Այս օրերին Թերթ. am լրատվական կայքը Հայաստանում մեդիաչափումների առաջատար ընկերություններից GFK-ի լիցենզիայով գործող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության հետ համատեղ հրապարակել է նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ դիտված 50 հեռուսատահաղորդումները: Ինչ խոսք, հրապարակված տեղեկատվությունը հետաքրքրական է ոչ միայն իմանալու համար, թե հայաստանյան հեռուստադիտողն ինչ հաղորդումներ է սիրում դիտել, այլ նաև ըստ վիճակագրության որոշ վերլուծություններ կատարելու և եզրահանգումների գալու տեսանկյունից:
Ըստ այսմ, նախորդ շաբաթ հայաստանյան հեռուստադիտողն աշխատանքային օրերին առավել շատ դիտել է համապատասխանաբար` «ԱՐՄԵՆԻԱ», «ՇԱՆԹ», «Հ1», «Հ2», «ԱՐՄՆՅՈՒԶ» և «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքները, իսկ հանգստյան օրերին` «ԱՐՄԵՆԻԱ», «Հ1», «ՇԱՆԹ», «Հ2» և «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքները:
Ինչպես արդեն երևում է, առաջատարը «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերթյունն է եղել նախորդ շաբաթվա ընթացքում իբրև առավել դիտողականություն ունեցող ալիք: Ինչպես և ենթադրելի էր, շաբաթական կտրվածքով ռեյտինգային առաջատարի դիրքերն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ»-ին ապահովել են մարզական հաողրդումները, մասնավորապես` ֆուտբոլի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2014 որակավորման փուլի հանդիպումները, ինչպես նաև` սերիալները` հատկապես` «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը:
Աշխատանքային օրերի համար առավել դիտված 50 անուն հեռուստահաղորդումներից սերիալները կազմում են 9 անուն կամ 18 տոկոս, հանգստյան օրերի դեպքում՝ 4 անուն կամ 8 տոկոս: Աշխատանքային օրերին հայաստանցի հեռուստադիտողը նախընտրել է լրատվաան ծրագրերից դիտել «Ժամը լրատվական»-ը, իսկ հանգստյան օրերին` «Ժամը լրատվական»-ի և «Հորիզոն»-ի հիմնական թողարկումները: Թեև կարելի է այս վերլուծությունը շարունակել, սակայն փորձենք սահմանափակվել միայն նրանով, որ ընդհանուր պատկերով` մենք՝ հայաստանցի հեռուստադիտողներս, սիրում ենք դիտել ֆուտբոլ, սերիալ և համերգ… Մնացյալը կարծում եմ յուրաքանչյուրս կարող է առկա վիճակագրական տվյալների հիման վրա շարունակել ու սեփական վերլուծություններն ու եզրահանգումներն անել:



