«The voice» նախագիծ՝ ֆանտաստիկ շոու, հրաշալի ֆորմատ, տաղանդավոր մասնակիցներ, պրոֆեսիոնալ մարզիչներ և … Սոֆի Մխեյան:
Այս աղջկա պնդաճակատությունն ինձ անկեղծորեն սկսում է նյարդայնացնել: Ես արդեն համակերպվել էի, որ հայաստանյան ոչ մի գավառական համերգ առանց Մխեյանի չի անցնում, բայց ի՞նչ պարտադիր էլ՝ «The voice» էլ խցկվեր: Ախր այս նախագիծը հեչ Սոֆիի բանը չի: Ի՞նչ գիտի նա, որ պետք է փոխանցի մասնակիցներին, ի՞նչ ճանապարհ է անցել: Հա, դեմ չեմ, որ մեր շոուբիզնեսը թափելու բան է, բայց մի՞թե այս աղբանոցում ավելի լավ մեկը չկար:
Ենթադրենք ես մասնակից եմ: Ի՞նչը պետք է ինձ ստիպի Գռեմի շահած Արտո Թունջբոյաջյանի, երբևէ ամենաբարձր վարձատրվող հայ երգիչ Թաթայի, ռուսաստաններում կռված Սոնայի փոխարեն ընտրել մի քանի փողով մրցանակի տեր դարձած Սոֆիին: Բացարձակ ոչ մի պատճառ չունեմ Սոֆիին ընտրելու:
Սոֆին «The voice» նախագծի մարզչի աթոռին նստած շատ է նմանվում ԲՈՒՀ-ի նստարանին փողով հայտնված ուսանողի՝ ծայրահեղ դիսկանֆորտի մեջ, բայց չափազանց գոռոզացած սեփական ձեռքբերումից: Սոֆին պտտվում է ամեն անպատեհ ու պատեհ առիթով, բառիս բուն իմաստով խնդրում, որ մասնակիցներն իրեն ընտրեն որպես մարզիչ, բայց չէ… Ո՞վ է գժվել, որ համաձայնվի Սոֆին իրեն մարզի:
Սոֆիի հարցազրույցն եմ նայում. «Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես չեմ կարող լինել այդտեղ: Ես կարծում եմ, որ երիտասարդության իմ ակտիվությունը, փորձը կարելի է փոխանցել մասնակցին, և շատերը ուրախ կլինեն: Շատերը հավանում են, երբ տեսնում են, թե ես ինչպես եմ աշխատում»,- ասել է Սոֆին 168 ժամին տված իր հարցազրույցի ժամանակ:
Հա, տեսնում ենք՝ ինչ ուրախ են: Մասնակիցների դեմքի մեռելային արտահայտությունը դժվար է նկարագրել այն պահերին, երբ իրենց ընտրում է միայն Սոֆի Մխեյանը: Հայաստանի այս որակը և՛ ատում եմ, և՛ սիրում. այստեղ բացառապես ամեն ինչ կարելի է փողով գնել: