Զեյդիական մազհաբը իսլամական հնագույն իրավական դպրոցներից է: Չնայած այն հանգամանքին, որ զեյդիական մազհաբը շիական ուղղվածություն ունի, սակայն ուսմունքային շատ հարցերում զեյդիների դիրքորոշումը տարբերվում է շիական այլ մազհաբների տեսակետներից և մոտ է սուննիական իսլամին:
Մազհաբի հիմնադիրը Զեյդ իբն Ալին է (700-742): Նա սերում է Մուհամմադի տոհմից և վերջինիս ընտանիքի՝ Ահլ ալ-Բեյթի անդամն է: Զեյդի հայրը Ալի Զայն ալ-Աբիդինն էր, իսկ պապը՝ Հուսեյն իբն Ալին, ով եղել է Մուհամմադի թոռը և ուղղափառ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի որդին: Օմայան խալիֆ Յազիդ I-ի կառավարման օրոք Քերբելայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո Զեյդի պապը և շատ ազգականներ սպանվել են: Մուհամմադի ընտանիքի անդամների նկատմամբ հալածանքները հետագա տարիներին շարունակվում էին: Զեյդի հայր Ալի Զայն ալ-Աբիդինը եղել է ժամանակի ամենագրագետ մարդկանցից մեկը, ֆիկհի և հադիսների մեծ գիտակ: Երիտասարդ Զեյդը նույնպես վաղ տարիքից սկսեց ուսումնասիրել այս գիտությունները: Դրան առաջին հերթին նպաստեց իր ընտանիքի ավանդույթը, ինչպես նաև նրա Մադինայում գտնվելը , որտեղ բնակվում էին Մուհամմադի զինակիցներից շատերը և կենդանի էին հիշողությունները նրա մասին: Լինելով Մուհամմադի ընտանիքի անդամ՝ նա գիտեր շատ հադիսներ և եղել է դրանց փոխանցողը: Սակայն Զեյդ իբն Ալին սովորել է ոչ միայն Մադինայում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ ճանապարհորդությունների ժամանակ: Օրինակ, Բասրայում նա հանդիպել է մութազիլիականների առաջնորդ Վասիլ իբն Աթային, ով մեծ դեր է խաղացել Զեյդ իբն Ալիի աշխարհայացքի ձևավորման մեջ: Այդ պատճառով զեյդիականության տեսական շատ դրույթներ մոտ են մութազիլիականության դրույթներին: Զեյդ իբն Ալին, ինչպես և Մուհամմադի ընտանիքի շատ ներկայացուցիչներ, մեծ ճանաչում է ունեցել: Օմայանների կառավարումից շատ դժգոհողներ իրենց համարում էին Մուհամմադի ընտանիքի կողմնակիցներ (շիաներ): Սակայն հաճախ այդ հայտարարությունները զուտ դեկլարատիվ բնույթ էին կրում այդ մարդկանց՝ Մադինայից հեռու գտնվելու պատճառով: Շատ խմբեր, ովքեր իրենց շիա էին հայտարարել, հետևում էին համոզմունքներին, որոնք տարբերվում էին Մուհամմադի ընտանիքի անդամների համոզմունքներից: Այդ պատճառով Օմայանների դինաստիան սարսափում էր Մուհամմադի հետնորդներից, քանի որ նրանց անվան տակ պետության մեջ զանազան խմբավորումներ էին գործում, որոնք նպատակ ունեին հեղաշրջում կատարել: Խալիֆ Հիշամ իբն Աբդ ալ-Մալիքի կառավարման տարիներին (724-743) շիական քարոզչությունը ուժեղացավ Մավարաննահրում և Խորասանում: Դա հարկադրեց իշխանություններին խստացնել հալածանքները Մուհամմադի հետնորդների նկատմամբ: Զեյդ իբն Ալիին հասցվեցին անհիմն մեղադրանքներ: Նա գործնականորեն չէր մասնակցում խալիֆայության քաղաքական կյանքին, միայն գիտական գործունեությամբ էր զբաղվում: Չնայած դրան՝ նա զանազան նվաստացումների ենթարկվեց խալիֆի տեղակալների կողմից: Վերջապես, չդիմանալով դրան՝ նա անձամբ ներկայացավ խալիֆ Հիշամին, որպեսզի պարզաբանի նրա դիրքորոշումը: Սակայն խալիֆը հրաժարվեց լսել նրան: Դրանից հետո Զեյդը հասկացավ, որ նա չունի այլ ելք բացի Հիշամի բռնապետության դեմ հանդես գալուց: Այդ նպատակով նա մեկնեց Քուֆա, որտեղ նրան աջակցեցին տեղի շիաները: Մուսուլման պատմաբանները հաղորդում են, որ նրան աջակցություն ցույց տվեց մոտ 15000 մարդ: Նրանք նաև նշում էին, որ Զեյդի ընտանիքի շատ անդամներ և հայտնի մարդիկ փորձում էին հետ կանգնեցնել նրան այդ մտադրությունից՝ պնդելով, որ չարժե հույսը դնել քուֆացիների վրա, ովքեր արդեն դավաճանել էին նրա պապ Հուսեյնին և որոշ չափով նպաստել են Քուֆայի ողբերգությանը: Սակայն անվախ Զեյդը մնաց անսասան: Այդ ժամանակ Զեյդը զրույցներ էր ունենում իրեն հավատարմության երդում տված շիաների հետ: Այդ զրույցների ընթացքում նա դրականորեն է արտահայտվել ուղղափառ խալիֆներ Աբու Բաքրի և Օմարի մասին՝ ասելով, որ Մուհամմադի ընտանիքի անդամներից ոչ մեկը նրանց մասին ոչ մի վատ բան չի ասել: Նա նշել է, որ նրանք եղել են օրինական խալիֆներ, որոնց գերադասել է ժողովուրդը: Սակայն Զեյդի խոսքերով Մուհամմադի ընտանիքի անդամները ավելի են արժանի իշխանությանը, քան նրանք: Նրա պատասխանից դժգոհ շիաները հարցրեցին նրան, եթե ինքը օրինական է համարում այն մարդկանց իշխանությունը, ովքեր չեն պատկանում Մուհամմադի ընտանիքին, ապա ինչու՞ է նա հանդես գալիս Օմանյանների դեմ: Այդ հարցին Զեյդը պատասխանեց, որ Օմայանները բռնապետներ են և նրանց անհնար է համեմատել առաջին ուղղափառ խալիֆների հետ: Դրանից հետո շիաների մեծ մասը լքեց նրան և իմամ հայտարարեց Ջաֆար աս-Սադիկին: Այսպիսով, քուֆիցիները դարձյալ դրժեցին իրենց երդումը: Նրանք լքեցին Զեյդին, այնպես, ինչպես ժամանակին վարվել էին Զեյդի պապ Հուսեյն իբն Ալիի հետ: Այդ ընթացքում Քուֆային մոտեցան խալիֆի զորքերը: Զեյդին հաջողվեց նրանց դեմ հավաքել մոտ 400 մարդ: Չնայած հերոսական դիմադրությանը՝ ապստամբները ջախջախվեցին: Զեյդ իբն Ալին զոհվեց մարտի դաշտում: Հիշամ խալիֆի հրամանով նրա դին հանեցին գերեզմանից և կախեցին սյան վրա՝ Քուֆայում: Ապա այրեցին և մոխիրը տվեցին քամուն: Իսլամի բարոյական նորմերին հակասով նման դաժանությունը ժողովրդի դժգոհությունն առաջացրեց: Զեյդի ողբերգական մահից հետո Օմայանների հեղինակությունը սկսեց սրընթաց վայրէջք ապրել: Միաժամանակ սկսեց ուժեղանալ Աբբասյան քարոզչությունը, որը կարողացավ քաղաքական օգուտներ քաղել այս իրադարձությունից: Իր ժամանակին Զեյդի պապ Հուսեյնի մահը բերեց Օմայանների Սուֆյանական ճյուղի տապալմանը. իշխանությունը անցավ այդ դինաստիայի կողմնակի ճյուղ Մարվանիներին: Իսկ Զեյդի մահը արագացրեց Օմայան դինաստիայի վերջնական անկումը: Նրա մահվանից արդեն տասը տարի անց Օմայան դինաստիան տապալվեց: Ընդ որում որոշ ապստամբողներ ֆիզիկապես ոչնչացնում էին Օմայան ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին, հանում էին նրանց դիակները գերեզմաններից և այրում: Նման կերպ վարվեցին նաև Հիշամ իբն Աբդ ալ-Մալիքի դիակի հետ:
Զեյդ իբն Ալիի համոզմունքները
Ինչպես արդեն նշվել է, Զեյդ իբն Ալին օրինական է համարել այլ կառավարողների իշխանությունը, ովքեր Մուհամմադի ընտանիքից չէին: Նա միայն նշում էր, որ Ահլ ալ-Բեյթից կատարած ընտրությունն ավելի գերադասելի է: Կառավարման օրինական լինելու պայման է հանդիսանում կառավարողի նկատմամբ հավանությունը ժողովրդի կողմից և արդարությունը: Զեյդ իբն Ալին ընդունում էր Աբու Բաքրի և Օմարի իշխանությունը և ի տարբերություն շիա-իմամականներից նա չէր համարում Ալի իբն Աբի Տալիբի խալիֆայությունը Մուհամմադի կողմից նշանակված: Զեյդի համաձայն՝ խալիֆ գերադասելի է ընտրել Ալիի և Ֆատիմայի հետնորդներից ցանկացածին՝ անկախ նրանից, թե արդյոք նրանք Հասանի կամ Հուսեյնի որդիներն են:
Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ Զեյդ իբն Ալին ճանաչել է Մուհամմադի ընտանիքի անդամների անսխալական լինելը, որը ճանաչել և ճանաչում են շիական շատ խմբավորումներ: Բայց, չնայած դրան՝ զեյդիների որոշ խմբեր ավելի ուշ ընդունեցին Ալիի, նրա կնոջ Ֆատիմայի և նրանց որդիների՝ Հասանի և Հուսեյնի անսխալական լինելու մասին դրույթը: Զեյդը նաև ոչինչ չի ասել «թաքնված» իմամի՝ կաիմի մասին, ով կգա աշխարհը փրկելու համար: Այս համոզմունքը ընդունում է շիաների մեծամասնությունը: Ավելի ուշ, որոշ զեյդիներ նույնպես ընդունեցին այն: Զեյդը չէր ընդունում Աստվածային որոշման «փոփոխությունը»՝ բադան: Սա ընդունում էին նաև շիական շատ խմբավորումներ: Եթե նրանց կողմից ճանաչված իմամները առաջ էին քաշում իրենց նախորդ կարծիքին հակասող դատողություն, ապա նրանք գտնում էին, որ Աստված փոխել է իր որոշումը այս հարցի շուրջ: Մեծ մեղք գործածների (քաբաիր) հարցում Զեյդ իբն Ալին մոտ էր մութազիլիականների դիրքորոշմանը և գտնում էր, որ մեղք գործածները կգտնվեն միջանկյալ դիրքում՝ հավատքի և անհավատության միջև: Սակայն ի տարբերություն մութազիլիականների՝ նա չէր գտնում, որ չապաշխարած մեղսագործները հավերժ կմնան դժոխքում: Աստվածային նախախնամության և մարդու ազատ կամքի հարցով Զեյդը գտնում էր, որ մարդը ազատ է և ինքն է պատասխան տալիս իր արարքների համար, որոնք կատարվում են Աստծո կողմից տրված ուժով: Բայց անթույլատրելի արարքները Աստծո կողմից չեն արժանանում հավանության:
Շարունակությունն՝ այստեղ



