Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բարձրացած ալիքն, ի թիվս այլ բաների, նաև մեկ շատ կարևոր բան ցույց տվեց գալիք Սահմանադրական բարեփոխումների ու Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Բանն այն է, որ այս օրերին առավել քան երբևէ ակնառու երևաց, որ ՀՀԿ-ն իրեն ամբողջովին սպառել է։ Սպառել է թե՛ որպես քաղաքական միավոր, թե՛ որպես բրենդ, թե՛ որպես ինստիտուտ, որի վրա հենվում են իշխանությունները, ու հիմա դրանից բխող վնասներն ավելի շատ են, քան օգուտները։
Պատահական չէր, որ ՀՀԿ-ականներն Աշոտյանի ու Ֆարմանյանի միջադեպից հետո այլևս չհամարձակվեցին երևալ, քանի որ ամեն նման այցը մենակ ավելի կսաստկացներ մարդկանց դժգոհությունն ու կավելացներ ցուցարարների թիվը, ինչպես նաև կբարձրացներ խաղաղ հավաքի պայթյունավտանգության աստիճանը։ Ոչ ոքի համար գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ թե չի սիրում կամ էլ վստահում ՀՀԿ-ին, այլ մաքուր ատելություն է տածում առ այս քաղաքական ուժը։
Սրանից լուրջ հետևություններ պետք է անեն իշխանությունները, որովհետև ՀԱՏԿԱՊԵՍ Բաղրամյանից հետո ՀՀԿ-ի բանը բուրդ է դառնալու ընտրությունների ժամանակ, ու այն մեխանիզմներն ու լծակները, որոնցով հաջողվում էր մեծամասնություն նկարել ՀՀԿ-ի համար, այլևս վտանգավոր են ու խիստ ռիսկային։ Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ եթե նախկինում հնարավոր էր մեղմել այդ ռիսկերը՝ կոսմետիկ վերանորոգում անելով ու ձերբազատվելով Լիսկաներից, Շմայսերից ու Կարեն Ավագյաններից, ապա հիմա արդեն ուշ է։ Մարդկանց գրգռելու է ՀՀԿ-ի ցանկացած հիշատակում։
Կարծում եմ, որ սա հասկանում են նաև վերևներում ու չեմ բացառում, որ ամենամոտ ապագայում մեզ սպասվում է ՀՀԿ-ի ամբողջական ֆորմատ ու ռեբրենդինգ, այլապես խորհրդարանական ընտրությունները կարող են իշխանությունների քթներից գալ։