Արյունոտվելու աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով ու ցավից ձայն չհանելով` լուսաբացը մոտենում էր պատուհաններին:
Ֆրանսիական լուսաբացն իր բոլոր էլևէջներով տարբերվում էր հայկականից, որը միշտ ավելի հարուստ էր գույներով ու ավելի զգայելի:
Վերջապես իրականացավ երազանքը:
Արդեն տասնհինգ տարի է, ինչ այստեղ է ու դեռ չի կարողանում ցանկացած պարագայում համեմատություն չանել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:
Վաղուց էր երազում լինել պատմական հայրենիքում, և հիմա կարծես իրականացավ երազանքը:
Հաղթելով դաշնակահարների մրցույթում` նվաճել էր Հայաստանում համերգներով հանդես գալու հնարավորություն:
Արսեն Թաշչյանը` արդեն անվանի դաշնակահարը, նայում էր աստիճանաբար լուսավորվող պատուհաններին:
Երեկ էր, երբ ուսուցչուհին` Սիսիլ Լենդրյուն վերջին ցուցումներն էր տալիս նրան:
- Այս ակորդը վերցնելիս անպայման շունչդ կպահես, դաստակդ պետք է մի քիչ իջնի:
Այս պահը ամենագլխավորն է, ժյուրին հիմնականում դրան է ուշադրություն դարձնելու:
Դեռ երեք տարի առաջ էր, երբ մի անգամ ինչ-որ ակորդ ճշտելու համար Սիսիլն այնքան մոտեցավ, որ փորը կպավ Արսենի ձեռքին, իսկ լանջաբացվածքր հայտնվեց ուղիղ աչքերի դիմաց, ու Արսենն իրեն չկորցրեց: Համբուրեց շրջազգեստից երևացող կուրծքը: Սիսիլ Լենդրյուն չկարողացավ կամ չցանկացավ դիմադրել ցանկությանը, ու խախտելով աշխատանքային կանոնները` հանձնվեց անփորձ Արսենին:
Այդ օրվանից էլ սկսվեց ոչ միայն դաշնամուրի, այլև սեռական դասերի մի երկար ու հաճելի ժամանակահատված:
* * *
- Արսե´ն, վե´ր կաց, սուրճի ժամն է: Հիմա Պերճուկն էլ կգա,- մայրն է` տիկին Վարդուհին:
Պերճուկն էլ հարևանի աղջիկն է` Պերճուհին, որին չգիտես ինչու, և´ հայրը՝ պարոն Սարգիսը, և´ մայրը անպայման ցանկանում են տեսնել որպես իրենց հարս:
Պերճուհին անտանելի թափանցիկության հասնող սպիտակ մարմին ունի, ու ծիծաղելիս էլ` երևում են կարմիր լնդերը:
Ճիշտ է, նա երտասարդ է` ընդամենը քսանմեկ տարեկան, բայց Արսենի աչքում մի քանի տասնյակ անգամ զիջում է իր Սիսիլին:
Սիսիլը երեսունհիգ տարեկան է, բայց ավելի կենսուրախ ու ձգող:
- Նորի´ց Պերճուկ: Ի՞նչ է, առանց նրա սուրճ չի՞ խմվի: Մա´մ, իմ սուրճը բեր այստե´ղ, լա՞վ:
- Լա´վ ընտանիքի աղջիկ է, եզակի` ազնիվ, աչքը` բաց, ինչո՞ւ չես հավանում, չեմ հասկանում:
Ես և հայրդ երեկ գիշեր որոշեցինք, որ իմ փոխարեն քեզ հետ հայրենիք պետք է գա Պերճուհին: Չեմ կարող հորդ մենակ թողնել, իսկ Պերճուկը կլինի քո գործավարուհին ու նվագելիս կլինի կողքիդ, գոնե նոտաներդ կշրջի: Համ էլ իր հայրենիքում չի եղել երբեք:
- Մա´մ, իմ փոխարեն դո՞ւք եք որոշել: Ես չեմ ցանկանում…
- Լավ էլ կցանկանա´ս, - սուրճի բաժակը ձեռքին`Արսենի ննջարան մտավ հայրը:
Երբ մայրը դուրս եկավ ննջարանից, հայրը տեղավորվեց փոքրիկ բազկաթոռին, հանեց ակնոցներն ու…
- Քո այդ Սիսիլը քեզ ապագա չէ: Ի՞նչ է, քեզ թվում է` ես չե՞մ հասկանում: Մորդ կխաբես, բայց ո´չ ինձ: Վերջացրո´ւ , համարյա մորդ հասակակիցն է: Ա´յ, Պերճուկը…
- Արսե´ն, հագնվի´ր, արի´, Պերճուկը եկավ, քեզ նվեր է բերել:
Երբ Արսենը մտավ հյուրասենյակ, Պերճուհին վեր կացավ բազկաթոռից, չգիտես ինչու` կարմրած դեմքով Արսենին մեկնեց մի դրամապանակ:
* * *
Ինքնաթիռում, ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը տարան Հայաստան: Հիշեց իր դպրոցը, դասարանը, դասարանցիներին, հատկապես` երգի ուսուցչուհուն, որն ամենանորաձևն էր համարվում դպրոցում, ամենակարճ շրջազգեստն էր հագնում, ու բոլոր տղաները սիրահարված էին նրան:
* * *
Երևանն ընդունեց իր մառախլապատ երկնքով ու ժամանակակից օդակայանով, որն Արսենին շատ դուր եկավ:
Դիմավորելու էին եկել Մշակույթի նախարարության աշխատակիցներ` ծաղիկներով ու ժպտացող դեմքերով:
Առանձնանում էր հասակակից մի տղամարդ, որը բոլոր ծաղիկները Պերճուհուն տալուց հետո մտավ Արսենի թևն ու մի կողմ տանելով` ասաց.
- Ձեզ տեղավորելու ենք Օպերայի և բալետի շենիքին շատ մոտ`<Հին Էրիվան> հյուրանոցում, որ հարմար լինի: Մի հարց կարելի՞ է: Ձեզ երկուսիդ մեկ ընդհանո՞ւր համար է անհրաժեշտ, թե՞ առանձին-առանձին: Ասացեք, որ մինչ տեղ հասնելը ես զանգեմ, զգուշացնեմ:
- Իհարկե, առանձին-առանձին: Ի՞նչ հարց է:
- Արսե´ն, մենք դեռ խոսելու շատ բան ունենք` համերգներիդ առնչվող, - միանգամից դու-ի անցավ նախարարության աշխատակիցը:
- Կլինեն բազմաթիվ առաջարկներ` օրակարգից դուրս: Հուսով եմ` ինձ կվստահես քո ֆինանսական հարցերը, դեմ չես լինի: Իմ անունը Մեսրոպ է:
- Դե, ո´չ, իհա´րկե, Մեսրո´պ,- Արսենը միանգամից հասկացավ դիմացինին:
- Ցանկացած պահի կարող ես զանգել,- Արսենին մեկնեց այցեքարտը:
* * *
Հյուրանոցի համարներն իրար կողքի էին:
Տեղավորելով իրերը` Արսենը ոտնաձայներ լսեց: Պերճուհին էր:
- Առանց թակելու մյուս անգամ չմտնե´ս ներս, մի՞թե չես հասկանում:
- Եկա անկողինդ դասավորեմ, Արսե´ն, ինչո՞ւ այդքան կոպիտ: Եվ հիշի´ր, միշտ դուռդ փա´կ պահիր:
Նորից երևացին կարմիր լնդերը, որոնք ազդում էին Արսենի նյարդերի վրա:
- Զբաղվի´ր քո գործերով, հասկացա՞ր: Դու միայն իմ նոտաներին կհետևես:
* * *
Համերգներն անցնում էին անկանխատեսելի հաջողությամբ:
Ամեն համերգից հետո երկրաչափական պրոգրեսիայով ավելանում էին դոլարների տեսքով հոնորարները ,որոնք խնամքով հավաքվում էին Պերճուհու կողմից նվիրած դրամապանակի մեջ:
Ավելանում էին նաև կանանց ու աղջիկների այցեքարտերը` շարժելով Պերճուհու անիմաստ ու անցանկալի խանդը:
Մեսրոպին և Արսենին հաջողվում էր բարձրացնել տոմսերի գները և ավելացնել համերգների քանակը:
<Վերջապես մի բնակարան կգնեմ Փարիզում, որտեղ կարող եմ ընդունել Սիսիլին այնպես, ինչպես ես եմ երազել>:
Արսեն Թաշչյանը գոհ էր իր ճակատագրից, ինչպես երբեք:
Այնքան կլանված էր գործով, հատկապես` չնախատեսված համերգներով, որ չկարողացավ մի կարգին տեսնել իր` երբեմնի այդքան սիրած Երևանը:
Որոշել էր, որ վերջին համերգից հետո երկու օրվա ընթացքում գոնե կշրջի մի քիչ:
…Վերջին համերգը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր: Ավարտից հետո, երբ մտավ տնօրենի մոտ ու մի անգամ էլ հարստացրեց իր դրամապանակը, համարեց, որ կատարել է իր առջև դրած խնդիրը:
* * *
- Նորից դուռը չես փակել, Արսե´ն,- Պերճուհին մտավ Արսենի համարը:
<Ավելորդ է սրան բան հասկացնել>,- մտածեց Արսենն ու տեղից վեր կացավ:
- Մենք վաղն առավոտյան վերադառնում ենք: Մնաց մեկ գիշեր, հավաքի´ր իրերդ կամաց-կամաց: Ես դուրս եմ գալիս մի վերջին անգամ գիշերային Երևանը տեսնելու:
- Ես էլ եմ ուզում, Արսե´ն…
- Ոչ, դու հո իմ ստվե՞րը չես: Հանգիստ նստի´ր տեղդ, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս:
Իջավ առաջին հարկ, նայեց բազկաթոռների մեջ նստածներին, որոնցից շատերըին արդեն ճանաչում էր, բարևեց գլխով և, երբ ցանկանում էր դուրս գալ, տեսավ ներս մտնող մի աղջկա:
Ճանապարհ տվեց ու հետո կարծես փոշմանելով` հետևից կանչեց.
- Ընկերուհի~, դուք լա՞վ գիտեք Երևանը:
Աղջիկը գլխով արեց ու մոտեցավ:
Դուրս եկան փողոց:
- Ի՞նչ է պետք, իհա´րկե գիտեմ, ուզո՞ւմ եք ուղեկցեմ:
- Ինձ հարկավոր է մի լավ խանութ`կանացի հագուստի, մորս համար նվեր եմ գնելու:
- Մեզ մոտ լավ խանութներում ամեն ինչ թանկ է, եթե …
- Ունեմ, իհարկե,- Արսենը ծոցագրպանից հանեց ու ցույց տվեց ցմփոր դրամապանակը:
Երկար շրջեցին: Սրճարանում աղջիկը պատմեց, որ ապրում է հիվանդ մոր և փոքր քրոջ հետ և ստիպված է ընտրել հին մասնագիտությունը, ուրիշ աշխատանք չկա:
Լաց եղավ` զարմացնելով Արսենին, որ Հայաստանում էլ կա նման խնդիր:
Հետո մի քիչ խմեցին:
Երկուսն էլ գինովցած էին, երբ մոտեցան շքեղ ցուցափեղկով մի խանութի:
Արսենն աղջկան առաջարկեց միասին ընտրել կանացի հագուստ:
<Նույն Սիսիլի կազմվածքին է, նրա հագով էլ կառնեմ>:
Երբ մի մեծ տոպրակով պատրաստ էր Սիսիլի համար գնված նվերները, որոնց մեջ կային նաև կանացի թանկագին ներքնաշորեր, աղջիկը` Աննան, կասկածանքով հարցրեց.
- Քո մայրն իմ կազմվածքի՞ն է:
Արսենն առանց ձայն հանելու դրամապանակից հանեց ու նրան մեկնեց հարյուր դոլարանոց թղթադրամ:
- Գնի´ր, ինչ կամենում ես, քեզ կամ քրոջդ համար, ես այստեղ կսպասեմ:
Դրամարկղում վճարելուց հետո աղջիկը բռան մեջ սեղմած դրամի մանրը մեկնեց Արսենին:
- Թո´ղ, դա քոնն է:
Մտան հյուրանոց: Դեպի վեր տանող աստիճաններին կանգնած էր Պերճուհին ու եղունգներն էր կրծում:
Զարմացած նայեց իր կողքով անտարբեր անցնող զույգին ու անօգնական ձեռքերն իջեցրեց:
* * *
Համարում երկուսով էին:
- Ես քեզ այնպե´ս կսիրեմ, ինչպես` ո´չ ոք, Արսե´ն: Դու երևի չգիտես, թե ինչ կարող եմ ես անել տղամարդուն: Ես կարողանում եմ շնորհակալ լինել: Միայն հարկավոր է խմիչք գնել: Ուզո՞ւմ ես, ես կգնամ բերելու:
- Ո´չ, լողասենյակն այնտե´ղ է, - ձեռքով ցույց տվեց Արսենը, - ես հիմա կգամ:
Երբ հրեց դուռը դուրս գալու համար, հասկացավ, որ ինչ- որ մեկին հրեց:
Պերճուհին էր:
- Դու ի՞նչ է, լրտեսո՞ւմ ես: Զզվեցի´ր արդեն, ինչո՞ւ չես քնել, ո՞ր մեղքիս համար ես ծնվել:
- Արսե´ն, այդպես չի կարելի: Դրանք թեթևաբարո աղջիկներ են: Դու ի՞նչ է…
- Քո գործը չէ, կորի´ր աչքիցս:
* * *
Աննան կիսամերկ պառկած էր անկողնում, երբ Արսենը մի շիշ <Աշտարակ> ձեռքին մտավ ներս:
Նստեց անկողնուն, բացեց գինու շիշը, լցրեց բաժակները…
- Լողասենյա´կ, Արսե´ն, արա´գ, մինչև ես էլ սուրճ պատվիրեմ:
… Առաջին բաժակից հետո Արսենը զգաց, որ գլուխն անսովոր պտտվում է, ու կոպերը ծանր կապարների նման իջնում են աչքերին: Փորձ արեց գրկելու Աննային, բայց բերանքսիվայր ընկավ անկողնուն:
….Առավոտյան, երբ բացեց աչքերը, գլուխն անտանելի ցավում էր, սենյակում խառնիխուռն թափված էին իրերը:
Աչքերով փնտրեց ու չգտավ Սիսիլի համար գնված նվերների այն մեծ, գեղեցիկ տոպրակը, որ դրել էր բազկաթոռին:
Արագ վեր կացավ, մի կերպ քայլեց դեպի հատակին ընկած բաճկոնը, փնտրեց ու գրպաններում չգտավ դրամապանակը:
* * *
Արյունոտվելու աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով ու ցավից լուսային ձայներ հանելով` Երևանյան լուսաբացը մոտեցել էր պատուհաններին:
Դուռը բացվեց ու ներս մտավ Պերճուհին:
- Սուրճ պատվիրե՞լ ես: Մեկ ժամից շարժվելու ենք: Ի՞նչ է այստեղ կատարվում, Արսե´ն:
- Դո´ւրս այստեղից, դո´ւրս,- բղավեց Արսենը, ու ձեռքով սկսեց ինչ-որ բան փնտրել, որ շպրտի դեպի նա:
* * *
Ինքնաթիռում, ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը Փարիզում էին: Պատկերացրեց, թե ինչպես է նայելու հորը, մորը, որոնց Պերճուհին անպայման կպատմի եղածը:
Պետք է ինչ-որ կերպ համոզել Պերճուհուն, որ լռի:
Պերճուհին տեղում շարժվեց, բացեց աչքերը, ժպտաց` ցույց տալով կարմիր լնդերը:
Արսենի ջախջախված հայացքն այս անգամ զզվանքով չթեքվեց նրանից, այլ զարմացած՝ ավելի ուշադիր նայեց չգիտես ինչու ժպտացող այդ թյուրիմացությանը:
Պերճուհին բացեց ծնկներին դրած պայուսակը, միջից հանեց դոլարների մի խուրձ ու մեկնեց Արսենին:
- Երբ նա լողարանում էր, դու էլ իջար գինի գնելու, ես քո դրամապանակը լցրեցի այցեքարտերով, իսկ դրամը վերցրեցի: Քանի անգամ էի ասել, որ դուռը փակ պահես:
Իսկ դրամապանակ` ես քեզ նորը կնվիրեմ, հիմա´ր Ռոմեո…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/blognews.am?sk=messages_inbox&action=read&tid=id.312276035532713
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել