Այս օրերին մեզանից շատերը, եթե ոչ բոլորը, միանգամայն հասկանալիորեն վրդովված են այն երևույթից, թե ռուսական մի շարք լրատվամիջոցներ, հատկապես՝ «կենտրոնական» հեռուստաընկերություններ, ինչպես են միտումնավոր խեղաթյուրում մեր երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները, իրադարձությունները: Նմանապես վրդովեցնում են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական մի շարք «լրաստեղծների», ոչ բարով՝ «փորձագետների» (ճիշտ է ասել՝ տեղով փորձանքների) ախմախ և ուղղորդված, նաև՝ ուղղորդման հաշվարկով «մեկնաբանությունները», որոնցով, «ականջներից քարշ տալով», փորձում են հոսանքի թանկացման դեմ պայքարը, մեր լուսավոր երիտասարդների նախաձեռնած սոցիալական ընդվզումը ներկայացնել որպես «մայդան» կամ «արևմտյան հուշումներով գունավոր հեղափոխություն» ու էլի նման ինչ-որ բան:
Այդպես էլ ուզում ես ասել. արա, էդ ձեր տխմար «դատողություններով» ու «մուտիտներով» ռադներդ քաշեք ձեր քորազչական ստեպներն ու շարունակեք զբաղվել ձեր եղբայրասպան «աշխատանքով»: Մի խոսքով, արեք այն, ինչն արտահայտվում է մեր հայկական ազգանունների վերջավորությամբ, կառոչե՝ «Յա՛ն տվեք մեզնից»: Բայց:
Ամեն ինչ, որպես կանոն, մենակ սև կամ սպիտակ չէ: Այս օրերին նաև Երևան են եկել (գործուղվել) տարբեր օտարերկրյա լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր, լրագրողներ: Հասկանալի է՝ նաև ռուսական: Հասկանալի է նաև, որ մեր քաղաքացիներից շատերը, ազնիվ վրդովմունքից մղված, փորձում են իրենց վերաբերմունքն անմիջականորեն արտահայտել, երբ շրջակայքում նկատում են օտարերկրացի, հատկապես՝ ռուսաստանցի լրագրողների: Ցավոք, ոչ միշտ է դա արվում կոռեկտ կամ ընկալելի եղանակով:
Ամենից առաջ, կարծում եմ, տգեղ է, երբ ամեն կերպ փորձում են խանգարել, ասենք, ուղիղ եթերում աշխատող թղթակիցներին: Բացի այն, որ դա ընկալելի չէ նրանց հեռուստալսարանին, նաև մարդկայնորեն բացասական վերաբերմունք է ձևավորում այստե՛ղ աշխատող լրագրողի մոտ իր շուրջը տեղի ունեցողի հանդեպ: Այսինքն, նման, կներեք, «վարքը» ոչ մի կերպ չի նպաստում մեր, մեր երկրի, ամենակարևորը՝ տեղի ունեցողի մասին դրական ընկալումների ձևավորմանը, էլ չասած, որ գործուղված լրագրողի մոտ եթե անգամ նա կանխակալ չէ, ձևավորում է կանխակալ, բացասական վերաբերմունք:
Մեկ-երկու անգամ առաջին օրերին եղան ցուցարարների նաև սրամիտ իմպրովիզացիայով դրսևորումներ: Ու էլի եմ ասում, օրինակ, ОРТ-ի ռեպորտաժին զուգահեռ, ու այդ պահին շատ էլ լավ արեցին (ռեպորտաժի ընթացքում, «սթենդ ափ»-ի ժամանակ, լրագրողի թիկունքում երկու ակտիվիստ «ցուցադրում» էին «բռնությունների» տեսարաններ: Դա «մեսիջ» էր, որ, կարծում եմ, լիովին «տեղ հասավ»: Ու բավ է:
Եթե մեզ պետք է փոխել այս օրերին հատկապես Ռուսաստանում և Ուկրաինայում մեր մասին տարածվող, մեղմ ասած՝ ստերեոտիպային, կաղապարված պատկերը, ապա մենք պետք է հնարավորինս ակտիվ մասնակցենք դրան, ինչը կարելի է անել նույն այդ թղթակիցների հետ գրագետ աշխատելով, սիրալիր, քաղաքավարի, կիրթ: Քավ լիցի, դրա օրինակն էլ կա: Ու պետք չի էլի քֆուր-քաֆարով վրա տալ, չգիտեմ՝ թղթեր նետել տվյալ պահին աշխատող մարդու վրա, «խցկվել» այնտեղ, ուր պետք չէ:
НТВ-ի թղթակցուհու հետ կատարվածը դրա վառ օրինակն է: Ըստ որում, խանգարող ինքնաբուխ «բրիգադները», որպես կանոն, չեն էլ զանազանում, թե ո՛ւմ արժե գոնե մի քանի բառով բացատրել, որ ինքը (իր լրատվամիջոցի ղեկավարությունը), մեղմ ասած, ճիշտ չէ, այսինքն՝ սխալ է, իսկ ո՛ւմ ուղղակի պետք չէ խանգարել, որովհետև մարդը մասնագիտորեն նորմալ անում է իր գործը:
Լրագրողներին չխոչընդոտելը նաև ինքնահարգանքի դրսևորում է:
Միաժամանակ, շատ ենք կենտրոնանում օտարերկրյա լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվության դրսևորումների վրա (բնական է)՝ մի տեսակ «մոռանալով» տեղական որոշ ԶԼՄ-ների այդ «խասիաթի» մասին: Կարծում եմ՝ ցանկացած ապատեղեկատվության տարածում ցանկացած լրատվամիջոցի կողմից պետք է հնարավորինս հստակ վերաբերմունքի ու գնահատականի արժանանա: Իսկ իմ գործընկերներին էլ բարեկամաբար խնդրում եմ, եղբայրներ և քույրեր, եկեք այս իրավիճակում հնարավորինս ձեռնպահ ամեն տեսակի «խոսակցություն» որպես լուր տարածելուց: Առավել ևս, եկեք ինքներս խիստ լինենք մտացածին կամ հորինված «լուրեր» տարածողների նկատմամբ: Սուտ, մտացածին լուր տարածողն այս իրավիճակում, իմ անձնական համոզմամբ, սադրիչից էլ վատն է: Ստեր տարածողն ավելի վատն է, քան, ասենք, մեկը, որ հարբած վիճակում կհայտնվի ցուցարար երիտասարդների շարքերում:
Ընդսմին: Ի՞նչ եմ առաջարկում:
«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվը կամ խորհուրդը, եթե կուզեք, կարծում եմ, ճիշտ կվարվի, որ նախ՝ «Լրատվական կենտրոնի» նման մի բան ստեղծի: Դա լիովին հնարավոր է կազմակերպել, քավ լիցի, մեր լուսավոր երիտասարդների շարքերում գրագետ, բանիմաց, նաև օտար լեզուների տիրապետող տղաների ու աղջիկների պակաս չկա: Տեղում աշխատող փորձառու լրագրողները ևս կարող են մասնագիտական խորհուրդներով օգտակար լինել: Գոնե այս շարժման մասին համակարգված լրատվության տարածումն էական հարց է մեր «ինֆորմացիոն» ժամանակներում, ու միշտ չէ, որ սոցցանցային գրառումները կամ ուղիղ եթերում որևէ հայտարարություն անելը բավարար կարելի է նկատել այդ առումով:
Երկրորդ՝ նման լրատվական կենտրոնի խնդիրներից մեկն էլ կլինի այն, օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորինս աջակցեն՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: Այսինքն՝ օգնեն տարածքում տեղաշարժվելու, չգիտեմ՝ կողմնորոշվելու և այդ կարգի այլ հարցերում, որոնց գուցե մանրուք են թվում, բայց ամենևին այդպիսին չեն:
Կարծում եմ նաև, որ կարելի է նախաձեռնության ակտիվիստներից ձևավորել ներքին կարգուկանոնին հետևող, ինչպես հներում էին ասում՝ «դրուժիննիկների» խմբեր, որոնց խնդիրը կլինի զանգվածային խաղաղ ցույցի տարածքում հայտնաբերել կամ «ֆիքսել» հարբած, անհավասարակշիռ, այսպես ասած՝ կասկածելի, «սադրիչոտ» կերպարներին և ոստիկանության հետ մշտական կապի միջոցով արագ կարգավորել նման հարցերը: Այնպես չի, որ նման բան չի արվում, բայց կարելի է դա ավելի համակարգված անել:
Աստված մեր բոլորի հետ և մեզ օգնական:
Սիրով՝ Արմեն Հակոբյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/864733090267779?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել