Անկախ Հայաստանի հեռուստատեսությունն արդեն շուրջ քառորդ դարի պատմություն ունի։ Այն մեծ էվոլյուցիա է ապրել, փոփոխվել է մեր ու մեր ցանկությունների հետ միասին։ Այսօր ուզում ենք առանձնացնել 10 քաղաքական հաղորդում, որոնք անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են լավագույնները։
10. «Երկրի հարցը», Երկիր Մեդիա
Վերջին տարիներին հայկական հեռուստաեթերի ամենաակնառու թերություններից մեկը բևեռացվածությունն էր, հատկապես քաղաքական հարցերում։ Կախված նրանից, թե որ հեռուստաալիքն էիր նայում, քեզ մատուցվում էր տեղեկատվության բևեռացված տեսակետ՝ հօգուտ այս կամ այն քաղաքական ճամբարի։ Այս առումով հաճելի բացառություն էր Արթուր Կիրակոսյանի «Երկրի հարցը» հաղորդումը, որում արվող շեշտադրումներն ու հարցադրումները, կարելի է ասել, «երրորդ կողմն» էին ներկայացնում։ Հաղորդման որակական առավելությունը կայանում էր նրանում, որ որպես հյուր էին հրավիրվում ինչպես այնպիսի գործիչներ, ովքեր մեյնսթրիմային են այդ պահին, այնպես էլ նրանք, ովքեր պերսոնա նոն գրատա էին այլ հեռուստաալիքներում։ Բացի դրանից, իշխանության ներկայացուցիչներին, ովքեր հյուրընկալվում էին այս հաղորդմանը, հաճախ տրվում էին այնպիսի հարցեր, որոնք անհարմար դրության մեջ էին դնում բանախոսին, բայց իհարկե չափի մեջ, և այդ ամենը հաղորդմանը դարձնում էր բազմակողմանի ու անկողմնապահ։ Մնում է հավելել, որ հաղորդումը հեռարձակվում է 2009 թվականից առ այսօր։
9. «Ճանապարհ», Ար
Մեր հեռուստաեթերի պատմության ամենախորիմաստ ու բարձր ինտելեկտուալ քաղաքական հաղորդումներից մեկն, անկասկած, Արծրուն Պեպանյանի «Ճանապարհն» էր, որի ժամանակ հրավիրյալ հյուրերը շատ խորը ու իմաստալից զրույց-քննարկումներ էին ունենում Պեպանյանի հետ, ով ինքը, լինելով բավականին զարգացած ու պատրաստված, կարողանում էր մաքսիմալ «բացել» հյուրերին քննարկվող թեմաների շրջանակներում՝ երկրի քաղաքական-հասարակական կարևորագույն հարցերի շուրջ խորը քննարկումներ ծավալելով։ Հարկ է նշել, որ «Ճանապարհի» պես խորը ինտելեկտուալ հաղորդումներ, որոնք նաև չեն գրաքննվել, չեմ հիշում ո՛չ այս հաղորդումից առաջ, ո՛չ էլ հաղորդումից հետո, և արդյունքում «Ճանապարհը» դարձավ իսկական գտածո ինտելեկտուալ հարցերով հետաքրքրվող հեռուստադիտողի համար և ոչ միայն։
8. «Արմենիա Հոթ Լայն», Արմենիա TV
Ռոբերտ Մավիսակալյանը լեգենդ էր արդեն կյանքի օրոք ու հանդիսանում էր հայրենական լրագրության ֆլագմաններից մեկը, իսկ 1998 թվականին լույս տեսած նրա «Արմենիա Հոթ Լայն» հաղորդումը նորություն էր ֆորմատային բազմազանության և միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալիզմի առումով։ Ու թեև Մավիսակալյանն այսօր մեզ հետ չէ, իսկ նրա հաղորդումն էլ այլևս չկա, բայց նրա թողած ժառանգությունը, այդ թվում նաև այս ձևաչափի մասով, պահպանվում է, ու այսօրվա դրությամբ կարելի է նշել բազմաթիվ այլ հաղորդաշարեր, որոնցում առկա է մավիսակալյանական ձեռագիրը։
7. «Ուրվագիծ», Կենտրոն
Պետրոս Ղազարյանը հայկական հեռուստաեթերի ամենակոլորիտային հաղորդավարներից է, իսկ նրա հաղորդումները, լինելով ընդգծված քաղաքական-հասարակական ուղղվածության, այնուամենայնիվ, մշտապես ամենաբարձր դիտողականություն ունեցողներից են։ Ինչ վերաբերում է «Ուրվագծին», ապա բացի նրանից, որ այն ամենառեյթինգայիններից է, նաև ամենաերկարակյացներից է, ու դրա հաջողության գաղտնիքը թերևս բազմակարծությունն ու Պետրոսի ուրույն ձեռագիրն է։ «Ուրվագծում» եղել է ով ասես ու ինչ ասես, «Ուրվագծից» միշտ կարելի է սպասել, որ այդ թողարկմանը ներկա կլինի օրվա ամենապահանջված կերպարը, կամ էլ, եթե օրվա իրադարձությունների հիման վրա չէ այդ օրվա հյուրի ընտրությունը, միևնույն է, կարելի է մշտապես ակնկալել հիշվող հարցազրույց՝ լինի դա հայտնի տաքսիստը, թե բավականին ոչ ադեկվատ վիճակում գտնվող Տիգրան Կարապետիչը։
Ի դեպ, հարկ է նշել, որ 2003-ից առ այսօր հեռարձակվող «Ուրվագծից» զատ՝ Պետրոսի մյուս՝ «Հայկական ուրբաթ» հաղորդումը ևս հաջողված է ու խոստումնալից։
6. «ԱրմՔոմեդի», ATV
Լինելով այս ցուցակի ամենաերիտասարդ հեռուստանախագիծը` «ԱրմՔոմեդին» միևնույն ժամանակ ամենաինքնատիպն է ֆորմատի ու ծագումնաբանության առումով։ Ի սկզբանե ներկայանալով որպես համացանցային քաղաքական-երգիծական նախագիծ՝ այն սկզբում՝ 2012 թվականին, անցավ Արմնյուզ, իսկ այժմ հեռարձակվում է ATV հեռուստաալիքով և հանդիսանում է դրա ու ոչ միայն դրա ամենառեյթինգային հաղորդումներից մեկը. այսօրվա դրությամբ Նարեկի ու Սերգեյի հաղորդումը, անկասկած, ամենադիտվողներից և սիրվածներից է ոչ միայն հեռուստատեսային լսարանի մոտ, այլև համացանցում։ Ի դեպ, հաղորդման որակը բարձրացնում է նաև այն, որ այն բավականին կոմպլեքս հաղորդում է ու իր մեջ ներառում է միանգամից մի քանի բաղադրիչ, որոնք մեկը մյուսից լավն են՝ սկսած Սերգեյի ու Նարեկի հումորային դուետից, վերջացրած հումորային ռեպորտաժներով ու վիդեոբոցերով։
5. «Տեսանկյուն», Հանրային հեռուստաընկերություն
Գևորգ Ալթունյանի՝ 2010 թվականից հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդումը տարբերվում է բոլոր մնացածից նրանով, որ այստեղ փորձ էլ չի արվում թաքցնել, որ հաղորդման կոնտենտը մատուցվում է այնպես, ինչպես դրան վերաբերվում է ինքը՝ Ալթունյանը։ Այլ կերպ ասած, սա սուբյեկտիվ քաղաքական մեկնաբանություններ անող քաղաքական հաղորդում է, իսկ դատելով հաղորդման երկարակյացությունից՝ Ալթունյանի սուբյետկիվիզմը շատերն ավելի են արժևորում, քան անդեմ օբյեկտիվիզմն ու առավել ևս կեղծ օբյեկտիվիզմը, որը ևս քիչ չէ մեր հեռուստաեթերում։ Ոմանք Ալթունյանի հաղորդումը նմանեցնում են են Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող Վլադիմիր Լեոնտևի «Однако» հաղորդմանը, բայց ո՞վ է ասել, որ դա վատ է, ու ո՞վ է ասել, որ ցանկացած նմանություն ու կրկնօրինակում նշանակում է ցածր որակ։ Ի վերջո, դժվար է գտնել այնպիսի մի քաղաքական հաղորդում մեր հեռուստաեթերում, որը չունենա անալոգ արտասահմանյան հեռուստաընկերություններում։ Ընդհակառակը, այն, ինչ ինձ դուր էր գալիս Լեոնտևի հաղորդման մեջ, ես տեսնում եմ Ալթունյանի «Տեսակետում», ու դա լավ է։ Քաղաքական հաղորդումների սպեկտորում սուբյեկտիվ տեսակետ ունենալն էլ լավ բան է, քանի դեռ այդ տեսակետը հետաքրքիր է ու սուր։
4. «Հեռանկար», Շանթ
Նվեր Մնացականյանն, անկասկած, ժամանակակից հայ լրագրության ու քաղաքական մեկնաբանության թոփ դեմքերից է, իսկ նրա «Հեռանկար» (1998-2011) հաղորդումը Շանթում, իսկ այնուհետև «Հարցազրույցը» Հանրային հեռուստաընկերությունում, անկասկած, հարցազրույցային ֆորմատի լավագույն քաղաքական հաղորդումներից են։ Հաղորդումների բարձր որակն ու Մնացականյանի պրոֆեսիոնալիզմը հնարավոր են դարձնում, որ նրա հաղորդմանը հյուրընկալվեն նույնիսկ ամենաբարձրաստիճան պետպաշտոնյաներն ու առաջատար քաղաքական գործիչները, ընդհուպ մինչև երկրի նախագահ։ Անկասկած, հաղորդման որակը պայմանավորված է Նվեր Մնացականյանի զուսպ ոճով ու պրոֆեսիոնալիզմով։
3. «Ռ-Էվոլյուցիա», Արմենիա TV
Ժամանակակից հայ հեռուստաեթերի ամենասուր, ամենասկանդալային ու թերևս ամենաանկեղծ քաղաքական ձևաչափով հաղորդումներից մեկը Սաթիկ Սեյրանյանի՝ 2013 թվականից հեռարձակված «Ռ-Էվոլյուցիան» է։ Այս հաղորդումը հյուրընկալում է ամենախարիզմատիկ, տվյալ պահին ամենամեծ հանրային հետաքրքրությունը հարուցող ու ամենաակտուալ քաղաքական գործիչներին, որոնց համար այդ հաղորդմանը մասնակցելն իրական փորձության է վերածվում՝ հաշվի առնելով Սաթիկ Սեյրանյանի սուր հարցադրումներն ու անկաշկանդությունը թեմատիկայի ընտրության հարցում։ Այո՛, հաղորդման հյուրերի համար Սաթիկ Սեյրանյանի հյուր լինելն իսկական մարտահրավեր է, քանի որ բոլորին է հայտնի, որ Սաթիկի համար «տաբու» հարցեր գոյություն չունեն, ու եթե դու եկել ես նրա մոտ, պատրաստ եղիր, որ պատասխանելու ես ամենաանհարմար հարցերին, ինչն էլ այդքան պոպուլյար է դարձնում «Ռ-Էվոլյուցիան»։
2. «Օրակարգ», Հանրային հեռուստաընկերություն
Եթե ինչ-որ մեկին կարելի է անվանել հայկական հեռուստատեսության քաղաքական լրագրության ճարտարապետ, ապա դա, անկասկած, լուսահոգի Տիգրան Նաղդալյանն է, ով թերևս ամենաազդեցիկ լրագրողն էր հայակական լրագրության պատմության մեջ և միևնույն ժամանակ ամենաբարձր պրոֆեսիոնալիզմ ու ամենանորարարական մոտեցումներ ունեցողը։ Նրա ստեղծած «Օրակարգ» քաղաքական ֆորմատի հաղորդումը հիմք դարձավ հետագայում հայկական հեռուստաեթերում լույս տեսած բոլոր քաղաքական հաղորդումների համար, այդ թվում նաև այս ցուցակում նշվածներից շատերի համար, իսկ նրա սուր գրիչն ու խոսքն այն տեսլականն են, որը պետք է ունենա մեր լրագրողների ու քաղաքական մեկնաբանների նոր սերունդը։
1. «P.S.» («Հետգրություն»), Ա1+
Արդի հայկական հեռուստաեթերի ամենափայլուն լրագրողն ու քաղաքական մեկնաբանն Արամ Աբրահամյանն է, ով բառիս բուն իմաստով կենդանի դասական է։ Աբրահամյանը մի քանի հաղորդումներ է վարում, էլ ավելի շատ վարել է, նա գլխավոր խմբագիր է ու լրատվական բաժնի ղեկավար, բայց նրա «Հետգրություն» հաղորդումը, որը 1998 թվականից հեռարձակվում էր Ա1+ հեռուստաալիքի, իսկ 2012 թվականից՝ Արմնյուզի եթերում, իսկական գոհար է, որը համապատասխանում է քաղաքական ֆորմատի հաղորդումների ամենաբարձր չափանիշներին։ Նրա բարձր զարգացվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, համակողմանի ինֆորմացվածությունը և հարուստ կենսափորձը թույլ են տալիս, որպեսզի այսօր մենք համարենք նրան ամենափայլուն քաղաքական մեկնաբանը և քաղաքական ֆորմատի հեռուստահաղորդման հեղինակը, իսկ «Հետգրություն» հաղորդման յուրաքանչյուր թողարկում կարելի է ցուցադրել ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանող երիտասարդներին՝ որպես օրինակ այն բանի, թե ինչպես է պետք վարել հարցազրույցներ, հասկանալ դիմացինիդ, լրագրողական «ծուղակներ» պատրաստել հյուրի համար և միևնույն ժամանակ մոդերատորի անտեսանելի ձեռքով ուղղորդել թեման ու տանել հենց այն ուղղությամբ, որն առավել կբացի ու կանկեղծացնի հյուրին։