Հայաստանի էներգետիկ ոլորտում առաջացած որոշակի խնդիրները գրավել էին նաև միջազգային հանրության ուշադրությունը: 
Ինչպես գիտենք, ՀԷՑ-ը վերջին տարիներին կուտակել է բավականին մեծ թվով պարտքեր, որի արդյունքում դիմել է ՀԾԿՀ-ին՝ հոսանքի սակագինը 17 դրամ թանկացնելու համար:

Այս առիթով օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերոնշյալ ընկերությունում անցկացնել աուդիտ՝ առկա թերությունները բացահայտելու նպատակով: Միջազգային կազմակերպության կողմից «Հայ էլեկտրական ցանցեր ընկերությունում» աուդիտ անցկացնելն, անկախ ամեն ինչից, խելամիտ որոշում է: 
Այս հարցին անդրադարձել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Մասուդ Ահմեդի կարծիքով՝ ՀԷՑ-ի կուտակված պարտքերը պայմանավորված են նաև այն բանով, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելի բարձր է, քան իրենք կանխատեսել են։ 
ԱՄՀ պաշտոնյան նաև նշել է. «Բայց պարտքը նաև այլ պատճառներով է կուտակվել։ Պետք է ունենալ սակագների այնպիսի համակարգ, որը ողջամիտ ծախսերը կհատուցի և կշահագրգռի էլեկտրաէներգիա մատակարարողներին, որ իրենց բիզնեսն ավելի խելամիտ ձևով կառավարեն»:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն էլ, անդրադառնալով այս կառույցի մասնավորեցմանը, նշել է, որ ՀՀ-ն ՀԷՑ-ը վաճառել է Ռուսաստանին պարտքի դիմաց, և դա վաճառք էլ չի կարելի համարել։

«Գործարքի մեջ նշված է, որ տրվել է պարտքի դիմաց կապիտալ, իսկ եթե լիներ մրցույթ, գուցե ՀԷՑ-ը կկառավարեր ավելի լավ ընկերություն։ Ընդհանրապես էներգետիկ ոլորտը հնացող է, և այստեղ շատ կարիք կա նոր սարքերի ներդրման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել