Առնետների որջին բարի գիշե´ր, Կամբալա´, Կամբալա´: Վերջացրե´ք սեռական արշավանքները, իսկ, եթե հանկարծ գիշերը մեկն ու մեկը փորձի իմ կնկան մոտենալ, Կամբալա´, Կամբալա´, կմորթեմ առանց մտածելու:
Լարիսան շուռ եկավ դեպի նա ու շշուկով ասաց.
- Զուգարան եմ ուզում, որտե՞ղ…
- Արի´: Ժամանա՞կ գտար:
Վեր կացավ, բռնեց ձեռքն ու համարյա ուժով քաշեց դեպի կողքի կիսաքանդ սենյակը:
- Այստեղ կարող ես, Կամբալա´, Կամբալա´:
- Դու գնա´, ես ամաչում եմ:
- Երբ հեռանամ, մեկ է` ուրիշն է գալու նայի, արագացրո´ւ:
Երբ արդեն ճարահատյալ բարձրացրեց կիսաքրքրված շրջազգեստը, Կամբալան զարմանքով տեսավ ժանեկավոր գեղեցիկ նեքնազգեստը, որ հատուկ չէր այստեղ բնակվող կանանց:
Առանց ոչինչ ասելու շուռ եկավ ու սպասեց:
Երբ նորից պառկեցին կրակի մոտ` իրենց տեղը, Լարիսան զգաց նրա շունչը ծոծրակին:
«Ահավոր է, կամաց-կամաց սովորում եմ այս դրությանը, սարսափելի է»:
Մտքերը նորից գնացին հեռու` դեպի իր առջև դրված խնդիրը:
«……Հաճախ ինքս իմ մեջ սկսում եմ չբարկանալ ամենակարող Աստծո վրա, որ չի կարողացել ստեղծել կատարյալ աշխարհ ու համարյա ամեն մի արարածի համար սահմանել է որոշակի անիմաստ վիշտ ու անվերջանալի թվացող տանջանքներ: Բայց ինչպիսի ողորմությամբ է Նա կարողացել սփոփել այն մարդկանց, որոնք բարեգութ ճակատագրի մասին գաղափար իսկ չունեն…ապրում են առնետների կյանքով, առնետների օրենքներով»:
Հանկարծ զգաց, հասկացավ, որ տղամարդու ձեռքը շոյում է կուրծքը: Փորձ արեց ձեռքը հետ վանել, բայց ականջին շշուկ լսեց.
- Եթե ես չլինեմ, ապա նրանցից մեկն ու մեկին բաժին կհասնես: Մի՞թե դա ես ուզում:
Հետույքին զգաց տղամարդու պիրկ անդամն ու թուլացած բաց թողեց տղամարդու ձեռքը:
Շուռ եկավ: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի կարող անել ու լաց լինելով` փակեց աչքերը:
Տղամարդն արդեն բացել էր կուրծքը ու ևս մի անգամ զարմանքով նայում էր թանկարժեք կրծկալին:
Հետո գլխով մտավ կրծքերի արանքն ու ծածկեց մերկ, անուշահոտ մարմինը…
Դիմադրելն անօգուտ էր, սակայն փորձ արեց: Ոտքերը սեղմեց, շրթունքները փակեց, գլուխը շրջեց, բայց մի քանի վայրկյան հետո տեղի տվեց՝ մտածելով, որ եթե դիմադրի կարող են մնացածը հարձակվել իր վրա:
Ժանեկավոր ներքնազգեստը շպրտվեց մի կողմ…
Կյանքում մտքով չէր անցել, որ այսպես կարելի է թքել մարդկային արժանապատվության վրա: Տղամարդու վավաշոտ բերանը փսլինքախառը լորձով լղոզում էր կուրծքը, փորը…
Շարունակելով անձայն լաց լինել`զգաց, որ մի պահ տղամարդն անշարժացավ… «Բոմժը» թքում էր ոչ միայն հոգու, այլ նաև` մարմնի մեջ:
Գլուխը մի կերպ շրջեց` չկարողանալով պահել սրտխառնոցը:
«Մի՞թե այսպես հնարավոր է ապրել: Բայց ապրում են, չէ՞»:
