Զո՛ւր եմ գուցե արտասանում այն խոսքերը բազում, որոնք քեզ չեն հասնում, անգամ դրանց հոտը դու չես զգում, գրում եմ տողս դողալով, կարծես վերջին անգամ է գրիչս գրվում, թերթս թացանում է, ախ անվերջ արցունքոտվում:
Վե՛րջ, այս անգամ միայն մեկ բառ, վերջ, սիրելի՛ս, ես գնում եմ քեզ մոռանալու, բայց որտե՞ղ եմ գնում, ինչո՞ւ եմ ինձ խաբում, մի՞թե աշխարհում այդ տեղն էլ կա, մի՞թե կա տեղ, որտեղ մոռանում են ամենքին ու բոլորին: Չէ՛, սուտ է, աշխարհն ինքը մի անմոռացություն է, ինչո՞ւ եմ քեզ հիշում, գուցե մրմռում է հոգիս, երբ հիշում եմ շուրթերդ թաց, ա՜խ, սիրելիս միայն հիշելով չեմ զգում կարծես, այս պահին հոգիդ իմ գիրկն առած, կարծես այս պահին քեզ ու քո մարմինն եմ զգում, անգամ հիշողությունը իր տեսքն ունի, իսկ կարոտս, ա՜խ, կարոտս, ես ու՞ր տանեմ, ասա՛, սերս, ասա՛ ո՞ւր տանեմ քո կարոտ հոգին, քեզ հետ թաղե՞մ: Չէ՛, այն հողեղեն չէ, այն, այն ստվեր է, առավոտվա մեջ քողարկվում է, իսկ գիշերը արթուն երազ պարգևում ու անվերջ տանջում: Ես ի՞նչ անեմ քո անտեսք կարոտը, ես նրան ո՞ւր տանեմ:
Վե՛րջ, նամակ, ուր ծրարում եմ ամեն բան ու ուղարկում հեռու, չգիտե՛մ էլ, թե ուր: Չէ՞ որ անհասցե մի տնակում մեղմ քնած ես, մեղմ ննջած, ախ իմ գիշերն ես, ախ իմ երկինքն ես, ես ինչպե՞ս չսիրեմ քեզ: Չէ, ես ինչ իմանամ, թե քո սրտի որ կետն եմ սիրում, ա՜խ գուցե քո սրտի մի կետում ես գտել եմ ինձ, ուրեմն ապրել չեմ կարող, չէ՞ որ իմ սիրտն էլ քո սրտով է զարկում:
Հիշո՞ւմ ես, երբ ձեռքերով փակել էի աչքերդ, հարցրի`ի՞նչ ես դու տեսնում, ապա գուշակիր բախտս, իսկ դու մեղմ ձայնով պատասխանեցիր. «Իմ հոգին եմ տեսնում, տեսնում եմ իմ սրտի հետքերը, շունչս եմ զգում ու սկսեցիր համբուրել, թողեցիր անհոտ քո բույրը ձեռքերիս, ամեն անգամ, երբ տանում եմ ձեռքերս դեպի աչքերս, ա՜խ, զգում եմ քո հոգին, ա՜խ, քո հոգին դեռ կա, ապրում է, ապրում է իմ ափերում:
Շոյում եմ հեռուն, կույր աչքերով փնտրում հոգիդ, շոյում եմ աչքերս, որ ձեռքերիս մեջ գտնեմ տեսքդ, բայց չէ՛, պատրանք է, պատրանք մի չքնաղ, թո՛ղ արթնանամ: Չէ՞ որ հոգնել եմ քեզանով ապրելուց, չէ՞ որ հոգնել եմ քեզանով շնչելուց, թո՛ղ արթնանամ, առավոտ դառնամ ու գրկեմ աշխարհը, պարուրեմ, պարուրվեմ ու աշխարհով ննջեմ, մոռանամ քեզ, մոռանամ մատներդ, մոռանամ հոգիդ:
Բայց և այնպես այսօր լռեմ, ոչինչ չասելով ես անվերջ խոսեմ, շշնջամ, գոռամ կամ հեղեղվեմ կամ անձրև դառնամ ու քո ցավացած հոգում ես անվերջ արտասվեմ, միայն թե մի քիչ նորից շոյեմ ու զգամ քեզ, իմ հեռվում մնացած ՄԻ ՕՐ ԵՍ ԿԳԱՄ, միայն թե շոյեմ քեզ :
Ի՞նչ անեմ, հոգիս, քեզ այս ամբոխից ես ինչպե՞ս հանեմ, ես ինչպե՞ս ձեռքերդ գտնեմ: Դառն է, դառն է այս փուչ կյանքը, գուցե իրոք որ կյանքը սխալ է վարվել ինձ հետ, բայց ես ներում եմ, ներում եմ ամենքին ու բոլորին, ախ, կյանք, ինչո՞ւ, մի՞թե լալ ես դու, դե խոսի՛ր, դե ասա՛, ասա՛ ինչո՞ւ հենց իմ ձեռքերում սերս, ա՜խ, սերս սպանեցիր, բայց հանգիստ եղի՛ր, Ընկեր, ես ներում եմ, չէ՞ որ դու էլ ունակ ես սխալվելու, չէ՞ որ աշխարհն ինքն արդեն սխալմունք է մեծ, այ՛ո, Ընկեր, քանզի ես քո ծոծից չեմ, ես հեռվից եմ, հեռու մոտիկներից:
______________________________________
Դե ի՞նչ, ահա ես և դու, գնում եմ քեզ մոռանալու: Գուցե չհիշելով քեզ գտնեմ, կյանքում մի տեղ դուռդ թակեմ ,անծանոթ մի խենթի պես քեզ պարի հրավիրեմ, ե՛կ ավատրվեն, ե՛կ էլ չլինենք, նորից ծնվենք ու նոր սիրով մենք ապրենք:
Ձեռքս դողում է, կարծես հարբած է ցավն իմ, կարծես դողում է կյանքը: Ինչո՞ւ, ինչո՞ւ քամին, երբ հասավ ինձ հողմեց, ինչո՞ւ երբ ծովը հասավ ինձ, անապատեց, ինչո՞ւ երբ կյանքը հասավ ինձ, մահացավ, ինչո՞ւ երջանկությունը հասավ ինձ ու տխրություն դարձավ, ինչո՞ւ սերը հասավ ինձ ու կարոտ դարձավ:
Բայց և այնպես, ես լռում եմ, վերջին դողացող նամակս կսավառնի հեռուներում, գուցե օրերից մի օր հասնի քեզ, ա՜խ միայն թե հասնի ու չուշանա:
Հիշի՛ր, ես քեզ սիրել եմ ու սիրում եմ դեռ, սակայն գնում եմ քեզ մոռանալու:
-------------------------------------------------------------------
Իրոք որ սիրում եմ քո քունը, ամեն անգամ տեսիլքի նման պատում ես հոգիս, ահա դեռ գրվում են կյանքիս էջերում քո հետքերը, ամեն անգամ շիրմիդ հպվելով զգում եմ քո ներկայությունը կյանքում, մեկ - մեկ անգամ հանուն հավատի հերքում Մահը, բայց ինձ խաբել չեմ կարող, դու չկաս, չկաս ինչպես մի երազ, որ երևաց իմ քնած շուրթերին, մեղմ հպվեց ու անհետացավ :
Ես արթնանում եմ, կործանված իմ երազներից, ՄՆԱՔ ԲԱՐՈ՛Վ :
Հեղինակ՝ Վանիկ Հովակիմյան
Նամակն ուղղված է Գայանեին, ով մահացավ 2010 թվականին ինքնասպանության միջոցով:
Սիրում եմ քեզ գուցե նրանից, որ սերը պարզ էր ու մաքուր:
Երբ մենակությունը ծովի ալիքների պես դատարկում է Կյանքը: