Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի պարտքն է հաճախել եկեղեցի, հատկապես կիրակի և հինգ Տաղավար տոներին մասնակցելու Սբ. Պատարագի արարողությանը: Եկեղեցին աղոթքի տուն է և կարևոր է համապատասխան կանոնների պահպանումը.

1. Եկեղեցի մտնելիս պետք է խաչակնքվել:
2. Եկեղեցի մտնելիս պետք է լինել մարմնապես ու հոգեպես մաքուր, սթափ մտքով:
3. Եկեղեցի պետք է մտնել պատշաճ և վայելուչ հագուստով (սպորտային հագուստով, կամ կիսավարտիքով, կամ կիսաբաց հագուստով չի կարելի մտնել եկեղեցի):
4. Տղամարդիկ եկեղեցի պետք է մտնեն գլխաբաց, կանայք՝ գլուխները գլխաշորով ծածկած:
5. Արգելվում է հարբած վիճակում եկեղեցի մտնել:
6. Արգելվում է զենքով եկեղեցի մտնել:
7. Եկեղեցի պետք է մտնել անաղմուկ, զգույշ քայլերով:
8. Եկեղեցում պետք է պահպանել կատարյալ լռություն, բարձրաձայն չաղոթել, չզրուցել:
9. Անջատել բջջային հեռախոսները:
10. Սուրբ Խորանի, Սուրբ Ավազանի և սրբապատկերների առջև մեջքով չկանգնել, կանգնել միշտ դեպի արևելք՝ հայացքը ուղղած դեպի Սուրբ Խորանը:
11. Եկեղեցում ձեռքերը գրպանը չդնել:
12. Ծեսի ընթացքում քահանայի աղոթքի, Սուրբ Ավետարանի ընթերցման և հավատամքի ժամանակ պետք է ոտքի կանգնել:
13. Սուրբ Խաչը կամ Սուրբ Ավետարանը համբուրելուց առաջ պետք է ասել ՙՄեղայ Աստուծոյ՚ և խաչակնքվել:
14. Եկեղեցուց դուրս գալիս շրջվել դեպի Սուրբ Խորանը, խոնարհվել և խաչակնքվել:
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է՝
1. Մկրտված (կնքված) լինել:
2. Պահքով, ինքնաքննությամբ, խոկումով ու աղոթքով պատրաստվել, իսկ վերջին օրը ծոմ պահել:
3. Հոգևորականին խոստովանել մեղքերը և արձակում ստանալուց հետո միայն մոտենալ Սուրբ Հաղորդությանը:

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՈՂՋՈՒՆԵԼ ԸՍՏ ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ՝

Կաթողիկոսին՝ Աստված օգնական, Վեհափառ Տեր:
Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, Սրբազան Հայր:
Վարդապետին և աբեղային՝ Աստված օգնական, Հայր Սուրբ:
Քահանային՝ Օրհնեցեք, Տեր Հայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել