Այն, որ Բաղրամյանի ցուցարարների շարքում տասնյակ ոստիկաններ ու ԱԱԾ-ի աշխատակիցներ կան, որոնք օպերատիվ աշխատանք են իրականացնում, պարզ է, թեև ցույցը ցրելուց հետո չեմ նկատել ոչ մի ակնհայտ սադրանքի դեպք նրանց կողմից։ Սակայն ցուցարարների շարքում միայն ուժային կառույցները չեն, որ սադրիչներ ունեն։ Ես չեմ ուզում խորանալ դավադրության տեսությունների մեջ, չեմ ուզում խոսել տարբեր այլազգի կասկածելի կերպարների մասին, որովհետև դրանց մասին քիչ տեղեկատվություն ունեմ, բայց մի բան կարող եմ ասել հստակ ու ամենայն պատասխանատվությամբ։
Գնալով ավելի անթաքույց է դառնում ՀԱԿ-ի սադրիչ գործելաոճն այս ամենի համատեքստում։ Բացի նրանից, որ ֆեյսբուքում ու լրատվական դաշտում քիչ թե շատ կշիռ ունեցող ՀԱԿ-ականներն են գնալով փոխում իրենց հռետորիկան՝ ավելի վստահ ու ակնհայտորեն թեման դեպի իշխանափոխության պահանջ տանելու փորձերով, գործի են անցել «լևոնական ԲՏՌ»-ները, որոնք հենց տեղում են ձգտում աննախադեպ խաղաղ ու դրական էներգետիկայով ցույցը ծայրահեղացնել ու ագրեսիվացնել։ Օրինակ՝ այսօրվա երկու սադրիչ կանայք, ովքեր պահանջում էին ցուցարարներից, որ նրանք բախման գնան ոստիկանների հետ, երդվյալ լևոնականներ են ու մշտական մասնակիցներից են ՀԱԿ-ի սակավաթիվ դարձած հավաքների ու ցույցերի։
ՀԱԿ-ի մոտիվները պարզ են։ Այս բողոքի ալիքի սկսվելու պահին ՀԱԿ-ը հայտնվել էր քաղաքական-հասարակական լուսանցքից դուրս, ու եթե ինչ-որ կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա ՀԱԿ-ը մեկընդմիշտ լքելու է քաղաքական ասպարեզը, բայց, ինչպես գիտեք, ամեն ընդվզում, ամեն անկայունություն նոր հնարավորությունների աղբյուր է, այդ թվում նաև քաղաքական դիակների համար, և այժմ ՀԱԿ-ը ձեռնամուխ է եղել իր համար դիվիդենտներ քաղելուն և կարծես թե խաղադրույք է արել իրենց ավանդական դիրքորոշման վրա՝ անհանդուրժողականության գագաթնակետ գործող իշխանությունների ու իրենց դիրքորոշումները չկիսողների հանդեպ և ծայրահեղականացում։
Սոցիալական այյս ընդվզումը մի օր վերջանալու է այսպես, թե այնպես, ու ՀԱԿ-ում էլ դա հասկանում են, ուստի արդեն հիմիկվանից աշխատում են այն բանի վրա, որ հնարավորինս շատ բան քաղեն դրանից, դե իսկ միջոցների առումով ՀԱԿ-ը երբեք էլ աչքի չի ընկել առանձնակի բծախնդրությամբ. եթե պետք է՝ կարող են նախկին ասածները մոռանալ, եթե պետք է՝ կարող են օլիգարխիկ փողերով սնվել, եթե պետք է՝ կարող են բախում հրահրել փորձել էլ...