1. Իշխանությունները հասկացան, որ ժողովուրդը հոտ չէ, որ ինչ ուզենան՝ անեն: Այսուհետ, կարծում եմ, մեր իշխանությունները որևէ քայլ անելուց առաջ երկար կմտածեն, ոչ թե միանգամից կասեն՝ այլ տարբերակ չկա: ՀԻՄԱ ՏԵՍԱ՞Ք, ՈՐ ՇՈՒՏ ՄՏԱԾԵԻՔ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ 10 ՕՐ ՇՈՒՏ ԿԳՏՆԵԻՔ։
2. Ունեցանք պայքարողների նոր ավանգարդ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, որոնք այս երկրի ապագան են և, անկախ ամեն ինչից, ապացուցեցին, որ պայքարը բերում է իր պտուղները: Հիմա կասեք. ի՞նչ պտուղ բերեց որ: Բոլոր նմանատիպ մտքերի հեղինակների համար ունեմ մեկ պատասխան. բա 10 օր առաջ ո՞ւր էիք, տղե՛րք: Ինչո՞ւ այն ժամանակ դուք ծպտուն չէիք հանում, իսկ հիմա փորձում եք այդ պայծառ երիտասարդներին պիտակավորել: Բա ինչո՞ւ ձեր ձայնը չլսվեց, երբ «կարմիր գծեր են» էին քաշում մեր քաղաքում, բա ո՞ւր էիք, երբ անցյալ կամ նախանցյալ տարի նույն այս հոսանքի գինը բարձրացնում էին, բա ինչո՞ւ էիք պախկվոցի խաղում, երբ գազն էին թանկացնում: Թողեք՝ այդ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ իրենք որոշեն՝ ինչ են անում: Իրենք ապացուցեցին, որ մեզանից լավ կանեն այդ գործը: Ընդամենը մի քանի տարի հետո նրանք արդեն կլինեն և՛ ավելի փորձառու, և՛ ավելի իմաստուն:
3. Մեջբերում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից. «…Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամիներն են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք»։
Հարգարժա՛ն պարոն նախագահ, վերացնել պետք է ոչ թե անվստահությունը, որն արդեն սկսել է տոտալ բնույթ կրել, այլ այն պատճառները, որոնք ծնում են այդ անվստահությունը: Իսկ պատճառները ես կարող եմ մատնանշել: Երբ Շմայսի փոխարեն պատգամավոր կլինի այն գրագետ և բանիմաց երիտասարդը, ով այս մեկ շաբաթվա ընթացքում կանգնած էր Բաղրամյան պողոտայում, երբ մոնոպոլիստ լֆիկների փոխարեն բիզնեսով կզբաղվեն միայն Ռուբեն Վարդանյանը և նրա նմանները, երբ կրիմինալը կլինի բանտերում, այլ ոչ թե չինովնիկների հարմարավետ բազաթոռներում, երբ քաղաքապետերը փողոցները կասֆալտապատեն ոչ թե հունիսի 31-33-ին, այլ հունիսի 1-30-ը, երբ երիտասարդներն աշխատանքի կընդունվեն ոչ թե Հանրապետական կուսակցության կուսգրքույկով, այլ իրենց իրենց գիտելիքներով, երբ մարզպետները կլինեն ոչ թե բդեշխներ, այլ ժամանակակից մենեջերներ… այդ ժամանակ պետք չի լինի հրավիրել «աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն»՝ աուդիտ անելու համար: Այդ ժամանակ վստահությունը, ինչպես կասեր նախկին քաղաքական գործիչը, «ինքստինքյան» կվերականգնվի, և «սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով»։
4. Առաջին անգամ հրապարակում ժողովրդի հետ հայտնվեցին մեր հոգևորականները: Կարծում եմ՝ սա Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ ձեռքբերումն է անկախությունից ի վեր:
5. Եվ վերջին նկատառումը, որը ես հատուկ ուշացումով եմ գրում. այն, ինչ կատարվեց հրապարակում Արմեն Աշոտյանի այնտեղ հայտնվելու օրը: Էական չէ, ճիշտ էր Արմեն Աշոտյանի այնտեղ գնալը, թե՝ ոչ: Այդ դեպքից հետո ես ինձ համար երկու բացահայտում արեցի 1. Աշոտյանի՝ այդ դեպքից հետո ոչ մեկն այդքան չէր ուրախացել և խանդավառվել, ինչքան հանրապետականների մի ստվար զանգված: Տղե՛րք, այդքան մի ուրախացեք, եթե մի փոքր պլոճիկ ունենայիք և այնտեղ հայտնվեիք, ձեզ հետ շատ ավելի վատ էին վարվելու:
6. Ուղիղ 7 օր հանրապետությունից անհետացել էին «ամենադուխով» տղերքը, ովքեր առօրյայում իրենց դնում են «կինոյի տղու» տեղը, ման են գալիս առնվազն երեք ավտո «ախռանայով» ու խաշ-խորովածի սեղաններին պնդում, որ առանց իրենց էս ազգը կորած է: Տղերք, էս ո՞ւր եք, աուուո՜ւ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/957418014300763?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել