Առաջին անգամ քեզ առաջարկում են «փորձել»... Դե դու էլ մտածում ես՝ «լավ, է՛հ, ի՞նչ է եղել որ... Մի «փորձելը» չի խանգարի, փորձը փորձանք չի բերում»: Ու իհարկե «փորձում ես», և այն քեզ տանո՜ւմ, հասցնում է երազների աշխարհ, պարգևում ամենադրական էմոցիաները, մոռացության տալիս իրական կյանքում առկա դժվարություններն ու խնդիրները: Դրական ապրումներից և զգացողություններից հետո, բնականաբար, դու կրկին ցանկություն ես ունենալու «փորձել» և իհարկե «փորձելու» ես... Եվ այսպես աստիճանաբար ավելի ու ավելի հաճախակի են դառնալու այդ «փորձերը»... Ու մի օր՝ շատ կարճ ժամանակ անց, հասկանալու ես, որ դա արդեն այլևս «փորձ» չէ, այլ ապրելակերպ, որ դա քո «սնունդն է»՝ «հացը», «ջուրը», միակ զբաղմունքն ու միակ հետաքրքրությունը: Հասկանալու ես, որ դու «սիրում ես» նրան կյանքիցդ էլ շատ, և առանց նրա կյանքն ուղղակի կիսատ է: Պատրաստ ես լինելու կատարել ցանկացած գործողություն՝ նրան գտնելու և կրկին «փորձելու» համար (բայց դա վաղո՜ւց այլևս փորձ չէ)... Պատրաստ ես լինելու հանցագործության, մարդասպանության, ամենաարատավոր արարքին անգամ, պատրաստ ես լինելու զրկվել ոտքից, ձեռքից, միայն թե ունենաս նրան: Եվ ամենասարսափելին. պատրաստ ես լինելու զրկվել այն ամենից, ինչ դու ունես և ձեռք ես բերել քո ողջ կյանքում: Պատրաստ ես լինելու անգամ կործանել սեփական ընտանիքդ՝ ծնողիդ, երեխայիդ, սիրելիիդ, միայն թե ունենաս նրան: Եվ արդեն մահվան մահճում դու հիշելու ես այն մարդուն, ով քեզ առաջարկեց «փորձել», և հասկանալու ես, որ այդ առաջարկը կյանքդ և ողջ ունեցածդ քեզնից խլելու համար խելամտորեն լարած սատանայական թակարդ էր: Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ԱՊՐԵՔ ԱՌՈՂՋ:



