Հանրային մարդն անպայման պետք է ունենա պրոդյուսեր և PR մենեջեր. արտերկրում սա քննարկման ենթակա չէ և գրագետ աշխատանքի նախապայման է, իսկ Հայաստանում հայտնի մարդկանցից շատերի համար ամոթ է PR մենեջեր ունենալը. նրանք միշտ ասում են՝ ես PR-ի կարիք չունեմ, ինձ սիրում են։
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը բավականին գրագետ է աշխատում, թեև նա էլ է տարբեր առիթներով ասում, որ PR-ի կարիք չունի։ Միայն ամուսնու, թե մի ամբողջ թիմի հետ է նա ծրագրում իր քայլերը, արդեն էական չէ։
Լիլիթը բավականին շատ է աշխատում. տարվա ընթացքում նա ունենում է առնվազն հինգ տեսահոլովակ, որոնք տարբերվում են իրարից, մեկնում է համերգային շրջագայություների: Երգչուհին գրեթե միշտ աշխատում է տարբեր թիմերի հետ, որպեսզի նորովի ներկայանա:
Լիլիթի մոտ միտում է նկատվում նաև աշխատել արտերկրացի ոճաբանների, վարսահարդարների, դիմահարդարների հետ, ովքեր կապահովեն իր յուրօրինակությունը: Ստեղծելով ոճային երգչուհու կերպար՝ Լիլիթը սկսեց լսարանին պարբերաբար տեղեկացնել, որ ինքն է ստեղծել այս կամ այն զգեստը, ապա հայտնեց իր օնլայն խանութի բացման մասին: Եթե նախկինում երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ աշխատել է այս կամ այն ոճաբանի հետ, այժմ նշում է, որ կարիերայի սկզբից ինքնուրույն է զբաղվել իր կերպարներով, եթե ինչ-որ տեղ նշվել է ոճաբանի անուն, ապա ոճաբանը զբաղվել է տեսահոլովակի հերոսների կամ պարողների ոճով, այն էլ՝ իր միջամտությամբ: Այսպիսով՝ երգչուհին տպավորություն է ստեղծում, որ ինքնուրույն է տալիս ոճային լուծումները։
Թեև Լիլիթը բավականին աշխատում է, անձնական կյանքի միջոցով իր մասին քննարկումները թեժացնելու հնարավորությունից չի հրաժարվում։ Նրա անձնական կյանքը փակ է այնքանով, որ ամեն օր ամուսնու հետ նոր լուսանկար չի հրապարակում, մարդիկ չեն իմանում՝ որտեղ և ինչպես հանգստացան Լիլիթն ու Վահրամը, ինչ կերան, և այս առումով չեն ձանձրանում։ Սա ևս գրագետ աշխատանք է, քանի որ հայտնի մարդիկ իրենց ամենօրյա հրապարակումներով սկսում են նյարդայնացնելու աստիճան ձանձրացնել մարդկանց։
Լիլիթի մոտից տեղեկության արտահոսք չի լինում: Նա հրապարակում է այն, ինչ ցանկանում է, որ լսարանն իմանա։ Հենց սա է մեզ վստահություն տալիս, որ ժամանակին լայն տարածում գտած Լիլիթ Հովհաննիսյանի «հղի» լուսանկարները պատահական չէին հայտնվել համացանցում։ Այդ փուլում նա և ամուսինը որևէ մեկնաբանություն չէին տալիս երգչուհու հղիության վերաբերյալ, ինչն ավելի էր թեժացնում քննարկումները։ Վահրամն այս մասին իրարամերժ բաներ էր ասել. նա իրեն դիմած լրագրողին նախ հարցրել էր, թե վերջին անգամ ե՞րբ է տեսել Լիլիթին՝ ակնարկելով, որ վերջին հանդիպմանը երգչուհին «թափվող» զգեստով է եղել, ապա ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տարածված խոսակցությունները` ասելով, որ դեռևս չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով: Հետագայում պարզվեց, որ լուսանկարները «Ես եմ հորինել» երգի տեսահոլովակից են: Այս քայլը, անշուշտ, լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց Լիլիթի տեսահոլովակի նկատմամբ: Նրա անձն այդ ընթացքում սկսեց շատ ավելի բուռն քննարկվել, քանի որ անգամ ամենապահանջված երգչուհու դեպքում անձնական նորությունը կրկնապատկում է հետաքրքրությունը: Այս դեպքում բոլորը սպասում էին լուրի պարզաբանմանը, և հետաքրքրությունը նոր տեսահոլովակի հանդեպ շատ ավելի մեծ եղավ:
Լիլիթի կարիերայում կրկին նմանատիպ փուլ է. հերթն ամուսնալուծությանն է։ Վերջին շրջանում համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Վահրամն ու Լիլիթն ամուսնալուծվել են։ Վահրամը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ չի մեկնաբանում լուրը, ինչը հետաքրքրության ավելի մեծ ալիք բարձրացրեց. շատերը կարծում էին, որ եթե չի քննարկում, ուրեմն այդտեղ ճշմարտություն կա։ Կասկածի տեղիք էր տալիս նաև Լիլիթի լռությունը. երգչուհին, ով ընտրել է մի աշխատելաոճ, ըստ որի, բացառում է հարցազրույցները էլեկտրոնային լրատվամիջոցներին, քանի որ ցանկացած ինֆորմացիա կարող է տարածել իր պաշտոնական էջի միջոցով, կարող էր պարզաբանում տալ իր էջում, սակայն քննարկումներն ու «անհասանելի» մնալու պատրանքը Լիլիթին շատ ավելի «ձեռնտու» են։ Այս փուլում, երբ նա նորություններ չի ներկայացնում, հասարակական ուշադրության կենտրոնում մնալը չի խանգարի, իսկ հետաքրքրվողների համար նշեմ, որ նա և Վահրամն իրականում չեն ամուսնալուծվել։ Վերջերս էլ լրագրողներից մեկը նրանց միասին էր «բռնացրել»:)