Երբ կտեսնեք, որ էլի ունեցաք նույն տխուր արդյունքը, ինչպես նախորդ դեպքերում ու կմտածեք, որ Ելք ու Հույս չկա, կարդացեք սա: Ու եթե ներքոհիշյալը հասու կլինի ձեզ, տեղյակ պահեք:

Իսկ ես էլ չեմ զբաղեցնի ձեզ իմ շեղող մտքերով.... 
----------
Դարերի բերումով հայ ժողովուրդն ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը:
...Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու էզոթերիկայից և ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ, 
- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,
- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի «գենային կոդը», 
- պարզի, թե մեր պատմության հերոսական ո՛ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի, վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐՆՊԱՏԱԿ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ, և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված ԽՆԴԻՐԸ, 
- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով, և որ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,
- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐՆՊԱՏԱԿԻՑ ելնելով` սահմանի ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ և վերջինս բնազդային «թշնամուց» կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին, 
- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:
Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`
- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,
- հանրության մոտ Առաքելակիր առաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը, 
- հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,
-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,
- հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ, 
-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,
- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը, 
- հայի բարոյական կոդեքս-կանոնագրքի կազմումը,
- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,
- ազդու կարգախոսների ստեղծումը,
- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,
ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը, 
-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը,
- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,
- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,
- վերիշխանական բարոյական դատարանի ստեղծումը, 
- մոգական խորհրդանիշների ստեղծումը, 
- հասարակության ոգևորումը՝ նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,
- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը, 
- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,
- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը, 
- հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը, 
- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:
Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է, և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:

2007, հատված «ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» գրքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել