Wedding.am-ը գրում է.
Հայկական ծիսակատարության ժամանակ խնձորի հետ կապված 16 ծես կա: Ավելին` զույգի միավորումը սկսվում է խնձորից եւ ավարտվում խնձորով: Սակայն այդ ծիսակատարություններից առավել հայտնի է կարմիր խնձորի հետ կապված ավանդույթը: Այս մասին ասաց ազգագրագետ, գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին:
Մինչ ավանդույթի հետ կապված ներկա մոտեցումներին ծանոթացնելը նա ներկայացնեց նախկին մոտեցումներն ու պահանջները: «Առաջ, որ կույս չլինեին, հարսներին թարս նստեցրել են էշի վրա եւ ճանապարհել հոր տուն, որ բոլորի աչքի առաջ խայտառակ լինի: Իսկ հիմա կարողանում են համաձայնության գալ, քանի որ մարդիկ ավելի լայնախոհ ու ազատամիտ են դարձել»,- նկատեց Լուսիկ Ագուլեցին:
Հարցին, թե մինչեւ, երբ են այդ բարքերը մեզ մոտ գործել ավելացրեց. «Դա ես էլ եմ իմ աչքով Նախիջեւանում տեսել, որ էշի վրա աղջկան թարս նստեցնում, ուղարկում էին հոր տուն: Այն ժամանակ նման դեպքերում տատիկիս մոտ էին գալիս: Աղջկա մայրը լացելով եկավ, տատիկիս հավատացրեց, որ աղջիկը կույս է: Բերեցին տատիկս նայեց եւ պարզվեց, որ նրա կուսաթաղանթը խորն է: Մի դեպքում էլ կուսաթաղանթը ճարպակալած էր: Հետո Բաքվում էլ էին հաստատում նոր, այդ աղջիկներին փեսայի հարազատները հետ էին ընդունում: Բայց պետք է տեսնեիք, թե ինչ սկանդալ էր լինում այդ օրը: Կանայք պատառոտում էին իրենց երեսները: Ծեծում էին այդ աղջիկներին, որ ասեր, թե ո՞ւմ հետ է քնել: Բայց այդ աղջիկը ոչ ոքի հետ չէր քնել, որ անուններ տար»:
Լուսիկ Ագուլեցին նաեւ նշեց, որ առաջին գիշերվա համար զույգերի սենյակը հատուկ կանայք են ընտրվել, որ սենյակը պատրաստեն`ծաղիկներով, սպիտակեղենով, ինչի դիմաց նաեւ վարձատրվել են: Առաջին գիշերվանից հետո աղջկա կուսությունը ստուգելու համար եւս հատուկ կանայք են ընտրվել: Լուսիկ Ագուլեցու փոխանցմամբ, Ագուլիսում իր տատին էին ընտրում, որովհետեւ գիտեին, որ կարող է ուրիշ կանայք խաբեին: «Լինում էին դեպքեր, երբ հարսը աղջիկ չէր լինում, բայց կանայք դասավորում էին, աղավնու արյուն էին լցնում, որը շատ նման է կուսություն արյունին: Արյունը աղջիկը լցրել է տակը, էլ չեն կարողացել հաստատել, որ կույս չի: Դա հատուկ մասնագիտություն է անկողին պատրաստելը, զգալ աղջիկը կույս է, թե ոչ»,- մանրամասնեց տիկին Ագուլեցին եւ ավելացրեց, որ եթե իսկապես առաջին գիշերվանից հետո աղջիկը կույս չի եղել եւ փեսայի ընտանիքը նրան հետ չի ուղարկել` դաժան կյանքի է արժանացել: Նրան որպես աղախին են պահել, անընդհատ երեսով են տվել: Անգամ, երբ նրանց իրենց հոր տուն են ուղարկել` այնտեղ էլ են հալածվել, եթե, իհարկե ծնողները նրանց ընդունել են: Ի դեպ, ազգագրագետից հետաքրքրվեցինք, նաեւ, թե ինչո՞ւ է այդ ծիսակատարությունը ասոցացվում կարմիր խնձորի եւ ոչ թե մեկ այլ մրգի հետ, ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Խնձորը պտղաբերության, կյանքի սկզբի, Ադամի ու Եվային սիմվոլիկան է: Խնձորը համեղ է, եթերային, երկրագնդի նման կլոր: Իսկ աշխարհում համարվել է, որ զույգերի միավորումը տիեզերքն է կատարում: Հետո խնձորի հյութը սպիտակ գույն ունի, ինչը մաքրություն է խորհրդանշում: Օրինակ, նուռ էլ են տարել: Նուռն էլ իր հերթին տղայի խորհրդանիշն է, իսկ տղա երեխան հայ ընտանիքում արդեն առաջնակարգ է, որովհետեւ տղա երեխան է սերունդը շարունակում»:
Թեեւ այս խստաբարո ավանդույթը աստիճանաբար զիջում է իր դիրքերը, սակայն այն դեռ շարունակում է հայ հասարակությունում մեծամասնության համար պարտադիր պայման հանդիսանալ: Ինչի համար հայ աղջիկները նույնիսկ վիրահատական միջամտության են դիմում այն վերականգնելու համար: Կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը, թեեւ արտոնված չէ, սակայն գաղտնի հարցումները ՀՀ ծննդատներում ցույց տվեցին, որ ներքին կարգով կուսաթաղանթի վերականգման վիրահատություններ որոշ ծննդատններում իրականացվում է: Ավելին` նրանք հեռախոսային խոսակցության ընթացքում հաստատում էին, որ իրականացվում է, սակայն գնային եւ վիրահատության եղանակներին ծանոթացնելու համար հրավիրում էին իրենց մոտ` պատճառաբանելով, որ դա հեռախոսային խոսակցություն չէ: ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ կուսաթաղանթի վերականգման վիրահատությունը Հայաստանում արտոնված չէ: « էպիզոտիկ դեպքեր են լինում, երբ պատահական դիմում են մեր բուժհիմնարկ կամ գինեկոլոգին, անպայման, ուղարկում ենք դատաբժշկական փորձաքննության, որպեսզի այնտեղ ուսումնասիրվի, որովհետեւ բնական է, որ դա միշտ վեճերի հարց է լինում»,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ վիրահատական միջամտություններ, ըստ նրա կատարվում են այն դեպքում, եթե պատռվածք է եղել եւ վիրահատության կարիք կա, զուտ կուսաթաղանթի վերականգնում որպես կրիմինալ այդպիսի բան, ըստ նրա գոյություն չունի: «Դա համարվում է գաղտնի կուսաթաղանթի կրիմինալ եւ արտոնված չէ: Այլ բան է, որ նույն ամուսինները կամ հարաբերությունները չօրինականացարած զույգերը կենակցել են եւ արնահոսություն է առաջացել, ինչի արդյունքում, եթե կյանքին վտանգ է սպառնում բնական է, որ բժշկական օգնություն ցուցաբերվում է»,-ավելացրեց Ռազմիկ Աբրահամյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.wedding.am/karmir-xndor-avanduyt-ayl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել