Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ի հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն, ըստ էության, նշանակում են, որ այս օրերին ծավալված ու հանրային մեծ աջակցություն ստացած բողոքի դրսևորումը պսակվեց մեծ հաջողությամբ:
   
ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՐՏԵՂ ՉԿԱՆ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ
   
Ինչո՞ւ ենք ասում՝ հաղթանակ: Հունիսի 27-ի երեկոյան, այսինքն՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունից հետո, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ամբողջ շաբաթ անդադար շարունակված բողոքի ակցիայի վայրում բազմաթիվ ցուցարարներ, քաղաքացիներ իսկապես հաղթական տրամադրություն ունեին: Եվ միանգամայն տեղին. ի վերջո, հայտարարությունից պարզ դարձավ, որ պետության ղեկավարը, իշխանությունն ընդունում է հասարակության ակտիվ հատվածի բարձրացրած պահանջները գրեթե ամբողջությամբ: 
Ավելին՝ երկրի ղեկավարը նաև նախանշեց, թե բարձրացված կոնկրետ սոցիալական պահանջի, այն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցնելու, ՀԷՑ-ի հետ կապված հարցերի թնջուկը լուծելու ինչ տարբերակներ, ինչ ճանապարհներ կան: 
Դա, կարելի է ասել, այս պահին փոխզիջումային այն առավելագույնն է, որին պատրաստակամ է գնալ իշխանությունը:
Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվեցին նաև այլ դրսևորումներ, որոնք որքան էլ նյութական ու շոշափելի չեն, բայց ամենից առավել են ընդգծում հաղթանակը: 
Ամենից առաջ հաղթանակ է այն, որ մեր երկրում կա կրթված, լուսավոր, ակտիվ, հայրենասեր երիտասարդություն, որ առաջնորդվում է երկրի տերը լինելու կարգախոս-մտածելակերպով: Մարդիկ, որոնց համար միևնույն չէ Հայաստանի վաղվա օրը: Սա իսկապես ոգևորիչ է: 
Հաղթանակ կարելի է դիտել և այն, որ հասարակության ամենատարբեր խավերի ու շերտերի ներկայացուցիչները, անկախ իրենց սոցիալական վիճակից ու քաղաքական հայացքներից, հասկացան, որ միասնական, համախմբված դրսևորմամբ կարող են հասնել արդյունքի: Հաղթանակ է նաև այն ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, որ հունիսի 23-27-ը տիրում էր բողոքի ակցիայի վայրում, մասնակիցների մեծամասնության և, ի վերջո, ամբողջ հասարակության մեջ: Մենք, որպես հասարակություն, մեր աչքում բարձրացանք: Ի լրումն, այս պայքարը հանգեցրեց նաև այն անուղղակի արդյունքին, որ Հայաստանի հետ հարաբերություններում մեզ համար որոշակի ու նպաստավոր վերանայումներ էր ստիպված անել Ռուսաստանը: 
Այսպիսով, հունիսի 27-ի երեկոյան կարելի էր արձանագրել այս փուլում ունեցած հսկայական ձեռքբերումները, ամփոփել եղածն ու, պայքարը շարունակելով հանդերձ, դադարեցնել արդեն իր առաքելությունը կատարած նստացույցը, փորձել ավելի կազմակերպված գործունեություն ծավալել առաջարկված կառուցողական տիրույթում: Առավել ևս, որ ոչինչ չի խանգարում հետագայում, եթե խնդրի գործնական կարգավորման ընթացքում ծագեն դժգոհություններ, վերստին բողոքի ակցիաներ նախաձեռնել: 
Բայց դա երևի ազգային առանձնահատկություն է՝ բոլոր հնարավոր տարբերակներից ընտրել ամենից աննպաստը: 
   
ԱՆՀԱՋՈՂԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿ
   
Հունիսի 27-ի երեկոյան, ինչ-որ պահից սկսած, ցուցարարների շրջանում սկսվեց տրամադրություն փոխվել: Մինչ նախաձեռնողները փորձում էին հասկանալ և վերլուծել նախագահի հայտարարությունն ու առաջարկված կոնկրետ քայլերը, հայտնվեցին տարբեր մարդիկ, որ, շրջելով «շարքերում», զբաղված էին բացատրական «աշխատանքներով», թե սա ոչ մի հաղթանակ էլ չէ, որ պահանջը չի բավարարվել, որ պետք է շարունակել մնալ Բաղրամյանում և այսպես շարունակ: 
Իսկ մեկ օր անց պարզվեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդներն ամենևին էլ չեն վերահսկում իրավիճակը, ավելին՝ այլ անձինք են արդեն այդ ամենը փորձում ղեկավարել ու մասամբ նաև ուղղորդում են: Այդ մասին են վկայում «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների՝ Վաղինակ Շուշանյանի, Արթուր Քոչարյանի, մյուսների՝ հունիսի 28-ի և 29-ի հայտարարությունները:
Ավելին՝ այն պահին, երբ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հրապարակեց (Վ.Շուշանյանն ընթերցեց) քննարկմամբ ընդունված որոշում-հայտարարությունը, որը հանգում էր Ազատության հրապարակ վերադառնալուն, որոշակի անձինք էլ ավելի ուժեղացրին իրենց ջանքերը՝ բողոքող ու աստիճանաբար խառնիխուռն դարձող ցուցարար զանգվածին «դեպքի վայրում»՝ Բաղրամյանի սկզբնամասում, պահելու համար: Առավել ևս ակնհայտ էր քաղաքացիական շարժումը քաղաքական պահանջների հուն ուղղորդելու, բազմությանն իրենց նպատակներին ծառայեցնելու նրանց մղումը: 
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ավելի ուշ որպես այդ կարգի գործիչներ անվանեց Արգիշտի Կիվիրյանին և Ժիրայր Սեֆիլյանին: Ի դեպ, անվանապես նշվածներից բացի, նախօրեին ցույցի վայրում իսկապես ակտիվ «աշխատում» էին այսպես կոչված «Հիմնադիր խորհրդարանի» տարբեր ներկայացուցիչներ: Երեկ, օրինակ, մի պահ նաև ոչ անհայտ Անի Զախարյանը փորձեց իր «հեղինակավոր» խոսքն ասել: 
Այսպես թե այնպես, փաստն այն է, որ զգալի թվով ցուցարարներ մնացին Բաղրամյանում, իսկ բուն նախաձեռնության «կորիզը» համախոհների հետ իջավ Ազատության հրապարակ: 
Ճիշտ է, զանազան արկածախնդիրներին չհաջողվեց շարժումը լիովին իրենցով անել կամ բացահայտորեն մղել քաղաքական հուն, բայց նաև ցույցը մնաց Բաղրամյանում, ըստ որում՝ հունիսի 28-ի երեկոյան ու կեսգիշերի սահմաններում իսկապես կարող էր ամեն ինչ շատ ավելի վատ ու ծանր հետևանքներ ունենալ: Որոշ վայ-մեկնաբաններ արդեն մի տեսակ կանխավայելումի մեջ խոսում էին հնարավոր զոհերի մասին: Բնականաբար, հայտնվեցին բռնության կամ ավելի արմատական քայլերի կոչեր անողներ, որոնցից մեկը, ի վերջո, հայտնվեց ոստիկանության «տրամադրության» տակ:
Այս բողոքի ալիքը ոչ միայն ի հայտ բերեց «լուսավոր երիտասարդներին» ու բազմաթիվ ազնիվ, հայրենասեր, նվիրված քաղաքացիների, այլև վերջին օրերին «առաջնային» դիրքերում հայտնվեցին քաղաքականամերձ անհաջողակներ, ում ամենևին պետք չէ հաղթանակ: Նրանց, ըստ երևույթին, պետք է միայն խժդժություն և խառնակչություն, և որ իրենք էլի մի քանի տարի իշխանություններին ու ընդդիմադիր ուժերին քլնգելու, բոլորին ծախված ու դավաճան ազդարարելու «զբաղմունք» ունենան: 
Այսինքն՝ կան և կլինեն անձինք, որ ամենատարբեր մղումներով կարող են զրոյացնել բոլոր այն ձեռքբերումները, որ այս օրերին ունեցավ ակտիվ հասարակությունը, ի լրումն՝ պառակտելով նույն այդ ակտիվ հատվածին: 
   
ՉԿՈՐՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
   
Երեկ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած ցույցի վայրում այնպիսի վիճակ էր, որը կարելի է թերևս որպես անկապ բնորոշել: Պարբերաբար հայտնվում էին նապոլեոնական մղումներով մարդիկ, այս կամ այն անձը մտածում էր, որ հենց ինքն է առաջնորդ, և պետք է, օրինակ, այս կամ այն քայլն անել: 
Ցերեկային ժամերին տարածքը սակավամարդ էր, բայց ոստիկանությունն էլ «հասարակական կարգը վերականգնելու», այսինքն՝ փողոցը բացելու ոչ մի ընդգծված հետաքրքրություն չէր դրսևորում: «Ոչ թալանին» նախաձեռնությունն էլ Ազատության հրապարակում փորձում էր, այնուամենայնիվ, քննարկել իրավիճակն ու պարզել իրենց հետագա անելիքները: 
Ներկայացուցիչներից մեկը (Ա.Քոչարյան) հայտարարում էր պայքարի նոր փուլ մտնելու և ավելի լայն ֆորմատով այն շարունակելու մասին: Միաժամանակ հայտարարություններ էին հնչում մասնագետների ներգրավմամբ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ: Մեկը Բաղրամյան վերադառնալու մասին էր շեշտում, մեկ ուրիշը՝ ոչ: 
Մնում է հուսալ, որ ողջամտությունը, այնուամենայնիվ, կգերակայի, իսկ երիտասարդներն էլ կկարողանան, ի վերջո, կազմակերպված ու միասնաբար հանդես գալ՝ մնալով կառուցողական, արդյունավետ դաշտում և չկորցնել ձեռքբերումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել