Քաղբանտարկյալները, անարդար վճռով բանտարկվածները, խաբված բաժնետերերը, բազմազավակ մայրերը, այս կամ այն ցուցարարը, նախագահի թեկնածուն հացադուլ են հայտարարել... Սա մեր ամենօրյա լրահոսից մի հատված է:
Չի անցնում մեկ ամիս էլ, որ մեր իրականության մեջ հացադուլի գոնե մեկ դեպք չգրանցվի: Իրականում հացադուլը սոցիալական և քաղաքական բողոքի ամենահայտնի ձևերից մեկն է: Սովորաբար հացադուլը համարվում է հուսահատության քայլ, երբ խաղաղ պայքարի մյուս բոլոր միջոցներն արդյունքի չեն հանգեցնում: Իսկ ահա վերաբերմունքը դրա նկատմամբ այնքան էլ միանշանակ չէ: Դժվար է ասել` հացադուլը պայքարի ձև է, թե՝ այն անող անձի PR-ը:
Ի՞նչ է հացադուլը
Հացադուլն ուտելիքից գիտակցաբար հրաժարվելն է, որով հացադուլավորը փորձում է շրջապատում տեղի ունեցող դեպքերի հանդեպ իր բողոքն արտահայտել և շրջապատողների մոտ մեղքի զգացում առաջացնել: Հացադուլը համարվում է պայքարի ոչ բռնի ձև (գոյություն ունեն նաև պայքարի բռնի ձևեր, օրինակ` փողոց փակելը):
Ըստ տեսակի՝ հացադուլը լինում է`
- սովորական հացադուլ - հրաժարում սնունդից
- չոր հացադուլ - հրաժարում սնունդից և ամեն տեսակ հեղուկներից
- մասնակի - հրաժարում սնունդի որոշ տեսակներից, օրինակ՝ հացադուլավորը կարող է հրաժարվել հացից և ջրից, բայց ուտել մրգեր: Սա հացադուլի ամենամեղմ տեսակն է և հաճախ չի կիրառվում։
Պատմական ակնարկ
Հացադուլի պատմութունը հին արմատներ ունի, սակայն հայտնի չէ, թե առաջին անգամ այն որտեղ է կիրառվել: Օրինակ՝ նախաքրիստոնեական Իռլանդիայում հացադուլն անարդարության դեմ պայքարի շատ տարածված միջոց էր: Բողոքող անձը հաճախ հացադուլ էր անում անարդարություն թույլ տվածի տան մոտ: Եթե վերջինս թույլ էր տալիս, որ հացադուլ անողը մահանա, ապա դա հասարակությունում պարսավանքի էր արժանանում ու անպատվություն էր համարվում: Հնդկական աղբյուրներում հացադուլի մասին հիշատակումներ կան, որոնք վերաբերում են մ.թ.ա. 7-5-րդ դարերին:
Պատմությունից մեզ հայտնի են միայն ամենից երկար տևած հացադուլները:
Չարլզ Հայդեր, 1986 թ., ԱՄՆ -218 օր
Հայդերը պահանջում էր սպառազինության մրցավազքի դադարեցում և ԱՄՆ-ի` միջուկային զենքից հրաժարում:
Անդրեյ Սախարով, 1985 թ., ԽՍՀՄ - 178 օր
Սախարովը պահանջում է Ելենա Բոններին սրտի վիրահատության համար արտասահման մեկնելու թույլտվություն տալ: Նրա պահանջները չբավարարվեցին:
Հիլերմո Ֆիլինյաս, 2010 թ., Կուբա - 134 օր
Պահանջում էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Պահանջը սկիզբ էր առել քաղբանտարկյալներից մեկի մահից հետո: Հասավ իր պահանջների բավարարմանը:
Անատոլի Մարչենկո, 1986 թ., ԽՍՀՄ - 117 օր
Անատոլին պահանջում էր ազատ արձակել ԽՍՀՄ-ում բոլոր քաղբանտարկյալներին: Հասավ իր նպատակին:
Օրլանդո Սապատա Տամայո, 2009 թ., Կուբա - 85 օր
Բողոքում էր թիկնապահների կողմից կիրառվող բռնության դեմ: Պահանջները չբավարարվեցին, իսկ նա մահացավ հյուծվածության արդյունքում:
Ակբար Գանջի, 2005 թ., Իրան - 80 օր
Պահանջում էր իրեն ազատ արձակել: Նրան դատապարտել էին ազատազրկման՝ իրանցի չինովնիկների մասին հոդվածների շարքի համար: Հասավ իր նպատակին:
Բոբբի Սենդս, 1981 թ., Հյուսիսային Իռլանդիա - 66 օր
Պահանջում էր Հյուսիսային Իռլանդիայում կոնֆլիկտի մեղավոր դատապարտյալներին հատուկ կարգավիճակ շնորհել: Մահացավ հյուծվածությունից:
Մահաթմա Գանդի, 1948 թ., Հնդկաստան -6 օր
Պահանջում էր դադարեցնել կրոնական ապստամբությունները Հնդկաստանում: Հասավ իր նպատակին:
Հացադուլը՝ որպես բողոքի ձև Հայաստանում
Հայաստանում ևս բազմաթիվ են հացադուլը որպես բողոքի ձև օգտագործելու դեպքերը: Արցախյան շարժման ժամանակ հացադուլ էր սկսել Խաչիկ Ստամբոլցյանը՝ պահանջելով փակել «Նաիրիտ» գործարանը: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո բանտում հացադուլ են արել մի շարք նախկին քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Պետրոս Մակեյանը, Ռոման Մնացականյանը, Շանթ Հարությունյանը և ուրիշներ:
2013 թվականի նախագահական ընտրություններին հացադուլ արեցին միանգամից մի քանի թեկնածուներ: «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով ԳԱԱ շենքի մոտ հացադուլի նստեց Անդրիաս Ղուկասյանը:
ԿԸՀ դիմաց 1 օրով հացադուլ արեց թեկնածու Արամ Հարությունյանը:
Նույն թվականին հացադուլ հայտարարեց նաև Պարույր Հայրիկյանը: Հացադուլը տևեց 3 ժամ: Սա Հայաստանի պատմության մեջ ամենակարճատև հացադուլն էր:
Հայ հայտնի հացադուլավոր է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հացադուլ է հայտարարել մի քանի անգամ: Նրա հացադուլները միշտ համընկնում էին Մեծ պահքի շրջանին, և գուցե դա էր պատճառը, որ հասարակությունը և իշխանությունները նրա հացադուլին լուրջ չէին վերաբերվում:
Երեկ էլ իր հացադուլի մասին է հայտարարել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա պահանջում է, որ «այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»:
Հիշեցնեմ, որ Դավիթը հացադուլ էր հայտարարել նաև անցյալ տարի ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև՝ պահանջելով Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտումը ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձը։
Հացադուլը՝ որպես պայքարի ձև, իր մեջ պայքարի ուղղությունը գլոբալ խնդրից դեպի անձ շեղելու վտանգ է պարունակում: Հասարակության ուշադրությունը սևեռվում է դեպի հացադուլավորի առողջական խնդիրները, և բուն պայքարը երկրորդ պլան է մղվում: Այնպես որ, հացադուլի միջոցով հերոսանալուց առաջ լավ մտածեք: