Ինչո՞ւ է պետպատվերը Հայաստանում ձևական բնույթ կրում: Որևէ մի հասարակ մարդ առանց միջնորդության ու քաշքշուկների բուժված կա՞ պետպատվերի շրջանակում: Էսօր դա գրեթե անհնար է:
Պետպատվերը կարծես այցեքարտ լինի, որ քամակիդ քացով տան ու առանց բուժելու ճանապարհեն:
Բա էլ ինչների՞ս են պետք չգործող օրենքները:
Ինձ մոտ էն տպավորությունն է, որ եթե վերևները ուզենան, ներքևում պետպատվերը կաշխատի:
Տաքսիով Երևանից վերադառնում էի Վանաձոր, քաղաքի վերջում ամուսիններ կանգնեցրին մեքենան, խնդրեցին, որ հասցնենք Վանաձոր, էնտեղից էլ Ստեփանավան պիտի գնային:
Մեքենայի մեջ պատմեցին, որ Ֆարաջյանում տանում-բերում են, որ պիտի հերթագրվեն, որ դեռ չեն կարող, որ շատ հիվանդներ ունեն...
Արդեն քանի անգամ անիմաստ գնացել-եկել են:
Եթե իմ ասածը կդիտվի որպես բամբասանք, ընդամենը պետք է գնալ ուռուցքաբանական, մտնել որևէ բաժանմունք ու խոսեցնել միջանցքներում դես ու դեն գնացող հիվանդներին:
Հ.Գ. Բոլորս գիտենք, որ բուժումը եթե հետաձգես թեկուզ մի շաբաթով, արդեն շատ ուշ կլինի: Անվերադարձ ուշ:
Մարդիկ, ով ոնց կարողանում է, պետպատվեր է հայթհայթում իր շրջանում, որը, վստահ եմ, հեշտ բան չի, ու գալիս են Երևան մեծ հույսերով: Բուժվելու ու ապրելու հույսով: Ու էստեղ էլ սկսվում է «կոշմարը»:
Սա կարծես ներքին հրաման լինի: Համատարած:
Ասելիքս ի՞նչ է: Եղբայր, հանիր էդ բեռը քո ուսերից, եթե չես կարողանում կրել: Իզուր հույսեր մի տա խեղճ ժողովրդին: Թող անտեղի դրամ չծախսեն հասնեն Երևան` քամակին քացի ստանալու համար:
Կարելի է չէ՞ ազնվորեն ասել` ես քեզ չեմ բուժելու, եթե փող չունես: Ու թատրոնը կվերջանա:
Հ.Գ.Հիմա մի ուրիշ բան: Էս միամիտ լոռեցիները, չգիտես ինչու, հյուրանոց են սկսել փնտրել, որ գիշերեն ու առավոտը ճամփա ընկնեն: Ուր գնացել են, թանկ է եղել: Մի տաքսու վարորդ ասել է՝ ես գիտեմ ձորում էժան է համեմատաբար՝ մի 15 000 դրամ: Իջել են ձորի հյուրանոցներից մեկը, պարզել են, որ ժամն է 15 000 դրամ: Ու էսպես մնացել էն դուրսը՝ առանց ծանոթ-բարեկամի: Որոշել են քաղաքի վերջում կանգնել, դեպի Վանաձոր մայրուղու վրա, գուցե մեկը կվերցնի: Մեզ մոտ էլ իջան քաղաքի սկզբում, որ գնային Ստեփանավան: Գիշերվա ժամը երեքն էր: Չեկան մեր տուն, ասացին՝ արդեն շատ մոտ ենք մեր տանը, աստված էլ ողորմած է:
Ես վստահ եմ, որ քաղցկեղով հվանդ մարդուն չարժի էս կարգի տանջել ու սուտ հույսեր տալ: Կարելի է մարդավարի կամ տղամարդավարի հանել մեջտեղից էդ չգործող պետպատվերը: Հավատացեք՝ մարդիկ դրանից ավելի շատ կշահեն, քան կտուժեն: