Իմ խորհուրդը ձեզ՝ ամուսնացե՛ք. եթե լավ կին գտնեք, կերջանկանաք, իսկ հակառակ դեպքում՝ կդառնաք փիլիսոփա...
*  *  *
   Ամենքին հայտնի է Սոկրատեսի «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» ասույթը, սակայն Պլատոնի վկայությամբ՝ Սոկրատեսը սիրում էր ասել, որ, այնուամենայնիվ, մի բանում ինքը վարպետ է՝ էրոտիկայում՝ սիրո արվեստում: Ընդսմին սիրո հարցերում Սոկրատեսն իր ուսուցիչն էր համարում Սաֆֆոյին...
*  *  *
   Ընկերների հետ երկար փիլիսոփայական զրույցից հետո երեկոյան Սոկրատեսը վերադառնում է տուն, ուր կինը՝ Քսանտիպան, դիմավորում է նրան անեծքներով եւ գոռում-գոչյունով, իսկ այնուհետեւ՝ մեկ դույլ ջուր է շփում փիլիսոփայի վրա: Սոկրատեսը հանգիստ է արձագանքում.
- Բնական է... Որոտին անձրեւ է հաջորդում...
*  *  *
   Մի օր Սոկրատեսին հյուր եկավ ընկերներից մեկն ու ասաց.
- Ես ուզում եմ քեզ մի բան պատմել մեր ընդհանուր ծանոթներից մեկի մասին:
- Սպասիր մի պահ,- ասաց Սոկրատեսը: - Նախքան պատմելդ հարկ է, որ քո մտքերը եռակի զտում անցնեն: Ասա ինձ, դու լիովին վստա՞հ ես, որ այն, ինչ պատրաստվում ես ասել, ճշմարտություն է:
- Ոչ,- պատասխանեց մարդը,- ես դա լսել եմ ուրիշներից:
- Այսինքն՝ վստահ չես լսածիդ ճշմարտացիության մեջ... Երկրորդ՝ այն, ինչ պատրաստվում ես ինձ հաղորդել, բարիք պարունակո՞ւմ է իր մեջ:
- Հակառակը, վատ լուր է,- պատասխանեց ծանոթը:
- Եվ երրորդ՝ ես անձնապես կարո՞ղ եմ օգուտ քաղել քո պատմածից,- հարցնում է Սոկրատեսը:
- Կարծում եմ, որ ոչ:
- Ուրեմն, բարի մարդ, եթե դու ինձ պատրաստվում ես պատմել մի բան, որը սուտ է, չարիք եւ անօգուտ, ապա ես կարիք չունեմ հաղորդ լինելու քո լսածին...
Սոկրատեսն այդպես էլ չիմացավ, որ իր կին Քսանտիպան դավաճանում էր իրեն լավագույն ընկերոջ հետ...
*  *  *
   Անցորդը հարցնում է Սոկրատեսին.
- Քանի՞ ժամվա ճանապարհ է մնում մինչեւ քաղաք հասնելը:
- Ճամփադ շարունակիր,- նետում է փիլիսոփան...
Շվարած անցորդը շարունակում է իր ճամփան: Քսան քայլ փոխելուց հետո Սոկրատեսը ձայնում է մարդու ետեւից.
- Երկու ժամ:
- Ինչո՞ւ անմիջապես չասացիր,- զարմացավ անցորդը:
- Իսկ ես ի՞նչ իմանայի, թե դու ինչ արագությամբ ես քայլելու,- ասում է Սոկրատեսը...
*  *  *
   Երբ Սոկրատեսն ընթերցեց Հերակլիտեսի երկը, ասաց.
- Այն, ինչ ես հասկացա, սքանչելի էր, իսկ այն, ինչ հասկանալ չկարողացա, պետք է, որ նույնպես սքանչելի լինի...
*  *  *
   Տեսնելով, որ Սոկրատեսը արմտիքով է սնվում, ծանոթներից մեկն ասաց նրան.
- Եթե ծառայեիր մեր տիրակալին, ստիպված չէիր լինի արմատներով սնվել:
- Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, ստիպված չէիր լինի ծառայել նման տիրակալի,- պատասխանում է Սոկրատեսը...
*  *  *
 Աշակերտներից մեկը հարցրեց Սոկրատեսին, թե ինչո՞ւ երբեք տխրության նշույլ անգամ չի հայտնվում նրա դեմքին: Սոկրատեսը պատասխանում է.
- Ես չունեմ այնպիսի մի բան, որը կորցնելով տխրություն ապրեի...
*  *  *
 Ահա թե ինչ կարծիքի էր Սոկրատեսը ուտելիքի մասին... Երբ անցնում էր շուկայի լի վաճառասեղանների կողքով, զարմացած ասում էր. «Ինչքա՜ն իրեր կան աշխարհում՝ առանց որոնց կարելի է ապրել»... Սոկրատեսը համոզված էր, որ ուտելիքն ախորժելի է այն ժամանակ, երբ չես սպասում երկրորդ ուտեստին...
*  *  *
   Ինչպես գիտեք, Սոկրատեսին մահապատժի դատապարտեցին աստվածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ երիտասարդների բարքերն այլասերելու մեղադրանքով: Պարզվում է, որ այս զրպարտանքի առիթ է հանդիսացել Արիստոփանեսի «Ամպեր» կատակերգությունը, որտեղ Սոկրատեսը հանդիսատեսին ներկայանում էր Զեւսի գոյությունը հերքող սոփեստի կերպարանքով: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառ դարձավ հակառակորդների ծաղրը...
*  *  *
   Մահվան վճռի կայացումից հետո Սոկրատեսն իր վերջին խոսքում դիմում է համաքաղաքացիներին.
- Դե ինչ, ես հեռանում եմ մահանալու համար, իսկ դուք մնում եք՝ ապրելու: Մարդուս հայտնի չէ, թե ո՞րն է այս երկու դերերից ավելի շահեկան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել