Այս օրերին շատերին է հետաքրքրում, թե ինչու ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում՝ ընդդեմ Բաղրամյանում մնացած ցուցարարների, որոնց քանակն ակնհայտորեն նվազել է, այն էլ խիստ է նվազել։ Կարծում եմ, որ ոստիկանությունում քաջ գիտակցում են, որ ուժային միջոցների դիմելու համար դեռ առնվազն վաղ է. ավելի լավ է մի քանի օր էլ համբերել, երբ հավաքը վերջնականապես կմարգինալիզացվի ու կձանձրացնի թե՛ հավաքվածներին, թե՛ Երևանի քաղաքացիներին ու բնակչության մեջ օբյեկտիվ պահանջ կձևավորվի՝ վերջապես բացելու պողոտան, քանի որ, անկախ ամեն ինչից, բազմաթիվ մարդկանց համար խնդիր է դարձել դրա փակ լինելը։ Ոմանց համար դա պրոբլեմատիկ է՝ աշխատանքի ու տուն գնալու համար, ոմանց համար էլ պարզապես օր օրի մեծացող հիասթափության աղբյուր է։
Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ հիմա ցույցի կառավարումն անցել է մի կոնտինգենտի ձեռքը, որը հայտնի է նրանով, որ միշտ մասնակցում է բոլոր ցույցերին ու երբեք չի գնում մինչև վերջ, ոստիկանությունն ու իշխանությունները ոչ մի խնդիր չունեն։ Ըստ ամենայնի, ամեն ինչ ընթանալու է Քաղաքապետարանի առջև արվող նստացույցի սցենարով, առավել ևս, որ դեմքերն էլ նույնն են։ Հեսա էլի կմնան մի քանի օր ու երբ տեսնեն, որ էլ բանի տեղ դնող չկա, ինչ-որ էկսցես կհրահրեն, ասենք՝ վրաններ կփորձեն տեղադրել, ոստիկանությունը կմիջամտի, վրաններն էլ, դրանց տեղադրողներին էլ դուրս կհանի Բաղրամյանից, լավագույն ավանդույթների համաձան՝ Կիվիրյանին էլ կգցեն գետնին, կհետևեն դատական պրոցեսներին ու ֆեյսբուքյան աղաղակին, ու ամեն ինչ կվերադառնա նորմային։
Միակ ցավալին այն է, որ արդեն մյուս անգամ եթե հարկ լինի Բաղրամյանը փակելու, շատ մարդիկ էլ չեն ունենա այն ոգեշնչումն ու ձիրքը, որն առկա էր, քանի որ այսօրվա Բաաղրամյանի հերոսներն աստիճանաբար արժեզրկում են թե՛ Բաղրամյան փակելու կոնցեպտը, թե՛ առհասարակ փողոցային պայքարի միջոցները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1594974150768523&id=100007678606149&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել