Այսօր հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի հիշատակի օրն է:
Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983):
1929 թ.-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ.-ին ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–48 թթ.-ին միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–56 թթ.-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Երջանկության մեխանիկան» (1982 թ.) և այլն: 1991 թ.-ին` Մոսկվայում, 1996 թ.-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: