Ես կարող եմ սխալվել, կուզեի սխալվել։
Երբ հասարակական կյանքում լինում են իրադարձություններ, ու դրանց հստակ գնահատականներ չեն տրվում, ապա ամեն ինչ խեղաթյուրվում է, թացն ու չորը խառնվում են: Օրինակ, երբ Շանթ Հարությունյանը ելավ «զենք ու զրահով» «հեղափոխության», շատերը սկզբից բացասական վերաբերվեցին, սակայն հետո սկսեցին արդարացումներ գտնել:
Իմ կարծիքով, ինչքան էլ նա լավ կռված տղա է կամ հայրենասեր, իր արածն օրինազանցություն է, և նա պետք է օրենքով սահմանված պատիժ կրի:
Հիմա էլի նույն բանն է կատարվում, մարդկանց համար Բաղրամյան պողոտայում արդեն այդքան էլ հետաքրքիր չեն սակագները: «Առաջնամարտիկներից» մեկի հետ խոսեցի, ասում եմ՝ եթե հիմա Սերժ Սարգսյանն ասի` չեղարկում եմ, տուն կգնա՞ք, ասում է. «Չէ, ես իրեն չեմ հավատում, թող ուրիշ մեկն ասի»: Ասում եմ՝ ո՞վ, պատասխանում է. «Եսիմ»: Մի երկուսն էլ նինձյա էին դառել, մենակ աչքերն էին երևում: Ասում եմ՝ ինչի՞ ես դեմքդ փակել, ասում է` «ուղղակի»:
Ու այդ մարդկանցից շատերին հիմա փորձում են ազատության համար մարտիկներ դարձնել, արդարացնել: Կարծում եմ՝ սխալ է: Պետք է հստակ գնահատական տալ, որ մյուս անգամ խելքին մեկ այլ բան չփչի, ու չսկսի լուրջ դեմքով խոսքեր ասել, իսկ շատ լրագրողներ էլ դրանք տարածեն:
Հիմա այն, ինչ փորձում են անել, ցույցին արմատական քաղաքական բնույթ հաղորդելն է, սոցիալական բողոքի շրջանակներից դուրս բերելը և տանելը կոնֆրոնտացիայի: Նման փորձեր Հիմնադիր (վախենալու է ասել) խորհրդարանի ներկայացուցիչները փորձեցին անել 2013-ին, երբ նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող Րաֆֆիի կողմնակիցներին ցանկացան տանել դեպի նախագահական նստավայր:
Հիշում եմ Ժիրայրին, երբ գոռում էր՝ «առաջ, առաջ»` շփոթելով Երևանի կենտրոնն Աղդամի հետ:
Կամ որ նույն տակտիկան ուզում էին կիրառել ապրիլի 24-ին: Ինչո՞ւ, որովհետև քիչ են, սակայն կազմակերպված են ու արմատական քաղաքական ուղղություն ունեն: Իսկ քանի որ քիչ են, փնտրում են առիթներ, բողոքի ալիքներ՝ դրա գլխին կանգնելու համար: Իսկ երբ ակցիան ամբողջությամբ քաղաքականցվեց, ու, Աստված մի արասցե, արյուն թափվի, ապա իմացեք, այդ մարդիկ ցույց կտան իրենց ողջ «պերճանքն ու հմայքը»:
Ես կարող եմ սխալվել, կուզեի սխալվել...