Երեկվա ու այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ձևավորվում է նոր որակի քաղաքացիական հասարակություն ու, որքան էլ պարոդոքսալ հնչի, նոր որակի ոստիկանություն։
Երեկվա ցուցարարների ու հատկապես երիտասարդության մասին միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել, չնայած մանր ու մեծ բացթողումներին, որովհետև նրանց պարագայում դա ներելի էր՝ անփորձ են, էմոցիոնալ են, իմպուլսիվ են։ Ինչևէ, ամեն դեպքում, ջրցաններից արձակվող շիթերի դեմ կրծքով կանգնած երիտասարդների առջև միայն գլուխ կարելի է խոնարհել, ու վստահ եմ, որ բերման ենթարկվածներն ամենամոտ ապագայում ազատ կարձակվեն, եթե արդեն չեն սկսել ազատվել։
Ոստկանության մասով էլ եմ ցանկանում արտահայտվել, թեև այսօր դա անշնորհակալ գործ է։ Նախ, պետք է մի կողմ դնել բոլոր էմոցիաներն ու պաթոսը։ Քաղաքացիական հասարակությունը միշտ պետք է ունենա հավասարակշռող դեր պետության համեմատ, բայց քաղաքացիական հասարակությանն էլ պետք է հավասարակշռի պետությունը, ու պետությունը դա անում է պետական մարմինների միջոցով։ Այս դեպքում՝ ոստիկանության։
Ժողովուրդ ջան, ոստիկանությունն այսօր չի արել ոչ մի այնպիսի բան, որ չեն անում ամենազարգացած ժողովրդավարությունների ոստիկանական ուժերը, երբ բանը հասնում է ուժային եղանակով ցույցեր ցրելուն։ Նայեք Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության օրինակներին։ Ցավոք, ժողովրդավարական հասարակության առանձնահատկություններից մեկը հենց նրանում է, որ, այնուամենայնիվ, պետությունը մերթընդմերթ դիմում է ռեպրեսիվ միջոցների։
Բայց չի կարելի ու պետք էլ չէ մեր ոստիկանությունը համեմատել արտասահմանյան կոլեգաների հետ։ Եկեք համեմատենք մեր ոստիկանությունը մեր ոստիկանության հետ, ու այդ համեմատությունն անելով՝ ես կարող եմ հստակ մի բան ասել. 2008-ին մեր տեսած ուժային կառույցը թեև որոշակի ընդհանրություններ ունի այսօրվա ոստիկանության հետ, բայց այսօրվա ոստիկանությունը որակապես մի գանի գլուխ ավելի բարձր է։ Ցավոք, տեսանյութերում կարելի է տեսնել առանձին վերցված ոստիկանների անմարդկային վերաբերմունքն ու ուժի չարաշահումը, բայց ընդհանուր առմամբ ցույցը ցրվել է բավականին մեղմ ու հնարավորինս խուսափելով անհարկի բռնություններից ու վայրենանալուց։ Օրինակ՝ Բաղրամյանի վրա, առավելապես փորձում էին մարդկանց առանց ծեծելու տեղափոխել ոստիկանական մեքենաներ, իսկ 2008-ին ու 2004-ին սկզբում ծեծում էին մինչև ուշագնացության աստիճան, իսկ հետո նոր բերման ենթարկում։
Ամփոփելով կարող եմ ասել, որ այս էջը ոչ թե պետք է ընկալել որպես ողբերգություն, այլ նոր որակի քաղաքացիական հասարակության ու ոստիկանության ծնունդ։ Բա իհարկե, նույնիսկ զարգացած ու կայացած հասարակությունում կարող են լինել բախումներ ոստիկանության հետ, բայց այդ բախումներն ունեն թույլատրելիի սահման, այդ թվում՝ ուժի կիրառության առումով, և այդ սահմանն այսօր չի խախտվել մեծ հաշվով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=497125350452378&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել