
Հարգելի ընթերցող, Տեր-Պետրոսյանի բառերով ասած` «ավազակապետության» կազմաքանդման, ավելի գիտականորեն ասած` համակարգային փոփոխությունների իր ուտոպիան բերեց նրան, որ ՀԱԿ-ից հիասթափվողները օր օրի ավելանում են: ՀԱԿ-ի հրամանատարը քանի գնում նմանվում է հռոմեական զորավար Մարկ Անտոնիին, որը, առավոտյան մարտի դաշտում զարթնելով, հայտնաբերեց, որ ինքը համարյա մենակ է մնացել թշնամու դեմ: Սակայն կա մի մեծ բայց, դա այն է, որ ՀԱԿ-ի առաջնորդը, ի տարբերություն հռոմեական զորավարի, լավ զինված է Մաքիավելլիի հերոսներին բնորոշ խարդավանքների արսենալով: Լինելով բացառիկ քաղաքական հմտության և տաղանդի տեր անձնավորութուն՝ նա քաջ գիտակցում է, որ նույնիսկ ՀՀՇ-ի հին գվարդիան, ինչ-որ մի պահի գիտակցում է, որ 7.1 %-ով ՀԱԿ-ի հայտնվելը ԱԺ-ում նվեր էր ՀԱԿ-ին «ավազակապետությունից»: Ինչ վերաբերում է երկրի անկուսակցական հասարակությանը, ապա նրանցից շատերը վաղուց հասկացել են, որ ՀԱԿ-ի պահի տակ «մոլեռանդացումը» իշխանության կողմից հստակորեն ուղղորդվող գործընթաց է, իսկ ավազակապետություն և նմանատիպ բառերը սոսկ «արագամաշ» առարկաներ են այս գործառույթում:
Այս հարթությունում հատկանշականն այն է, որ պատմական պրակտիկան ցույց է տվել, որ եթե «մոլեռանդացման պրոցեսը» չի սնվում, ապա նրան հաջորդում է «հեղհեղուկ մարգինալացման պրոցեսը»: Հիմա եկեք միասին վերլուծենք, թե այս զավեշտական վիճակը ինչպես է ձևափոխվում, երբ իրական, թե կեղծ ընդդիմադիր դաշտ է երկար լոնքերով մուտք գործում ԲՀԿ-ն: Միջին կարգի յուրաքանչյուր քաղաքական գործչին այս պարագայում կմնար միայն արժանապատվորեն հեռանալ քաղաքական դաշտից: Սակայն այդպիսի վերջը Տեր-Պետրոսյանի համար չէ, այն, ինչ կործանարար է ուրիշների համար, նրա համար նոր շարժիչ ուժ է, որի անվանումը «Երկխոսություն է»: Այն, որ երկխոսությունը նեղն ընկած ժամանակ միշտ փրկել է Լևոն Տեր-Պետրոսյանին, արդեն կասկած չի հարուցում, քանզի ունենք բազմաթիվ օրինակներ: Բայց ինչո՞ւ են տարբեր ֆորմատի «կեղծ կամ իրական» ընդդիմությունները` Ժառանգություն, ՀՅԴ, ԲՀԿ, ՀԿԿ, Ազատ Դեմոկրատներ…. միշտ պատրաստ երկխոսելու ՀԱԿ-ի հետ, այ դա ինձ համար դարձել է հարցերի հարցը: