Ինչո՞ւ է կյանքն անհետաքրքիր. ընկերներիս վեր եմ դասում ընտանիքիցս, սակայն նրանք չեն գնահատում, իսկ առանց նրանց չեմ կարող, ոչինչ եմ:
Կյանքը հետաքրքիր դարձնողները հենց մենք ենք, պետք է պարզապես կարողանալ նկատել շուրջն ու փորձել դրանից քաղել քո համար օգտակարը, հաճելին:
Մենք հաճախ դիմացիններին տալիս ենք այն, ինչի կարիքն իրենց չունեն, զոհաբերում ենք իրենց համար շատ բաներ ու հետո նեղանում, բայց իրականում ամեն ինչ մեզանից է կախված: Պետք չէ ոչ մեկի վեր դասել ընդհանրապես ու հաճախ դրանից ելնելով՝ մենք կարող ենք մարդկանց պարզապես խեղդել: Ամեն մարդ ունի իր վերցնելու չափը, ու երբ դու իրեն դրանից շատ ես տալիս, տվյալ մարդը խեղդվում է ու դիսկոմֆորտ է զգում: Պետք չէ արհեստականորեն փորձել մարդկանց գոհացնել, եղիր այնպիսին, ինչպիսին որ դու քեզ լավ ես զգում: Հաճախ մենք ինքներս ինչ-որ բան ենք տալիս մարդկանց առանց իրենց ուզելու ու հետո պահանջում ենք, որ գնահատեն: Բնական է, որ շատերը չեն գնահատի, որովհետև իրենք չեն խնդրել: Շփման մեջ ձեզ ազատ թողեք, մի փորձեք լավը երևալ, գնահատված լինել, անել ավելին, վեր դասել ընտանիքից: Առաջինը սովորեք ինքներդ ձեզ գնահատել, հետո մյուսները կգնահատեն: Խոսքս չի վերաբերում էգոիզմին, այլ պարզապես ձեր ես-ը վնասելով՝ մի օգնեք ուրիշներին, պարզապես ուրիշների գնահատանքին արժանանալու համար մի՛ արեք քայլեր, այլ արեք այն, ինչն իսկապես դուք եք ուզում ու մի սպասեք գնահատանքի ու շնորհակալության, արեք դա, որովհետև դուք եք ուզում: Մարդկանց վանում է այն, որ պարտավորեցնում են իրենց: Ու կարևոր է հասկանալ, թե ինչի կարիք ունի դիմացինը, ու թե ինչ ձևով կարելի է դա մատուցել:
Մարդիկ դիմացինին ընկալում են էնպիսին, ինչպիսին դիմացինն ինքն իրեն է ընկալում: Սիրեք ու գնահատեք ձեզ, սովորեք ինքներդ ձեր մասին հոգ տանել, գտեք ձեր հետաքրքրությունը, և դիմացինները մեխանիկորեն կգնահատեն ձեզ: Ընկերների կողքին եղեք, օգնեք, բայց դա արեք սիրով ու առանց սպասելիքների: Իսկ փոխադարձություն չստանալու դեպքում կարելի է խոսել ընկերների հետ և պարզաբանել, թե ինչն է պատճառը: Աշխատեք շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, որոնց հետ դուք ազատ եք, ստանում եք դրական էներգիա ու մի վախեցեք ընկերներ կորցնելուց: Ամեն մարդ չէ, որ կարող է համապատասխան լինել ձեզ, փորձեք հասկանալ ձեզ և ընտրել այնպիսի ընկերներ, որոնց հետ դուք ներդաշնակ կլինեք: