Այսօր ընթերցեցի ոմանց էջերը (ինքս գիտեմ՝ ում), որ հասկանամ հայաստանյան մայդան ուզողների տրամադրությունը։ Ապշեցի։ Ուրեմն նրանք հարթակում չկան, չեն երևում, բայց պատերին այնպիսի գրառումներ են, կարծես իրանք են կառավարում ամեն ինչ։ Ու ես գիտեմ, որ այդպես չի, բայց այդպես նրանք իրենց օրակարգն են ի վերջո թելադրելու (մեխանիզմները կան, ու դրանք կազմակերպչական են, մի բան, որի կարիքը շուտով կզգացվի, ու իրենք կհայտնվեն, օրինակ ՎեբԷջը)։ Իսկ այն շատ հեշտ է թելադրել՝ բողոքի բովանդակությունը չեզոքացնել՝ բողոքի ձևը պահել։ (Սա էլ է հեշտ ստուգելի, եթե լուսաբանվում է գործընթացը, բայց խնդրի մասին փաստարկումներ չկան, այն չի քննարկվում և այլն)։ Արդյունքում՝ ցանկացած առաջարկ մերժել, իշխանության կողմից ցանկացած շարժ քննադատել, ասել, որ դա լուծում չի, կարևորը բողոքն է։
Օրինակի համար, մտել եմ հայտնի մի կերպարի էջ, ով իր կյանքի ամբողջ գիտակից իմաստը նվիրել է Հայ առաքելական եկեղեցին քննադատելուն, ու մեր հասարակությունը պառակտելուն (հասկանալի է՝ ում փողերով)։ Այսօր նա միասնության կոչ է անում իր էջում, դրանք ոչ թե կոչեր կամ խորհուրդներ են, այլ հրահանգներ է գրում, թե ինչը ոնց անել, որ եթե ինչ-որ որոշում դժվար է կայացնել, ու կարող է՝ ցուցարարների տարբեր խմբեր չհամաձայնվեն, ավելի լավ է ոչ մի որոշում չկայացվի, բայց ցույցն ու բողոքը պահպանվի։ Վերոնշյալ բանաձևում դա նշանակում է՝ ցույցի բովանդակությունը մի կողմ դնել, պահել ձևը՝ մայդանը։
Ինչ ասեմ, եթե այս անորոշությունը պահպանվի, օրակարգը ձեռներիցդ գնալու է, ու վերջում էլ պարզվելու է, որ ռուսական մամուլը ճիշտ էր, որ Սերգեյ Մարկովը ճիշտ էր։ Դա՞ եք ուզում։ Ես չեմ ուզում, արյուն ես չեմ ուզում։
Իսկ որոշման կայացման համար պարզ ձև կասեմ։
Այն ենթադրում է պատասխանատվություն, որը ոչ ոք չի ուզում վերցնել իր վրա։ Ասվել է աուդիտ, ասում են՝ չենք ուզում։
Հարց (սա ամեն մեկն ինքն իրեն կարող է տա)՝ ցանկանո՞ւմ եք՝ աուդիտից հրաժարվենք, ու այն չարվի։ Ազնվորեն պատասխանեք այս հարցին, ոչ թե ասեք՝ «մեկ ա՝ անելու են, ինչ լավ ա՝ անելու են, բայց ցույց տամ իբր դա իմ ուզածը չի, որ չստացվի՝ ինձ բավարարեցին»։ Եթե չեք ուզում, հենց վաղը պաստառ վերցրեք ու վրան գրեք՝ «հրաժարվում ենք աուդիտից, թող ՀԷՑ-ը չստուգվի»։
ՀԳ
Ու սա կլինի բովանդակային պարտություն, քանի որ «ոչ թալանին» պահանջը այլ բան է ենթադրում։