Քաղաքական դաշտի ամլացման ու ամայացման շրջանում, երբ ամեն ինչ շատ տխուր ու անելանելի էր թվում, երիտասարդների մի խումբ Ազատության հրապարակում սկսեց երերուն, սաղմնային սոցիալական շարժում, որը օրեցօր վերածվում է հուժկու հակաիշխանական գործողության...
Սա խոսում է մի բանի մասին, որ երբեք չես կարող իմանալ, թե խաղաղ ծովում փոթորիկը երբ կսկսի ոռնալ և որ կետից քաղաքական անդորրը կփոխարինվի հազարավորների երթով...
Եվ բոլորովին կապ չունի, որ այդ ամենից կփորձեն օգտվել տարատեսակ ներքաղաքական և արտաքին ուժեր. նման պարագայում քաղաքական և սոցիալական հոսքերը ճիշտ հունավորելը մեր ներքին ռեսուրսի ու պոտենցիալի խնդիրն է, կարևորն այն է, որ բոլորը՝ իշխանությունից ընդդիմություն, ճիշտ հետևություններ անեն այս ամենից...
Իշխանությունը թուլանալու և հաճույք ստանալու փոխարեն ժամանակին պետք է կանխեր աբսուրդի հասնող թալանն ու ապօրինությունը ոչ միայն ՀԷՑ-ում, այլև Գազպրոմում, կապի, տրանսպորտի ու բոլոր ոլորտներում, ինչը կաթիլ-կաթիլ ոչ միայն բերեց երկրում սոցիալական իրավիճակի կաթվածահար վիճակին, այլև հակաիշխանական անկառավարելի հորձանքի...
Սերժ Սարգսյանին ու իր վարչախմբին հաշված օրեր են մնացել՝ ճիշտ հետևություններ անելու համար: Հակառակ պարագայում՝ հիշեք Թբիլիսիի ջրհեղեղը, երբ ջուրը կուտակվեց ու մի օր հեղեղեց փողոցները...
Հ. Գ. - Հիշեցում՝ Թբիլիսիի ջրհեղեղը ևս առաջնորդ չուներ...