25-ամյա Մարիամն արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսնալուծված է և միայն վերջերս է մտերիմներին խոստովանել իր ապահարզանի բուն պատճառը: Մարիամի ամուսնու հայրն աղջկան մեղադրել է արատավոր անցյալի մեջ, քանի որ ինքն անձամբ չի տեսել հարսի անմեղության «վկայագիրը» (զույգերը սեռական կապի մեջ են մտել մինչ օրինական դաշինքը): Մարիամն ասում է, որ բնածին անդամալույծ իր որդուն հիմա ստիպված է ամուսնուց հեռու և միայնակ մեծացնել:

«Ամեն մեկը սպասում է իր կյանքի ասպետին: Հայ աղջիկը միշտ համեստության խորհրդանիշ է եղել, հայ կնոջ համար կուսության պահպանումը սրբություն է: Ես համոզված եմ, որ այսօր էլ շատ ընտանիքներում դրա բացակայության դեպքում հարսին չեն ընդունի կամ էլ հետագայում լուրջ խնդիրներ կառաջանան: Կուսությունն ընտանիքի պահպանման հիմքը պետք է լինի: Երբ որ իմ աղջկա կարմիր խնձորը բերեցին, մենք խնամիներով իրար աչքալուսանք արեցինք, թեպետ հեռախոսով արդեն շնորհավորել էինք միմյանց, որովհետև մաքուր, անբիծ աղջիկ էինք պահել»,- ասում է 45 տարեկան երևանաբնակ Սերինե Սարգսյանը: Իսկ ահա 30-ամյա քաղծառայող Մհերը, որը դեռևս չի գտել իր երկրորդ կեսին, կարծում է, որ «կարմիր» խնձորի սովորույթը բարբարոսներին հատուկ ծիսակատարություն է, և ինքը կին ընտրելիս դրան որևէ նշանակություն չի տալու: «Նախապայմանը զգացմունքը պետք է լինի, այլ ոչ թե կուսությունը»,- համոզված է հայ երիտասարդը:

«Մի քանի տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Սոցիալական, առողջապահության և բնապահպանության հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը ևս խրախուսեց կարմիր խնձորի ավանդույթը»,- գրում է 168.am-ը: 

«Ես պառլամենտում պաշտպանեցի կուսության ինստիտուտը, որովհետև ընտանիքի պլանավորման հասարակական կազմակերպություններն ամբողջ աշխարհով տարածվել էին, և Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում, ակտիվ պրոպագանդում էին հակաբեղմնավորիչների ու դպրոցականների սեռական դաստիարակության հարցեր: 
Ըստ սեքսապաթոլոգների, երբ պատանին վաղ է սկսում սեռական հարաբերությունը, շուտ հագենում և սկսում է հետաքրքրվել այլասերված կյանքով: Առաջավոր Եվրոպայում, որտեղ մոռացված է կուսության ինստիտուտը, շատ ավելի մեծ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, միասեռների, սեռավարակների և այլ պաթոլոգիական շեղումների վտանգը: Ընդհանրապես, խոսքն ընտանեկան դաստիարակության և ազգային բարի ավանդույթների պաշտպանության մասին էր: Ես իմ ելույթում ասացի, որ պետք չէ դպրոցներում պահպանիչներ բաժանել, քանի որ մեր աղջիկների և պատանիների համար լավագույն պահպանիչները մեր ազգային ավանդույթներն են, օրինակ, կարմիր խնձորի ավանդույթը: Սակայն բարոյական տեսանկյունից կուսության ինստիտուտը շատ դժբախտությունների առիթ է հանդիսացել, բոլորովին պետք չէ ամեն ինչ տաֆտոլոգիայի հասցնել: Դժբախտություն է, երբ երիտասարդ ընտանիքը միայն դրա համար քայքայվում է»,- իր հայտնի ելույթից արդեն մոտ 5 տարի անց նման եզրակացության է հանգում Գ. Թադևոսյանը: 

Այսօր շատ աղջիկներ, սպասելով իրենց «սպիտակ ձիավորին», դառնում են 30 տարեկան, հատում 40-ի սահմանը, սակայն բաղձալի ասպետն այդպես էլ չի հայտնվում: Ու այդ կանայք ծերանում են առանց մայրանալու և անձնական երջանկության բերկրանքը վայելելու: Տարիներ առաջ մթերային խանութում պատկառելի տարիքի մի մարդ վաճառողուհուն բարձրաձայն գանգատվում էր, թե իր աղջիկը տանն է մնացել, քանի որ նրա հասակակից տղաները կամ զոհվել են Արցախում, կամ էլ փախել են Հայաստանից: Այդ ժամանակ նույնիսկ անհավասար բաշխում էին կատարում` յուրաքանչյուր տղային բաժին հանելով 7-12 աղջիկ: 

Ըստ վիճակագիրների՝ մեր երկրում վերարտադրողական տարիքը համարվում է 15-49-ը (որոշ երկրներում 15-44-ն է), իսկ բժիշկ-մասնագետների պնդմամբ՝ կանանց համար առավել նպաստավոր ծնունակ տարիքը 18-32-ն է: 

«Հանուն ընտանիքի և առողջության» համահայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Մերի Խաչիկյանի կարծիքով՝ կարմիր խնձորի ավանդույթը խտրականության հիմքի վրա է ձևավորված, որովհետև այն, ինչ թույլատրվում է տղաներին, արգելված է աղջիկներին: «Հետամնաց մարդիկ կարծում են, թե մենք գտնվում ենք միջին դարերում: Պատանին ազատ է տնօրինելու իր սեռական կյանքը, որը նաև ամրագրված է 2002-ին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի դեռահասների վերարտադրողական առողջության պահպանմանը նվիրված հոդվածում: Իրականում կարմիր խնձորի ավանդույթն արհեստական բնույթ է կրում: Որովհետև երիտասարդ աղջիկները երբեմն խաբում են այդ ավանդույթին գերի ընտանիքներին: Մինչամուսնական սեռական կապերի դիմած աղջիկները հաճախ նաև ամուսնալուծվում են կամ էլ երբևէ չեն հանդգնում ամուսնանալ: Եթե աղջիկը սիրահարվելով սեռական կապի մեջ է մտել և չի ամուսնացել այդ տղայի հետ, ուրեմն դա ճակատագրական չպետք է լինի նրա համար: Իհարկե, որքան հնարավոր է, պետք է քիչ սեռական կապեր ունենալ: Իսկ անցանկալի և ընդհատված հղիությունները բխում են միայն դեռահասների անտեղյակությունից: Սեռական դաստիարակությունը պետք է սկսել ընտանիքից և դպրոցներից»,- հավաստիացնում է Մ. Խաչիկյանը: 

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, Եվրոպային ենք ինտեգրվում, սակայն հայ աղջիկները թաքուն բժիշկների մոտ հերթեր են առաջացնում, «շրջանառվող» սովորության համաձայն, չակերտավոր բարոյական երևալու համար: Բժիշկները նրանց բոլորին դեմքով շատ լավ ճանաչում են, ինչը ծիծաղի տեղիք է տալիս: Սակայն Եվրոկոնվենցիայի 8-րդ, ՀՀ քաղօրենսգրքի 19-րդ հոդվածներով ամրագրված է անձի պատվի և արժանապատվության անձեռնմխելիությունը»,- ասում է երիտասարդ կին-իրավաբանը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ապագա ամուսնուն և նրա ընտանիքին կույս ներկայանալու հիմնական տարբերակը վիրահատական միջամտությամբ է իրականացվում, ինչը քրեորեն դատապարտելի է, քանի որ կլինիկաների հիվանդությունների անվանացանկում ընդգրկված չէ նման անվանակարգ, բնականաբար` կատարվում է առանց բժշկական եզրակացությունների:  

Գինեկոլոգը երկու խորհուրդ հղեց. նախ՝ վիրահատությունը պետք է կազմակերպել միայն ամուսնությունից 2-3 օր առաջ, և կուսաթաղանթի վերականգնման համար ընտրել «ներծծվող» բժշկական պարագաներ, որպեսզի «չվառվեք»: «Գները բոլոր տեղերում նույնն են, իսկ ստացիոնարում ավելի թանկ է, կարող եք գնալ և տեղում համոզվել: Վերջին երկու տարում ընդամենը 3 վիրահատություն եմ կատարել, հիմա դրան այդքան էլ ուշադրություն չեն դարձնում»,- հավելեց գինեկոլոգը: Հիվանդանոցային պայմաններում կանացի «անմեղության» վերականգնման գները հստակեցնելիս մերժողական պատասխան ստացանք, սակայն մի բան բացահայտեցինք, որ սեռական օրգանների պլաստիկ վերականգնումն օրենքով թույլատրելի է արտասահմանյան որոշ երկրներում, որոնց նպատակը բնավ կուսության ապահովագրումը չէ, այլ օրգանի անոմալիաների շտկումը: «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության» կենտրոնի բաժանմունքի վարիչ Մելս Ավագյանի դիտարկմամբ՝ մեր մենթալիտետը դեռևս թույլ չի տալիս արտամուսնական կապերով երեխաների ծնունդը: Եվ անցանկալի հղիությունից ազատվելու համար աղջիկները դիմում են աբորտի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց համար: Կարմիր խնձորի ավանդույթի պահպանման վերաբերյալ բժիշկ-գինեկոլոգը նշեց. «Դա շատ լուրջ պրոբլեմ է: Երկար ժամանակ սեռական կյանքով չապրելն առաջացնում է նևրոզներ, էնդոկրին համակարգի խախտումներ: Եթե անհատը հասել է ինքնագիտակցման, ապա, հաղթահարելով շրջապատի հոգեբանական արգելքը, կարող է իր կյանքն ազատ տնօրինել: Սակայն ոչ բոլորն են դա կարող անել, որովհետև մենք հասարակությունից կախված ասիական ժողովուրդ ենք»: 

 

«Կարմիր խնձորի» պատմությունը

Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի՝ կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է և առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ, այն տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի և գույնի ընտրությանը, ապա, ըստ ազգագրագետի, հեթանոսական և հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ: Ըստ որոշ ուսումնասիրողների՝ կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: «Հիմա կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի. խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաև տղամարդիկ են մասնակցում: Այսինքն` ծեսի բովանդակությունը և մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է` համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին և պատկերացումներին»,- նշում է ազգագրագետը: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում և արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել