Մաս 1
Այս ո՞ւր եմ ընկել: Այստեղ այնքան մութ է: Ոչինչ չեմ տեսնում: Կարծես անծայրածիր խավարի մեջ եմ: Այն ի՞նչ լույս է հեռվում առկայծում: Չեմ կարող մոտենալ, ես չգիտեմ, թե որտեղ եմ կանգնած, միայն զգում եմ, որ ոտքերս ինչ-որ մակերևույթի վրա են: Բայց այնքան եմ ուզում մոտենալ այն լույսին, նա միակն է այս խավարում: Վա՜յ, երկրոդն էլ: Նրանք սկսում են ավելանալ, բայց այնքան մանր են: Օդո՞ւմ են, թե՞ հեռվում. չեմ հասկանում: Այժմ ես մենակ չեմ, ինձ հետ են այդ լույսերը: Փորձում եմ հասկանալ իրադրությունը, բայց՝ ապարդյուն: Ա՜խ: Այս ի՞նչ լույս է: Աչքերս ցավում են: Օ՜, ո՜չ, հիմա էլ շուրջս այնքան լուսավոր է, որ կարծես սպիտակ «տիեզերքում» լինեմ: Շրջվում եմ այդ լույսին հակառակ: Իմ առջև արդեն կան պատկերներ. ինչ-որ հեռավոր մարմիններ են, ես նրանց չեմ կարող հասնել, նրանցից որոշները փայլում են լուսատտիկի նման, իսկ որոշներն էլ լուսավորվում են այն լույսից, որը նրանց վրա է ընկնում իմ գտնված վայրից: Ինձ շրջապատող լույսը դանդաղ հեռանում է. ես գիտեմ, որ շուտով նորից այն խավարն է տիրելու: Այդպես ավելի լավ է, ես չեմ սիրում շատ լուսավոր տարածություն, սիրում եմ խավար, որի մեջ կան լույսի մի քանի փոքրիկ աղբյուրներ: Արդեն լույսն այնքան է մնացել, որ բավարար է շրջակայքը պարզ տեսնելու համար: Նայում եմ ներքև. կանգնած եմ գետնի վրա, տարածքն ընդարձակ է, կարող եմ տեղաշարժվել: Փորձում եմ այս ու այն կողմ գնալ: Շուտով մոլորվում եմ, չնայած դա սարսափելի չէ. ես այսպես թե այնպես մոլորված եմ: Արդեն խավարն է տիրում շրջակայքը: Որոշեցի կանգ առնել: Այստեղ այնքան ցուրտ է, իսկ ես ցանկանում եմ քնել: Այլևս չեմ դիմանում, աչքերս կիսախուփ են եղել: Ինչ լինում է, թող լինի. պառկում եմ քնելու:
Մաս 2
Արթնացա: Կրկին մութ է: Մի՞թե գրեթե չեմ քնել: Փորձում եմ կանգնել, հանկարծ վրայիցս ինչ-որ բան է ընկնում: Մի՞թե այստեղ կենդանիներ էլ կան. սա էր ինձ պակաս: Փորձում եմ կռանալ և շոշափել, թե գետնին ինչ կա: Գտա: Ինչ-որ կտոր է, կարծես թե այն է, ինչը վրայիցս ընկավ: Իմ հագուստը վրաս է, ուրիշ ոչինչ չունեմ ինձ մոտ, բայց այս կտորը որտեղի՞ց: Բարձր հառաչում եմ: Հանկարծ ձայն է լսվում:
-Արթնացա՞ր:
-Ո՞վ կա այստեղ:
-Իսկ դու ո՞վ ես, որ եկել ես իմ թագավորություն:
-Դե ես…ես Աստղիկն եմ: Իսկ դու՞ք: Եթե սա ձեր թագավորությունն է, ապա ես ինչպե՞ս եմ այստեղ հայտնվել: Ինչպե՞ս է սա կոչվում: Ինչպե՞ս կարող եմ տուն գնալ:
-Դե, դե, բավակա՛ն է, գլուխս ցավեց, միանգամից այնքան հարց տվեցիր: Լռի՛ր:
-Բայց…
-Ասացի՝ բավակա՛ն է: Այստեղից ետ դարձի ճամփա չկա, և ով ոտք է դնում այստեղ, դառնում է իմ սեփականությունը: Դա օրենք է:
-Իսկ որտե՞ղ են Ձեր գերիները: Քանի՞սն են նրանք:
-Մեկը՝ միայն դու:
-Ինչպե՞ս թե: Այդ դեպքում ինչպե՞ս եք ստեղծել օրենքը:
-Ես այն հենց նոր սահմանեցի:
-Բայց այդպես անարդար է:
-Լսի՛ր, աղջի՛կ, դու իմ տանն ես, այստեղ ամեն ինչ ես եմ որոշում, ձայնդ կտրի՛ր և նստի՛ր:
-Որտե՞ղ:
-Գետնին:
-Չեմ ուզում:
-Թքա՛ծ: Ուրեմն կանգնած մնա:
-Իսկ այստեղ սնունդ կա՞:
-Այստեղ կենդանի շունչ էլ չկա: Միայն ես եմ ու իմ խաղաղությունը, այն էլ դու փչացրեցիր: Այնպես արա, որ ներկայությունդ չզգամ:
-Իսկ որտե՞ղ է գերիների սենյակը:
-Սա բանտ չէ կամ այլինչ:
-Իսկ ես գերի չե՞մ:
-Դու արդեն անտանելի ես. մեկ բառ էլ լսեմ, կխեղդեմ քեզ, այստեղ իրավունքներ միայն ես ունեմ, սա իմ թագավորությունն է, իմ աշխարհը, իսկ դու այստեղ ոչ ոք ես:
-Դե ինձ հանիր քո աշխարհից, և ես կվերադառնամ իմ տուն:
-Ո՛չ, դու կմնաս ու կծառայես ինձ:
-Այդ դեպքում ասեք, ի՞նչ պետք է անեմ:
-Գրողը տանի, լռի՛ր, պարզապես լռի՛ր:
Արդեն հոգնեցի նրա հետ վիճելով, շատ համառն է ու կոպիտ: Զզվելի է: Այլևս չեմ պատասխանի նրան անգամ, եթե հարցեր տա. իրեն ու՞մ տեղն է դրել: Նստում եմ գետնին ու նայում հեռու:Այնքան եմ ուզում իմանալ,թե ուր եմ,ինչպես կարող եմ վերադառնալ տուն: Բայց, եթե հարցնեմ, նա ինձ կնախատի: Կսպասեմ, մինչև լուսանա, ու կտեսնեմ, թե ուր եմ, կամ թե նա ով է: Իսկ այժմ նայեմ իմ «լուսատտիկներին», այստեղ իմ միակ ընկերները նրանք են: Բայց այլևս ուժ չկա, չեմ կարողանում ինձ զսպել, քունս տանում է…
Մաս 3
Ա՜խ, աչքերս ցավում են: Այն պայծառ լույսն է: Ձեռքերով փակեցի աչքերս, մինչ լույսը սկսեց թուլանալ: Երբ բացեցի աչքերս, վրաս կրկին կտոր կար: Այն բրդյա ժակետ էր: Ոտքի կանգնեցի: Նա ինձ մեջքանց կանգնած էր:
-Շնորհակալությու՛ն: Վերցրեք
-Աստվա՛ծ իմ, կրկին սկսեց խոսել: Պահի՛ր այն քեզ մոտ:
-Ի՜նչ անտաշն եք:
Նա շրջվեց, բռնեց իմ վզից, և քիչ էր մնում՝ ինձ խեղդեր: Սակայն ձեռքերը դողացին, և նա ինձ բաց թողեց և շրջվեց:
-Ես մարդասպան չեմ: Միայն թե լռի՛ր:
Այդժամ լեզուս կարծես քարկապ էր ընկել, չէի կարողանում խոսել, ապշած էի մնացել, գուցե նաև փոքր-ինչ վախեցած: Բայց, իսկապես, նա մարդասպան չէր, նրա բիլ աչքերը վկայում էին այդ մասին: Այնքան պարզ էին, այնքան խորը, բայց և անչափ թախծոտ: Հանկարծ նա ասաց.
-Ինչո՞ւ լռեցիր:
-Իսկ ի՞նչ ասեմ:
-Չգիտեմ, ինչ-որ մի բան, միայն թե մի՛ լռիր:
-Երեկ ասում էիք, որ լռեմ, իսկ հիմա՞:
-Իսկ հիմա խոսի՛ր, ես քեզ հրամայում եմ:
-Գուցե Դուք այստեղի թագավորն եք, բայց Դուք իրավունք չունեք ինձ կառավարել կամ հրամայել:
-Ես իրավունք ունեմ, դու` ո՛չ, հիշիր՝ դու իմն ես, իմ «գույքը»:
-Լսե՛ք, Դու՛ք…
-Լռի՛ր, ձայնդ կտրի՛ր, լսել չեմ ուզում:
-Դուք ինձ ձեռ եք առնո՞ւմ:
-Ո՛չ, հրամայում եմ:
-Ինչ ուզում եք արեք, միայն իմացեք. ես այլևս չեմ խոսելու, չեմ շփվելու ու ոչ մի կապ չեմ ունենալու Ձեզ հետ, մի օր էլ կգտնեմ ելքը և կհեռանամ: Եվ վերցրեք ժակետը, այն ինձ պետք չէ:
-Հոյակապ է: Այ, ապրես, հասկացար, որ պիտի լռես, իսկ ինչ վերաբերում է հեռանալուն, երազիր, որքան կուզես, միևնույն է դա կմնա երազանք:
Ես այլևս չէի խոսում այդ տխմարի հետ: Որքան էլ ցանկանում էի ձայն հանել, ինձ զսպում էի, չէի պատրաստվում իջնել նրա առջև: Որոշեցի այդ հատվածից հեռանալ: Նա ձայն տվեց, բայց ես չշրջվեցի: Նա բարկացավ, հասավ ինձ և քաշեց թևիցս:
-Կանգնի՛ր, հիմա՛ր: Այդ ու՞ր:
-Գրողի ծոցը, քեզ ի՞նչ:
-Դու ոչ մի տեղ էլ չես գնա:
-Դու՞ ինձ պետք է ետ պահես:
-Այո՛:
-Գրողի ծոցը կորի՛ր: Թևս բա՛ց թող:
-Հենց հիմա վերադարձի՛ր տեղդ ու ծպտունդ չլսեմ:
-Իսկ մինչև ե՞րբ:
-Մինչ իմ մահը:
-Մեծագույն հաճույքով քեզ այժմ կսպանեմ:
Փորձեցի մռութին հասցնել, սակայն նա այնպես ապտակեց, որ ընկնելիս ուրվագիծս մնաց գետնին:
-Սպանի՛ր ինձ:
-Ո՛չ, չեմ կարող, ես մարդասպան չեմ:
-Այո՛, դու ավելի վատն ես, դու տանջում ես ու դանդաղ սպանում:
-Կրկին սկսեցիր անկապ խոսե՞լ:
-Գրողը տանի, դու ո՞վ ես: Որտեղի՞ց: Ինչո՞ւ ես այստեղ: Ինչո՞ւ ես քո մեջ կուտակել այդքան չարություն ու կոպտություն: Ախր դու այդպիսին չես:
-Իսկ ի՞նչ գիտես, ես ինչպիսին եմ:
-Դու այնքան պարզ ես, քեզ շատ հեշտ է ճանաչելը: Դու ուղղակի չարացած ես: Երևի կյանքում ինչ-որ խոչընդոտի ես բախվել ու արդյունքում դարձել այսպիսին:
-Լռիր, խնդրում եմ:
Նա առաջին անգամ ասաց այդ բառը «խնդրում եմ»: Ես լռեցի: Արդեն մութ էր, ես պառկեցի քնելու, իսկ նա ինձ ծածկեց իր ժակետով:
Մաս 4
Լույսի ժամանելուց քիչ անց արթնացա:Նա նստած էր գլխավերևումս և նայում էր մի հեռու կետի: Նայեցի, բայց ոչինչ չտեսա: Հանկարծ նա սկսեց խոսել:
-Երբ ես ծնվեցի, իմ ծնողները ինձ մանկատուն նետեցին: Այդ տարի ինձ որդեգրեց մի զույգ: Նրանք երեխաներ չէին կարող ունենալ: Իմ բախտը բերեց: Ես ընկա մի հարուստ ընտանիք: Ես երբեք ոչ մի բանի կարիք չէի ունենում: Իմ շրջապատում բոլորը մեծահարուստների երեխաներ էին: Նրանց հետ ժամանակը շատ հետաքրքիր և ուրախ էր անցնում: Բայց երբ ես դժվար կացության մեջ էի, ոչ ոք ինձ չէր փորձում օգնել կամ թեկուզ հասկանալ: Անգամ ծնողներս ինձնով չէին հետաքրքրվում: Ես նրանցից ստացել եմ ամեն ինչ, բայց ոչ սեր ու բերկրանք: Ես շատ շնորհակալ եմ նրանցից, որ ինձ ամենով