Այս անգամ անդրադառնում եմ «ավագ դպրոց» երևույթին, դրական կամ բացասական կողմերին և ի վերջո, ականատեսի աչքերով ներկայացնում այն, ինչ համարում ենք թյուրիմացություն: 2008թ. գործառության մեջ մտավ մի ծրագիր, որի մասին լսել էինք կամ տեսել ֆիլմերում: Մեր կրթության նախարարությունը որոշեց, որ բավարար չէ այն գիտելիքը, որ մենք ստանում ենք հիմնական դպրոցում և ավելացրեց ևս երկու տարի `շրջանառության մեջ դնելով ավագ դպրոց ստեղծելու գաղափարը: Դուրս եկավ, որ տասնհինգամյա տղան կամ աղջիկը ստիպված էր փոխել այն դպրոցը, որտեղ իր կյանքի մի գեղեցիկ փուլ էր անցկացրել, և ամբողջ տարածով մեկ նոր ավագ դպրոց փնտրել` ուսումն այնտեղ շարունակելու նպատակով: Ինքնահաստատման վատ ու պատասխանատու շրջան պատանիների կյանքում, որից ոչ բոլորն են մաքուր դուրս գալիս: Ես մեծ ցավով պետք է նշեմ, որ այդ շրջանը հաճախ բերում է սթրեսի, կռիվների, վեճերի և ծեծկռտուքի: Օրեցօր ես՝ որպես ականատես, հասկանում եմ ծրագրի անարդյունավետ լինելու հիմնական պատճառը: Ամեն մի ռեպլիկ նոր առիթ է տաքարյուն տղայի համար անծանոթ տարիքակցի հետ հաշիվ մաքրելու, նրան առավելագույնս ստորացնելու և նրա նմանների աչքին բարձրացնելու համար: Այս ամենը մի կերպ մարսեցինք: Եկավ կարևոր ու պատասխանատու մի փուլ… Ավարտական դասարան և պարապմունքներ: Ուսուցիչների հորդորը չուշանալու և պատրաստ ներկայանալու մասին ինձ համար լրիվ ընդունելի են, բայց պարապմունքի հաշվին նստել և ոչ մասնագիտական առարկա սովորելը մի փոքր անհանդուրժելի է: Իմ կոչն ու դիմումն եմ ուզում հղել մեր գիտության և կրթության բաժնի պաշտոնյա այրերին: Քանի կար, ավագ դպրոցը վայր էր, որտեղից աշակերտը առանց որևէ դասախոսի օգնության դիմելու պետք է ընդունվեր պետական բուհ, ի՞նչ փոխվեց… Դա նորմալ է, որ դպրոցը ստիպված է հանդուրժելու աշակերտների, որոնք ֆիզիկայի ժամին նստած հայոց լեզու են անում ,միայն թե ապահովեն ֆիզիկական ներկայությունը: Փառք, որ իմ դպրոցում նման բանը խստիվ պատժելի է: Խնդրում և պահանջում եմ, որ եթե այս ծրագիրը չի տա օգուտ ընդունելությանը, գոնե չվնասի պարապող աշակերտին: Սիրելի ուսուցիչներ, ես իսկապես ուրախանում եմ, որ դուք հաճախ մտնում եք մեր դրության մեջ և չեք ստիպում մինչ ուշ գիշեր ձեր առարկան պատրաստել: Ինչևէ, չգիտեմ ավագ դպրոց երևույթի իմաստն ու իրեն արդարացնել-չարդարացնելու միջոցները, բայց այնուամենայնիվ խոսակցություններ կան, որ ևս երկու տարի և ավագ դպրոցները կվերանան: Դե ինչ, մնում է հուսալ՝ այն կարդարացնի իրեն կամ էլ այսուհետ ինը տարի հարազատ դպրոցում սովորելուց հետո ստիպված չես լինի հանդուրժել ավագ դպրոցի անհասկանալի աշակերտական կազմը:



