Լեգենդ, ում կողքին ապրում ենք, պատիվն ունենք նրա ժամանակակիցը լինելու: Armenpress.am-ը զրուցել է Սոս Սարգսյանի հետ, ծանոթացել նրա «Ոտնամաններս» փոքրիկ գրքի բովանդակությանը, ստեղծման պատմությանն ու Սոս Սարգսյան մարդու խոհերին: Սիրված դերասանը գրքում պատմել է Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների, հատկապես` անթերի ոտնամաններ ունենալու եւ ոտքերը չսառչելու երազանքի մասին: Մանկության հիշողությունները թղթին հանձնելու պահանջը հանկարծակի է առաջացել` հիվանդ ժամանակ: Սոս Սարգսյանը կիսվել է մանկության ու պատանեկության իր մի քանի հուշերով, որոնք այնքան խորիմաստ ու հուզիչ են: «Մանկական հուշերն անսպառ են, անվերջանալի: Ինչքան ասես, կարող ես վերհիշել: Երբ գրում էի, հասկացա, թե ինչ անսասան, անհաղթահարելի, վիթխարի ուժ է մանկությունը. մանկությունը հաղթահարել հնարավոր չէ: Մանկությունն ամեն իմաստով եւ հարուստ է, անվերջանալի է, եւ ինչքան էլ ծանր լինի, շատ քաղցր բան է: ...Շատ դժվար է իմ տարիքի մարդուն պատմել ջահելությանը մեր ապրելաձեւի, կենցաղի մասին: Ես երբեմն ապշում եմ` առանձնապես շատ տարիներ չեն անցել, բայց այսպիսի փոփոխություններ, նոր-նոր բաներ: Հիմա ո՞վ կհավատա, որ մարդը շաբաթներով կիսաքաղց է: Չգիտեմ՝ կա՞ այդպիսի մարդ, թե՞ ոչ: Այժմ մուրացկանություն են անում եւ փող են ուզում, ոչ հաց»: Դերասանը հիշում է, երբ 3-4 տարեկան էր, հայրն իրեն գրկել է, քուրքի մեջ դրել եւ տարել Ստեփանավանի ամբուլատորիա: «Ինչ-որ հիվանդ էի, չեմ հիշում արդեն, ցույց տվեց ինձ բժշկին, հետո մտավ խանութ, ինձ թողեց այդտեղ եւ ստիպեց, որ չշարժվեմ: Իսկ դրսում տղաները սղարան էին պատրաստել եւ սահում էին: Ես ինձ միանգամից դուրս գցեցի ու մասնակցեցի այդ խաղերին: Ես սղում էի գուլպաներով: Հետո հայրս շատ բարկացավ ինձ վրա: Նոր միայն հիշեցի, թե հայրս ինչու էր ինձ գրկել, նա գրկող տղամարդ չէր, դու մի ասա` կոշիկ չունեի»,- խոր կսկիծով հիշում է Սոս Սարգսյանը: Կոշիկ չունենալու հանգամանքը լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ մեծ արտիստի հոգեբանության վրա: «Ստեփանավանը շատ գեղեցիկ աղջիկներ ուներ, մանավանդ ամառը գալիս էին Երեւանից, Թբիլիսիից, գալիս էին ու լցվում: Այդ ժամանակ ֆիզիկական ցավին ավելանում էր նաեւ հոգեբանական հարվածը` կիսահագնված, կիսակոշիկ, կիսա-կիսա, ամեն ինչը մի կերպ հարմարեցրած էր: Ամոթ էր, եւ ես շատ-շատ էի հոգեպես ճնշվում»,- հիշում է նա: Այն հարցին, թե գիրքը երբ կհանձնվի ընթերցողի դատին, Սոս Սարգսյանը դժվարանում է պատասխանել. «Երբ Աստված կամենա, երբ առողջականը թույլ տա»: «Պարզվում է, որ մահանալն էլ դժվար գործ է, այդքան էլ հեշտ չէ»,- եզրափակում է նա:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հատվածներ «Ոտնամաններս» գրքից:

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա. ուտելիքի, հագնելիքի…տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը, ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ էր թափվում, թե իմ անձնական թշնամին է` դաժան, անխիղճ: Ուզում է ինձ աշխարհքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերս թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ, որ…

…Դպրոց չհասած, արդեն ոտներս ջրի մեջ ճպճպում էին: Դասարանում մարմնովս մեկ կպչում եմ բարձրաբոյ, սեւ ներկած թիթեղյա վառարանին` մեջքս չորացնում: Իսկ ոտներս… Հո չե՞մ կարող դասարանի առաջ բոբկանալ, թե ինչ է, ոտներս տաքացնում եմ: Մինչեւ դասերի վերջը մի քիչ ցամաքում էին, էն էլ իմ մարմնի, այսինքն` խեղճ ոտներիս հաշվին:

…Մինչեւ օրս չեմ մոռանում հորս խեղճացած, մեղավոր ձայնը: Չեմ մոռանում էդ բատինկաները… Չեմ մոռանում ու իմ էության մեջ մինչեւ հիմա ապրում է (զարմանք բան) ռսի ծնած աղջիկը… նրա կանաչակապույտ աչքերը, լուսնյակ դեմքը, հոլանի կռները, բուրմունքը… Չսպիացող վերք, ժամանակ առ ժամանակ ցավ է տալիս ու ես տնքում եմ: Չեմ մոռանում, ախր ո՞նց մոռանամ… հերթով հագած իմ ոտնամանները, իմ գրեթե միշտ թաց ոտները (ներեք ինձ, տանջված իմ ոտներ): Չեմ մոռանում Լոռվա երկինքը` վիհերը բացված: Չգիտեմ` բնական են մանկությանս, պատանեկությանս հուշերը, չգիտեմ: Կան ու վերջ, ոնց ուզում ես հասկացիր… Հիմա գրեցի` ի՞նչ եմ ուզում ասել սրանով…. ՈՉ ՄԻ ԲԱՆ…


Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել