Մի քանի տարի առաջ մենք ծայրահեղ քաղաքականացված էինք: Եթե հիշում եք, ցանկացած հավաքույթ կամ մտերիմի հետ հանդիպում վերածվում էր քաղաքական դեբատի: Մենք բոլորս քաղաքագետ էինք, և յուրաքանչյուրս՝ ճիշտ յուրովի: Քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացումը և քաղաքական ուժերի բազմակի ձախողումները ոչ միայն հիասթափեցրին հասարակությանը, այլև ուղղակի խաչ քաշեցին քաղաքական ճաշակների վրա: Այս պահին հասարակությունը քաղաքական ուժերին դիտարկում է որպես մի թիմում խաղացողների, ու ցավալին այն է, որ այդ թիմը միշտ խաղում է ժողովրդի դեմ:
Ժամանակի ընթացքում հասարակության այն հատվածը, որը կարողանում էր քչից-շատից ապրել, կանգնեց հետզհետե անլուծելի դարձող հացի խնդրի առաջ: Բաղրամյանում տեղի ունեցածը սոցիալական ընդվզման պոռթկում էր: Հասկանալի է, որ այսօր 7 դրամից ավելի լուրջ ու վտանգավոր դրսևորումներ կան, և որ հոսանքի սակագինն իշխանության ամենամեծ մեղքը չի, բայց սա արդեն սթափեցնող ազդակ էր՝ ժողովրդի կողմից ուղարկված: Ինչ տիպի բողոքի դրսևորման կվերածվի այս շարժումը, դեռ վաղ է ասել, բայց որ ժողովրդի համբերության բաժակում ինչ-որ բան կատարվում է` արդեն ակնհայտ է:
Ինչևէ, հասարակության այն հատվածին, ի դեպ` գերակշռող, որոնք տանը նստած մտածում էին, որ մի քանի հազար երիտասարդ պետք է լուծեր համընդհանուր խնդիրը, պետք է տեղեկացնել, որ չնայած այս պահին այլընտրանքային լուծում գտնվել է, բայց հոսանքի գինն օգոստոսի 1-ից թանկանում է 6.93 դրամով: Նույն տեղեկատվությունը պիտի հայտնել նաև հասարակության այն հատվածին, որը վերջին օրերի ընթացքում ոչ թե կենտրոնացել էր բուն խնդրի վրա, այլ թե ով ում հետ պարեց, ով սելֆի արեց, ով ում որտեղից քաշեց, ով ում ուղարկած սադրիչն ա ու նմանատիպ հույժ կարևոր մանրամասների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել