Ինչպես հիշում եք, ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բողոքի ակցիայի կազմակերպիչներն անսպասելիորեն հայտարարեցին, որ իրենք շուրջօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում ու իշխանություններին 24 ժամ ժամանակ են տալիս, որպեսզի կասեցնեն ՀԾԿՀ ընդունած որոշումը։ Եթե դա չարվի մինչև երկուշաբթի, այսինքն՝ այսօր, ապա հանրահավաքին մասնակցող ժողովուրդը երթով գնալու է նախագահական նստավայր, ու բողոքի ակցիան նոր փուլ է թևակոխելու։
Առայժ ամեն ինչ խաղաղ է ու քաղաքակիրթ, և պետք է նշել նաև, որ առ այսօր բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրոք կարողացել են այնպես անել, որ հանրահավաքը չստանա կուսակցական երանգ, և նույնիսկ կարելի է ասել, որ հնարավորինս զերծ են մնացել քաղաքականացվելուց, քանզի պահանջները հիմնականում հասարակական-տնտեսական բնույթի են, և առայժմ չկան ընդդիմության հանրահավաքներին հատուկ հստակ հակաիշխանական դրույթներ։
Այսպիսով, կարելի է գրեթե վստահությամբ ասել, որ երթը դեպի նախագահական կայանալու է այսօր, քանզի ոչինչ չի հուշում սակագնի թանկացման որոշումը կասեցնելու պատրաստակամության մասին, ու հենց այդ երթից պարզ կդառնա ալիքի հետագա ճակատագիրը, քանզի առ այսօր ինչպես ցուցարարները, այնպես էլ իշխանությունները բավականին պասիվ սպասողական գործելաոճ էին որդեգրել, ու Բաղրամյան պողոտայում պարզ կդառնա, թե որքանով են վճռական տրամադրված ցուցարարները, և որքանով են իշխանությունները պատրաստվում հակազդել նրանց, եթե, իհարկե, պատրաստվում են։
Կա հավանականություն, որ իշխանությունները կշարունակեն պասիվ մնալ ու նույնիսկ կհրահրեն տրանսպորտի թանկացման դեմ բարձրացած բողոքի ալիքի պես մի բան և կուղղեն այն ՀԷՑ-ի ու ռուսական կապիտալի դեմ, սակայն չի կարելի բացառել նաև հնարավոր էկսցեսների հավանականությունը, առավել ևս, որ ցուցարարների թվում արդեն ակնհայտորեն շատ են պրոֆեսիոնալ սադրիչներ ու ակԾիվիստներ, բայց սա ոչ մի կերպ չի նշանակում, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունն է այդպիսին, կամ էլ դեկլարացված պահանջները չեն բխում մեծամասնության շահերից։
Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, որոնց ժամեր են մնացել, ու պարզ կդառնա, թե ինչպես կզարգանա հանրային ընդվզման այս ալիքը։