ապահովել են, սակայն ես ցանկանում էի ստանալ մայրական ջերմություն և հայրական սեր: Հետզհետե սկսեցի չհավատալ ընկերության գոյությանը: Իմ շրջապատում ինձ ոչ ոք չէր հասկանում: Այդ իսկ պատճառով ես հեռացա տանից, հեռացա բոլորից՝ գտնելու մի տեղ, ուր գեթ մեկն ինձ կհասկանար, բայց նման վայր չգտա: Ես հեռացա Երկրի երեսից ստեղծեցի իմ թագավորությունն այստեղ` Լուսնի վրա:Այստեղ ես մենակ եմ,ավելի ճիշտ`մենակ էի:Ես ինձ այստեղ երջանիկ եմ զգում:Թեկուզ չկա ինձ հասկացող մեկը, բայց և չկա նա, ով ինձ չի ընդունի: Դու այժմ իմ թագավորությունում ես: Շատ եմ կասկածում, որ դու ինձ կհասկանաս, այդ պատճառով դու պարզապես կենթարկվես ինձ, կլինես իմ ծառան, և քեզնից պահանջվում է ինձ չհասկանալիս պարզապես լռել և չհակաճառել:
-Լավ, իսկ դու երբևէ փորձե՞լ ես ինքդ հասկանալ մյուսներին:
-Այո՛, ես միշտ էլ նրանց հասկացել եմ, բայց նրանք երբեք իմ կարծիքը չեն ընդունել, չեն հասկացել:
-Իսկ դու ի՞նչ ես ցանկանում կամ ի՞նչ ես մտածում:
-Ես փորձում եմ գտնել մեկին, ով իրեն հիմարաբար չի պահի, կլինի խելացի և միշտ իմ կողքին կլինի, ու ես նրանից ջերմություն կստանամ:
-Ի՞նչ ես հասկանում` ասելով հիմարաբար չպահել:
-Դե լինի լուրջ:
-Իսկ մի՞թե կյանքում պետք է միշտ լուրջ լինես:
-Անշու՛շտ: Բա հիմարներն ո՞ւմ են պետք:
-Լուրջ չլինելը դեռևս չի նշանակում հիմար լինել: Մարդը կարող է պարզապես ժպտալ կամ կատակել: Չէ՞ որ կյանքը տրված է երջանիկ լինելու և ժպտալու, կատակելու ու զվարճանալու համար:
-Միայն հիմարներն են ամբողջ ժամանակ ժպտում:
-Իսկ ես կասեի՝ միայն հիմարներն են իրենց քեզ պես պահում:
Ես արդեն սկսում եմ բարկանալ: Իսկական հիմարը նա էր ու դեռ բոլորին էլ հիմար էր անվանում:
-Դու պարզապես դառը կյանք ես ունեցել, երբեք չես ժպտացել և քեզ համարում ես լուրջ մարդ, իսկ մյուսները, ովքեր վայելում են կյանքը, ըստ քեզ, հիմարներ են: Իսկական հիմարը դու ես, որ քեզ երևակայում ես: Փորձում ես ցույց տալ, որ ուժեղ ես, քարի կտոր: Բայց իմացիր՝ դու ամենաթույլն ես, քանի որ միայն թույլերն են, որ, չդիմանալով կյանքի փորձություններին, կոտրվում են ու չարանում բոլորի նկատմամբ: Դու մի թուլամորթ հիմար ես:
-Լռի՛ր, հրե՛շ: Այո՛, հիմար էի, որ սիրտս բացեցի քո պես հիմարի առջև: Դու էլ ինձ չհասկացար. ինձ ոչ ոք չի հասկանում:
-Ես քեզ հոյակապ հասկացա, տվեցի քեզ քո բնութագիրը, իսկ դու պարզապես ուժ չունես, որպեսզի ընդունես, որ ես ճիշտ եմ, ու փորձես փոխվել:
-Լռի՛ր, հոգեկա՛ն հիվանդ, ես քեզ հրամայում եմ:
-Երկրագնդի՛ վրա թե Լուսնի մարդը մարդ է մնում, և հիշի՛ր, դու իրավունք չունես ինձ հրամայել: Եթե դու ուզում ես մենակ մնալ, ես կգնամ, խնդիր չկա:
Շրջվեցի, փորձեցի ինչ-որ տեղ գնալ: Ինձ թվաց, որ նա շուտով կհարձակվի, բայց` ոչ: Նա չեկավ, իսկ ես ետ չշրջվեցի ու հեռացա:
Մաս 5
Այժմ զբոսնում եմ, չգիտեմ էլ, թե ուր եմ: Մտքումս այդ հիմարն է: Որտեղի՞ց նրան այդքան հիմար մտքեր: Թող գրողի ծոցը կորչի նա: Ավելի լավ է տեսնեմ, թե ինչպես այստեղից կարող եմ դուրս գալ: Բայց նա ասաց, որ սա Լուսինն է: Ինչպե՞ս եմ այստեղ հայտնվել: Կամ ինչպե՞ս այստեղից դուրս գալ: Ախր դա անհնար է: Այսինքն՝ հնարավոր է միայն այն դեպքում, եթե այստեղ լուսնագնացներ գան: Ինչ արած, ավելի լավ է առաջ շարժվել: Սկսեց մթնել: Ես պառկում եմ քնելու:
…Արդեն առավոտ է: Կարելի է մի քիչ էլ քայլել: Իմ մտքում դեռ այն հիմարն է. երազումս նրան եմ տեսել: Նա ինձ զգուշացնում էր, թե այստեղ վտանգ կա, և ինձ կանչում էր իր մոտ: Մի՞թե հիմա էլ պետք է հիմար երազներ տեսնեմ:
…Այս ի՞նչ խոռոչ է: Մտնում եմ ներս: Մի փոքր առաջ եմ գնում և տեսնեմ՝ մի ճերմակ գեղեցիկ արջուկ է կապկպված: Մի փոքր վախենալու է, բայց նա ինձ, կարծես թե, լավ է ընդունում: Նստեցի նրա կողքին, նա ինձ ժպտում էր: Այդ գիշեր ես անցկացրի որջում: Առավոտյան արթնացա և տեսա կողքիս պահապանի պես կանգնած, կապկպված արջուկին: Նա այնքան մեղկ էր, ես նրան արձակեցի: Միասին շարունակեցինք ճանապարհը: Նա հրավիրեց ինձ նստել իր վրա, որպեսզի ես ոտքով չքայլեմ: Մենք ամբողջ օրը շրջում էինք այս ու այն կողմ: Երբ արդեն երեկո էր, ես ցանկացա քնել: Իջա նրա վրայից և նստեցի գետնին: Նա չնստեց, այլ կանգնեց գլխավերևումս: Ինձ է ցույց տալիս իր հսկայական ժանիքները: Այ քեզ արջուկ, այնքան քնքուշ է, բայց ժանիքներն այդ մասին բացարձակապես չէին վկայում: Նրա ջերմ հայացքը փոխակերպվեց իսկական արջի արտաքինի: Այժմ փորձում է մոտենալ, ես կանգնում եմ և փորձում հեռանալ, բայց նա մոտենում է: Որքան քայլերս արագացնում եմ, այնքան էլ նա է արագ շարժվում: Ես սկսեցի վազել: Արջն ընկավ իմ ետևից: Ես նրա հետ այնքան էի կապվել, այնքան լավն էր, բայց արի ու տես, որ իր համար որս էր նախապատրաստում: Վախս մեծանում է: Նա հասնում է ինձ: Զգում եմ, որ սա իմ վերջն է: Եթե անկեղծ, չգիտեի այդ պահին լացե՞լ, թե՞ ծիծաղել: Ոտքերումս ամբողջ ուժն հավաքած` վազում եմ: Թե ուր, դա վաղուց արդեն կարևոր չէր: Ետ եմ նայում, նա այնպես է մռնչում, այնքան մոտիկ է, հասնում է: Այդ պահին ոտքիս տակ քար ընկավ: Ես ընկա: Վերջ. նա ինձ արդեն բռնեց, ես այլևս ելք չունեմ: Ավելի լավ է աչքերս փակեմ ու սպասեմ՝ երբ է նա ինձ ուտելու և չտեսնեմ այդ պահը: Լսվեց նրա մռնչոցը… բայց ես, կարծես թե, ողջ եմ: Աչքերս կիսաբաց եմ անում: Արջը, բերանը բաց՝ իմ առջև ծառս է եղել: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Գետնին արյուն կար: Բայց ես անվնաս էի, այն հաստատ իմը չէր: Արյան հետքերը գնում են արջի ոտքերի մոտ: Հանկարծ նա ընկավ ուղիղ ինձ վրա: Ես ճչացի: Նրան իմ վրայից մեծ դժվարությամբ նետեցի: Նրա մեջքի մեջ դաշույն էր խրված: Այժմ իմ առջև այն լուրթ զույգ աչքերն էին, որոնց երկու օր առաջ էի հրաժեշտ տվել: Այո՛, նա ինձ փրկեց: Բայց ես այնքան հոգնած էի, որ ուշաթափ եղա: