Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների մեծամասնությունը նշում է, որ թեև աշխատում է Հայաստանում, բայց իրենց արտադրանքը ներքին շուկայի համար չէ: Այս հանգամանքը փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կապում է Հայաստանի փոքր շուկա ունենալու հետ: Նա նշում է, որ մեր շուկան չի կարող բավարարել որևէ մեծ կազմակերպության:
«Օրինակ, եթե նայենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի շատ կայացած Իսրայելին, այնտեղ բոլոր սթարթափերը (սկսնակ ծրագրավորողներ-Ա.Ի.) ամբողջ աշխարհի վրա են աշխատում: Այսինքն` Իսրայելի շուկան դիտվում է որպես միջազգային շուկայի մի մաս: Ու դա նորմալ է, որովհետև շատ քիչ թեմաներ կան, որոնցով դուք կկարողանաք միայն ներքին շուկայի վրա աշխատելով բիզնեսը պահել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշում է, որ եթե մի կազմակերպություն զբաղվում է սննդի մատակարարմամբ, կարող է միայն Երևանում աշխատելով բիզնեսը պահել. «Բայց եթե դուք օրինակ` խաղ եք գրում և հույս ունեք այդ խաղով գումար վաստակել, Հայաստանյան շուկայով չեք բավարարվի: Այդ պատճառով լավ է, որ ավելի գլոբալ են մտածում, այլ հարց, որ պետք է այնպես անել, որպեսզի ներքին շուկան հասկանա, որ կարող է ներքին կազմակերպություններին դիմել հարցեր լուծելու համար»:
Ըստ փորձագետի՝ լուծումն այն է, որ հայ բիզնեսմենները հասկանան՝ իրենք կարող են ավանդական մեթոդներից անցնել ավելի նորարականների: «Օրինակ` երկար տարիներ պետք եղան, որպեսզի բիզնեսմենները հասկանան, որ իրենք պետք է կայք ունենան: Բիզնեսը կարող է իր ներքին ավտոմատացման համակարգերն ունենալ: Բանկային ոլորտը արդեն երկար ժամանակ է շատ հարցերում ներքին լուծումներ է տալիս: Դա արագացնում է տեխնիկական աջակցությունը: Այս ոլորտում մեր հայկական ծրագրերը շատ ավելի հաջողակ են: Բիզնեսմենները ուղղակի չեն հասկանում, որ իրենք կարող են ՏՏ ոլորտից շահույթ ստանալ»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարությունը հռչակել է որպես գերակա: Սակայն ծրագրավորողները շատ հաճախ ուղղակի հրաժարվում են դիմել կառավարության օգնությանը, քանի որ մեծամասամբ մերժում են ստանում: Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգնել ՏՏ ոլորտին, պետք է չխանգարի: «Բարեբախտաբար, հիմա հասկացել են, որ պետք է արտոնություններ տան նրանց: Ինքը շատ նոր ծրագիր է, բայց կարծում եմ օգուտ կտա»:
Նա նաև կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի ազատականացնի վենչուրային կապիտալի ներգրավումը. «Օրինակ` Թուրքիայում վենչուրային ներդրողները շատ ավելի մեծ արտոնություններ ունեն, դրա համար Թուրքիան ահռելի քանակի եկամուտներ է ստանում դրսից: Մենք էլ կարող ենք այդպիսի բաներ անել, եթե հասկանանք, որ հարկերը հենց այսօրվա համար չեն, հետո փողը ավելի մեծ չափով գալու է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել