Բոլոր ուղեղով մարդիկ միանշանակ հասկանում են, թե ինչ է կատարվում իրականում: Չեմ կարծում, որ նրանց հնարավոր է խաբել ապատեղեկատվությամբ: Բա էդ դեպքում ո՞նց է ստացվում, որ բավական ծանրակշիռ մարդիկ սկսում են կուլ տալ մանրապճեղ դեզիկների գցած խայծն ու դեռ մի բան էլ ծաղկացնում են այն: Հետզհետե հասկանում ես, որ ոչ բոլոր խելացի մտքեր արտահայտողներն են ուղեղներին զոռ տալիս: Ինձ համար ոչ 5000 դրամով ձայն վաճառողն է վտանգավոր, ոչ էլ կոստյումին ու լողազգեստին հրահանգով անմոռուկ ճպցնողը: Ճիշտն ասած՝ անգամ պնակալեզ դեզիկներն էլ վտանգավոր չեն, բայց իրականում հենց նրանց ոհմակն է փչացնում ամեն ինչ և մեխանիկորեն ապահովում միակենտրոն կառավարման հավերժականությունը: Ի վերջո, մի քանի կոպեկով սեփական եսը վաճառողների պակաս մեր միջավայրում չենք տեսնում: Սրանք անգամ չգիտեն, թե իրենց կողմից մեծարվող հրեշները կոնկրետ ինչպես են վերաբերվում հենց իրենց: Չեն էլ հասկանում, որ մուտիլովչիկն Աֆրիկայում էլ է մուտիլովչիկ: Եթե իշխանություններին անհրաժեշտ է փչացնել ինչ-որ մեկին, ապա մեր շոպլիկ մուտիլովչիկները սկսում են իրենց պիղծ գործունեությունը:
Վերլուծելով երկու օր առաջ տեղի ունեցածը և ընդամենը վերհիշելով, թե ինչ կարգի դեզինֆորմացիա էր տարածվում, պարզ երևում է, թե ով իրականում հարամ արեց ժողովրդական շարժումը: Որևէ խոսք չգնաց ժողովրդի պահանջի պատասխանի մասին, բայց յուրաքանչյուրն իր հոգու պարտքն էր համարում շարժման որակը ցածրագույնին հասցնելը: Այս պորտաբույծները չեն էլ հասկանում, որ ապօրինի զենք-զինամթերք ոչ թե հասարակ ժողովրդի մոտ պետք է փնտրել, այլ իրենց կողմից մեծարվող ոչնչությունների բալեքի բառդաչոկներում: Ոչնչից պանիկա ստեղծողները չեն էլ գիտակցում, որ մարդկանց սոցիալական վիճակն այն կարգի անտանելի է դարձել, որ շատ շուտով նրանք դուրս են գալու փողոց ոչ միայն 7 դրամի համար, այլ այս անողնաշարներին լիկվիդացնելու համար, և այդ ժամանակ որևէ մեկի դեզինֆորմացիան չի կանգնեցնելու ապրել ցանկացող մարդուն:
Մի քիչ որ երկար մտածեք, չեք վախենա նաև քաղաքականացում եզրույթից: Այսօրվա քաղաքական դաշտն ինքներդ եք փչացրել և ապահովել ձեր սիրելի առաջնորդի ապահով թագավորությունը: Այնպես որ, քաղաքականացնողն էլ եք դուք, չքաղաքականացնողն էլ... Իսկ եթե վախենում եք, որ հավաքված ժողովրդի պահանջները կփոխվեն, ապա ասեմ, որ որքան նրանք մնան արհամարհված, այնքան պահանջները կավելանան, և այդ ժամանակ որևէ մեկը չի սպասելու ինչ-որ ինքնակոչ ղեկավարների հորդորներին։
Եվ հետո մի իշխանություն, որն աթոռը պահելու համար բուծում է ձեր նմաններին և չի կարողանում գոնե մեկ անգամ ժողովրդի սոցիալական պահանջին տալ բավարարող լուծում, նույն ձևով էլ կպատասխանի նույն ժողովրդի թեկուզ քաղաքական պահանջին: Մի՛ մոռացեք նաև, որ այդ պահանջը միշտ էլ եղել է ու կա, ուղղակի ձեր ու ձեր նմանների համար այն երբևէ օրակարգային չի դառնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/820275231387358?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել