Իսկ ո՞վ կպատկերացներ մի քանի տարի առաջ, ասենք՝ 2009-ին, որ ՀԱԿ-ը մի քանի տարի անց համագործակցելու է ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն դառնալու է ոչ իշխանություն՝ իր հետ նույն գույնով ներկելով ՀԱԿ-ին, Դաշնակցությանը և Ժառանգությանը:
Հետո ԲՀԿ-ն, ում առաջնորդին ՀԱԿ-ից էլ չհիշեցնեմ՝ ինչեր էին ասում, դառնալու է թունդ ընդդիմություն, երկրի ամենհարուստ մարդկանցից մեկը՝ Ծառուկյանը, պայքարելու է սոցիալական արդարության, մանր և միջին բիզնեսի ու ընչազուրկների իրավունքների պաշտպանության համար և դուրս է գալու իրեն ծնած, սնած համակարգի՝ իշխանության դեմ:
Հետո նա քաղաքական մենամարտի է դուրս գալու նախագահի հետ, պարտվելու ու հեռանալու է քաղաքական դաշտից:
Հետո, դեռ երեկ ուսանող և այսօր արդեն քաղաքացիական ակտիվիստները դրոշը վերցնելու են իրենց ձեռքը: Ծնվելու են վաղինակշուշանյաններ ու մաքսիմներ, ովքեր դուրս են գալու փողոց, մնալու են այնտեղ մեկ շաբաթ, ստիպելու են իշխանությանն անել մի բան, որը չէր անի դա, եթե անգամ ողջ, այսպես ասած կլասիկ ընդդիմությունը լարեր իր բոլոր ռեսուրսները:
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Քաղաքական և քաղաքացիական էվոլյուցիան այնքան արագ է ընթանում, որ հեղափոխական տեմպ է հիշեցնում: Եվ այս ամենը՝ մի քանի տարում: Եթե այս ամենը պատմեինք, ասենք, թունդ ընդդիմադիրներից մեկին «հեռավոր» 2009-ին, ահագին կծիծաղեր ու կասեր. «Գժվե՞լ ես, արա...»։ Դեռ ինչեր ենք տեսնելու...