«Ես վաղը կփախչեմ այստեղից անվերադարձ: Կարող եմ գրել այդ չարաբաստիկ հոդվածը: Կստանամ այն գումարը, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Գրողի ծո´ցը այս առնետների որջը: Ամբողջ մարմինս թաց է: Զզվում եմ ինձնից, իմ մարմնից, խմբագրից, այս մարդ կոչված առնետներից, կողքս կենսական պահանջմունքները վայրենաբարո բավարարված ասպետ կոչվածից, թյո´ւ…»
Ոտնաձայներ լսեց: Վախից անմիջապես շուռ եկավ ու թևերով գրկեց կողքը պառկած տղամարդուն:
* * *
… Վախ` կյանքի նկատմամբ, վախ` վաղվա օրվա նկատմամբ, վախ` մոխրագույն, անիմաստ, անապագա գոյության նկատմամբ: Ի՞նչ ունենք ամեն օր: Ո´չ դրամ, ո´չ աշխատանք, ընտանեկան բազմաթիվ խնդիրներ, քրեածին կենցաղ ամեն քայլափոխում, մարդիկ, որ թվում է` անհոգ ապրում են աղբակույտերում, քանդված շինությունների նկուղներում, սոված, անլվա, կիսահագնված` աղբամաններում հաց որոնում, բայց հույսով, որ կարող են արժանանալ Նրա մեծահոգի հովանուն ու նրա վերջին ողորմածությանը` ամեն ինչ վերափոխելու…
* * *
Երբ աչքերը բացեց, արդեն լուսացել էր: Մենակ էր նկուղում:
Կողքի կիսաքանդ սենյակից դուրս եկավ կանանցից մեկն ու նախկինում շրջազգեստ եղած փալասը վրան քաշելով` մոտեցավ:
Մի պահ Լարիսայի աչքին նա երևաց իր կորցրած ժանեկավոր ներքնազգեստով:
Ձեռքով շոշափեց կոնքերը: Մերկ էր:
- Պետք է գնալ հաց, մթերք, գինի հայթայթելու, թե չէ գիշերը կմնաս սոված, կրակի կողքը տեղ չես ունենա, ու քո այդ Կամբալան էլ չի կարող օգնել քեզ: Կմնաս դրսում: Այստեղ այդպես է ընդունված:
* * *
Խմբագիրը կարծես ուրախությամբ չընդունեց նրան:
- Ի՞նչ է, երկու օրում վերջացրի՞ր:
- Այո, ես ընդամենը մեկ գիշեր եմ մնացել այնտեղ: Մի ամբողջ օր մաքրվում էի այդ դժոխքից: Ո՞ւր ուղարկեցիք ինձ: Սա էլ` ձեռագիր նյութը: Բավականին լավ է ստացվել` իմ կարծիքով:
- Հասկանո՞ւմ ես, Լարիսա´, մեկ ժամ առաջ արդեն տպագրության ներկայացվել է այդպիսի հոդված: Հիմա հեղինակը կբերի ստորագրության:
Առանց դուռը թակելու ներս մտավ մի տղամարդ:
Լարիսային ուշադրություն չդարձնելով`խմբագրին մեկնեց թղթերի մի կապոց:
- Ահա´ «Առնետների որջը»`վերջնական տարբերակը, ստորագրե´ք խնդրեմ: Մնացածը, ինչպես պայմանավորվել ենք, Կամբալա´, Կամբալա´:
Այդպես էլ առանց նրա կողմը նայելու` դուրս եկավ սենյակից:
* * *
Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս, պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
… Շնորհակալությո´ւն քեզ, Տե´ր Աստված, ամբողջ Մարդկության անունից:
Իմ ծանրագույն խոնարհումը Քեզ այս անմոռանալի հոգատարության համար … որ կանք ու ապրում ենք հենց այսպես…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել