Այցեքարտը կարող է լինել ինչպես արդյունավետ մարկետինգային գործիք, այնպես էլ ուղղակի թղթի կտոր, որը դուք բաժանում եք այն մարդկանց, ովքեր ալարում են իրենց բջջայինում լրացնել Ձեր տվյալները: Ստորև կխոսենք այն մասին, թե ինչպես անել, որ այցեքարտը վաճառի:
Այցեքարտը պատրաստելիս անհրաժեշտ է սկզբում որոշել բովանդակությունն ու կառուցվածքը, հետո հանձնել դիզայներին, գրավիչ ու հետաքրքիր ներկայացնելու համար: Վաճառող այցեքարտը պետք է բաղկացած լինի մի քանի հատվածից.
- Նկար,
- անձնական տվյալներ,
- պատճառ, որի համարկարելի է դիմել Ձեզ,
- գործողության կոչ:
Նկար: Եթե Ձեր առաջարկած ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ներկայացնել նկարով, ապա պարտադիր պետք է այդպես անել: Նկարն օգնում է վիզուալ պատկերացնել առաջարկը, պրոդուկտի յուրահատկությունն ու հնարավորությունները: Նկարը թույլ է տալիս ուշադրություն գրավել, հետաքրքրել պոտենցիալ հաճախորդին: Քանի որ մարդու ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է էմոցիոնալ ընկալման համար, իսկ ձախը` վերլուծական, ապա ցանկալի է նկարը տեղադրել այցեքարտի ձախ մասում, որպեսզի այն ընկալվի ուղեղի աջ, զգայական հատվածի համար պատասխանատու կիսագնդի կողմից (պատկերներն ուղեղին հայելային արտացոլանքի սկզբունքով են հասնում):
Անձնական տվյալներ: Անձնական տվյալները լրացվում են նկարի աջ մասում, համառոտ ու հստակ: Ես այցեքարտ եմ հանդիպել, որտեղ տվյալ անձի մասնագիտության բաժնում նշվեծ էր 6 մասնագիտություն որոնց նա տիրապետում է: Այդպես չի կարելի, անլուրջ մոտեցում է գրել, թե դուք լրագրող, գիտնական, հաշվապահ, վերլուծաբան եք: Ավելի լավ է գրել մեկ մանսգիտություն, հատկապես այն, որը կարող է հետաքրքրել Ձեր թիրախային խմբին:
Պատճառ, որի համար կարելի է դիմել Ձեզ: Վաճառող այցեքարտում պարտադիր է նշել պատճառներ, որոնց համար հաճախորդը դիմելու է Ձեզ: Պատճառը կարող է սոցիալական փաստ լինել` «Մենք աշխատում ենք բոլոր մատակարարների հետ», «մեզ վստահում են x և y ընկերությունները», «մենք ունենք 30 մարկետինգի մասնագետ» և այլն: Պատճառ կարող է դիտարկվել նաև զեղչը, որը կստանա հաճախորդը, եթե ներկայանա այցեքարտով: Աշխատող պատճառ է նաև նվեր ստանալու գաղափարը, երաշխիքը և այլն: Պատճառի առկայությունը վաճառող այցեքարտում վերջինիս ամենակարևոր բաղադրիչն է:
Գործողության կոչ: Գործողության կոչն ինչպես ցանկացած այլ վաճառող տեքստերում, այս դեպքում նույնպես կարևոր է, որովհետև առանց կոչի գործողության դիմողների թիվը պակասում է: Գործողության կոչը կարող է լինել վերոնշյալ պատճառի հետ զուգահեռ:
Եթե ունեք մրցանակներ, կոչումներ, շքանշաններ, որոնք կարող են օգնել այցեքարտին վաճառել Ձեր պրոդուկտը, ապա տեղադրեք դրանք այցեքարտի վրա: Օրինակ, եթե ճանաչվել եք տարվա լավագույն լրագրող, ապա վստահությունն ավելացնելու համար ցանկալի է դրա մասին ինֆորմացիան տեղադրել այցեքարտի վրա: Կայքը նույնպես ցանկալի է ներկայացնել այցեքարտում, որովհետև, դա ևս մեկ հնարավորություն կտա «համոզել» հաճախորդին», որ գործողության դիմի:
Ընդունված է համարել, որ այցեքարտի հետևի մասում պետք է ազատ լինի, որպեսզի հնարավոր լինի նշումներ անել: Վաճառող այցեքարտի դեպքում ազատ տարածք թողնելը դժվար է, որովհետև հաճախորդի համար նախատեսված կարևոր տեղեկատվություն շատ ունենք:
Եթե Ձեր գրասենյակը բարդ տարածքում է, ապա կարելի է հետևի մասում քարտեզ տեղադրել, որը կօգնի հաճախորդներին հեշտ գտնեն Ձեզ: Այցեքարտի հետևի մասում կարելի է պրոդուկտի նկարը, որակի սերտիֆիկատ, շահած մրցանակ տեղադրել կամ ուշադրություն գրավելու համար ուղղակի որևէ կրեատիվ լուծում գտնել:
Այցեքարտի կրեատիվ լինելը նույնպես կաևոր է, որովհետև այդ դեպքում հաճախորդի մոտ հետաքրքրություն կառաջանա ավելի մանրամասն ուսումնասիրել այցեքարտը: Այցեքարտի կրեատիվությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ այն աղբամանում չհայտնվի:
Ստորև ներկայացնում ենք վաճառող այցեքարտի օրինակ: Ինչպես տեսնում ենք, օրինակում առկա է կրեատիվ դիզայնը, գործողության դիմելու հարցումը, վստահություն առաջացնող տեղեկատվություն այն մասին, թե ինչքան երկար է գործում տվյալ ընկերությունը և անհրաժեշտ բոլոր տվյալները` կայք, համար և անուն:
Վերոնշյալ այցեքարտում կրեատիվ լուծումը բարեհաջող կերպով նույնականացվում է այցեքարտի մեսսիջի հետ` «կարող ես գումար վաստակել»:
Իսկ այս մեկն արդեն Պիլատես յոգայի մարզիչի այցեքարտ է, որտեղ նույնպես առկա է գործողության կոչը, ինչպես նաև շատ օրիգինալ նկարագրված է այն, թե ինչով են զբաղվում իրենց մոտ:
Վերջում ներկայացնեմ նաև իմ այցեքարտը, որը նախատեսված է ոչ թե կոնկրետ պրոդուկտ վաճառելու, այլ networking-ի ոլորտում ինձ աջակցելու համար: Ձախ կողմի հատվածը այցեքարտի հետևի մասն է:
Վահրամ Միրաքյան
Հարցերի դեպքում գրել…այցեքարտում նշված էլեկտրոնային հասցեով