Այս պահից սկսած՝ լրատվական դաշտի գիգանտներն ու տարբեր տրամաչափի վերլուծաբանները պետք է ծայրահեղ զգույշ լինեն իրենց տված գնահատականներում, քանի որ իրականում իրավիճակի սրման պատճառ կարող են հանդիսանալ հենց իրենք` շրջանառության մեջ գցելով կեղծ ու հորինված, ուղղորդող ու պանիկա առաջացնող տեղեկատվություն:
Տարաձայնություններով լի գիշերն արդեն անցել է, փոխադարձ վիրավորանքներն ու մեսիջներն արդեն տեղ են հասել, ժողովուրդն ինֆորմացված է, այնպես որ, մի՛ փորձեք ժողովրդին ապակողմնորոշել, դրանով դուք միայն ավելի եք լարում առանց այն էլ լարված իրավիճակը:
Վերականգնենք ակցիայի խրոնոլոգիայի կարևորագույն պահերը վերջին երկու օրերի ընթացքում.
1. Ի պատասխան ակցիայի մասնակիցների 3 պահանջների` իշխանության կողմից հնչեց մի պատասխան, որը բավարարեց նախաձեռնող խմբի և ակցիայի մասնակիցների մի մասին: Նշում եմ` մի մասին:
2. Բոլոր նրանք, ում այդ պատասխանը բավարարեց, տեղափոխվեցին Ազատության հրապարակ կամ ուղղակի գնացին տուն:
3. Բոլոր նրանք, ում այդ պատասխանը չգոհացրեց, մնացին Բաղրամյանում:
4. Կանխատեսելի էր, որ իրավիճակը լարվեց, և սադրիչների թիվն ավելացավ, ու դա շատ բնական էր, որովհետև նախ տեխնիկական թերզինման պատճառով ցույցի բոլոր մասնակիցները չէին կարողանում լսել հարթակից ելույթ ունեցողներին, երկրորդը` համացանցը սևեռված էր ոչ թե կառուցողական խնդիրների վրա, այլ թե ով ում ինչ քֆուր տվեց:
5. Իրենց փայլուն դրսևորեցին նաև կենդանի պատ կազմած մարդիկ: Չնայած այն բանին, որ նրանց մի մասի հանդեպ կա ընդգծված թերհավատություն, այս մարդիկ, ի տարբերություն մոնիտորների հետևից խորհուրդներ տվող վայ հայրենասերների, օր ու գիշեր կանգնած են իրադարձությունների կիզակետում: Ես, մի կողմ դնելով իմ անձնական վերաբերմունքը, կարող եմ վստահ ասել, որ նրանցից մի քանիսի ակտիվ գործունեությունների արդյունքում երեկ իրադարձությունները չզարգացան ոչ ցանկալի հունով:
6. Գոնե այս պահից սկսած՝ որևէ մեկն իրավունք չունի մյուսին մեղադրելու «սեփական դափնիները» սեփականաշնորհելու հարցում, քանի որ այս պահից սկսած՝ Բաղրամյան են գնալու նրանք, ովքեր չեն ստացել իրենց պահանջի բավարարող պատասխանը, իսկ Ազատության հրապարակում են լինելու նրանք, ովքեր ինչ-որ տեղ բավարարվել են պատասխանով, բայց շարունակելու են իրենց պայքարը` մինչև վերջնական հաղթանակ:
7. Ժողովուրդը երեկ որևէ սադրիչի կողմից չխաբվեց, սակայն հնարավոր է, որ հետայսու ասպարեզ գան ոչ թե ինքնաբուխ սադրիչները, այլ կոնկրետ նպատակներ հետապնդողներ:
8. Այս պահին բոլոր կողմերի նախագծած սցենարները չեն իրականանում: Ցուցարարները որևէ կողմի թակարդը չեն ընկնում և շարունակում են պահանջել այն, ինչ պահանջել են մեկ շաբաթ առաջ:
Հիմա ամենակարևորի մասին.
Այս իրավիճակը կոչվում է պատային իրավիճակ, որովհետև Ժողովուրդն իր միակ «Չեղարկում» պահանջին ստացել է լրիվ այլ պատասխան: Ինչքան այս անորոշ իրավիճակը ձգձգվի, այնքան իրավիճակը ևս կարող է լրիվ այլ զարգացում ստանալ:
Հ.Գ. Իմ լավ ու իմաստուն ժողովուրդ, հիշեք, որ մենք չունենք բարիկադի տարբեր կողմեր: Հույս ունեմ, որ իմաստուն միտքը կհաղթի, ու մենք նորից կվերադարձնենք մեր խաղաղությունը: