Եթե ուզում ես հայկական շոու բիզնեսում առաջ գնալ, բայց չունես լավ ձայնային տվյալներ, ապա պետք է մի քանի կարևոր կանոն հիշես: Այնպես արա, որ տեսահոլովակդ հիշվող լինի և տպավորիչ: Ոմանք մերկանում են, ոմանք՝ համբուրվում, ոմանք պարում են և այլն: Կարևորն այն է, որ կարողանաս երկար մնալ հայկական շոու բիզնեսի մեծ ընտանիքում:  Եվ այսպես, ում բախտն ինչպես բերեց, ով ինչ քայլ արեց՝ հիշվելու և առաջ գնալու համար:

Տիկո

Թիվ 5 խմբի նախկին անդամ երգիչ Տիկոն իր անհատական կարիերան սկսեց «Սիրտ» երգով: Երևի նա որոշել էր միանգամից աչքի ընկնել, որովհետև չնայած երգը բարի ու դրական էր, բայց տեսահոլովակում առկա էին սիրային գեղեցիկ էլեմենտներ: Ռեժիսոր Կարեն Ստեփանյանի մտահղացմամբ էլ երգիչը համբուրվեց գլխավոր հերոսուհու հետ: Դրանից հետո սկսեցին խոսել, որ նրանք ընկեր-ընկերուհի են, ինչը շատ ավելի ուշ հերքեցին: Տիկոյի երգը սիրվեց, այն այդպես էլ մնաց նրա լավագույն երգերից մեկը, իսկ ինքը՝ Տիկոն, այսօր այլևս չկա երգարվեստում:  

Լիլու

Դեռ 2008 թվականին, երբ երգչուհի Լիլուն նոր-նոր էլ սկսում քայլեր անել հայկական շոու բիզնեսում, միանգամից ներկայացավ բաց, տպավորիչ և թաց տեսահոլովակով: Երգը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Թաց սեր», և կարելի է ասել՝ նրա համար շատ հեշտ ուղի հարթեց դեպի հայկական շոու բիզնես: Այդ փուլում բաց էին նաև երգչուհու ֆոտոշարքերը՝ համարձակ և գրավիչ: Վերջին շրջանում նա նկարահանեց «Գնա-գնա» տեսահոլովակը, ինչը կրկին նրա մասին խոսելու առիթ տվեց: 

Ռիփփի

«Ես այս քաղաքում առաջինն եմ», «Փայլող ակումբը» երգերով, պլաստիկ շարժումներով ու համարձակ կերպարներով հանդիսատեսին ներկայացավ թխամաշկ ու թխահեր Ռիփփին: Միջահասակ երգչուհին չափազանց սեքսուալ շարժումներ էր անում, ինչը, բնականաբար, չէր կարող անտարբեր թողնել շատերին: Նրա գլխավոր խաղաքարտը նրա կառուցվածքն էր: Տեսահոլովակներին հաջորդեցին բաց, սեքսուալ, գայթակղիչ ֆոտոշարքերը: Շատ միջոցառումներին էլ նրան սկսեցին հրավիրել հենց համարձակության համար: Եկավ մի փուլ, երբ Ռիփփին լռեց, բայց ոչ ոք չմոռացավ նրա տպավորիչ տեսահոլովակները:  

Լիլիթ Կարապետյան

90-ականների սեքս-սիմվոլի պիտակ ստացած այս երգչուհին արժանացավ այս կոչմանն իր «Տանգո» երգի շնորհիվ, որտեղ նկարահանվեց լոգարանային տեսարանում: Լիլիթ Կարապետյանը հայտնի էր նաև իր ձայնով, որն ավելի բարակ էր և հնչեղ: 90-ականները մնացին անցյալում, բայց Լիլիթը՝ ոչ: Կարելի է ասել, որ նրա վերադարձը ևս աղմկահարույց էր: Երբ նա ներկայացրեց իր «Ժամանակին» տեսահոլովակը, շատերը ժպիտով հիշեցին Լիլիթին, շատերն էլ կարծիք հայտնեցին, որ սեքսուալ շարժումներ անելու համար նա արդեն ծերացել է, որոշ մարդկանց էլ մեծապես ուրախացրեց նրա վերադարձը:

Լիլիթ Հովհաննիսյան

«Հայ սուպերսթարից» հայտնի դարձած, նախկինում ոչնչով աչքի չընկնող, ակնոց կրող, երկու նախադասություն իրար կապել չկարողացող երգչուհին գուցե հիմա մեծ վերելքների չհասներ, եթե չամուսնանար երգահան Վահրամ Պետրոսյանի հետ: Վահրամն էլ նրա համար ճանապարհ հարթեց, և չնայած նրանց ներկայացրած տեսահոլովակները սերիալի են նմանվում, իսկ գրած երգերն էլ անհասկանալի անվանումներով են, բայց այս դեպքում նրանք հասան իրենց նպատակին և ունեն երկրպագուների մեծ բանակ:

Միհրան Ծառուկյան

Այս երգիչը ևս «Հայ սուպերսթար» նախագծից էր, բայց նրա աստեղային ժամը եկավ, երբ նկարահանվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Երկրպագուները նրան առաջին անգամ էին տեսնում դերասանի կերպարում, իսկ Գոռի կերպարը միանգամից սիրվեց: Շատ աղջիկներ սերիալը նայում էին միայն Միհրանի համար և սպասում, թե երբ են կրկին տեսնելու նրան էկրաններին: Այդ փուլում նկարահանած նրա ցանկացած տեսահոլովակ մեծ արձագանք էր ստանում և միանգամից հայտնվում երաժշտական տասնյակների առաջատար հորիզոնականներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել