Ստիպած եմ նորից անդրադառնալ տուր-օպերատորների կողմից ֆեյսբուքում տարածվող անբարեխիղճ գովազդին: Քանի որ երևույթը լայն տարածում ունի, դրա համար էլ չեմ կենտրոնանում հատուկ մեկի վրա:
10 օր առաջ մի շատ շտապ, բում, թեժ առաջարկ պարունակող գովազդ էր պտտվում` 350 դոլարով (ուղղությունն էական չի) 5 աստղանի հյուրանոց, 12 օր ու գիշեր, թռիչքը` Վրաստանից, մնացել է ընդամենը 7 տեղ: Փորձեցի զանգել տվյալ գործակալություն, ասեցի, որ 2 ուղեգիր եմ ուզում ձեռք բերել: Ինձ ասացին, որ կա, և եթե մոտենամ կես ժամվա մեջ, ապա սիրահոժար կտրամադրեն: Գործակալություն այցելեցի ուղիղ 20 րոպե անց, անգամ ասեցի, որ ես եմ զանգահարել: Պարզվեց, որ այդ 7 ուղեգրերը երկու րոպե առաջ սպառվել են, բայց ինձ առաջարկեցին նույն պայմաններով ուղեգիր, ուղղակի 600 դոլարով: Բնականաբար, ևս մի անգամ համոզվելով տուր-օպերատորի՝ կեղծ գովազդով «կլիենտ» կպցնելու քաղաքականության վրա, վերադարձա տուն: Հաջորդ օրը ֆբ-ում կրկին հանդիպեցի հենց նույն գովազդին ու կրկին զանգահարեցի: Ինձ բառ առ բառ պատասխանեցին նույն տեքստով, ինչպես և մեկ օր առաջ: Սա համատարած զավեշտ է դարձել, որի պատճառով նախևառաջ տուժում են շարքային քաղաքացիները և ապա բարի համբավ ունեցող տուրիստական գործակալությունները:
Հարգելի քաղաքացիներ, բացելով փակագծերը՝ տեղեկացնեմ, որ եթե կա որևէ թեժ, բում առաջարկ, այսպես կոչված «վառված տուրեր»՝ անհամեմատ էժան գներով, ապա այդ ինֆորմացիային տիրապետում են բացառապես բոլոր ծանրակշիռ տուրիստական գործակալությունները: Ողջ այդ ինֆորմացիան կենտրոնացված է համընդհանուր ծրագրի մեջ, որը հասանելի է նրանցից յուրաքանչյուրին: Եթե դուք ցանկանում եք անհոգ հանգիստ անցկացնել, ապա առանց տարատեսակ գովազդներին խաբվելու մտեք որևէ լուրջ գործակալություն և ուղղակի հայտնեք, թե Ձեզ ինչ տիպի հանգիստ է հարկավոր: Կարծում եմ, որ այդ դեպքում Դուք և՛ լիարժեք տեղեկատվություն կստանաք, և՛ ապահովագրված կլինեք կեղծ գովազդների զոհը դառնալուց: