Հայաստանի Հանրապետության նախագահը խորապես մտահոգված է հարևան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ, գրում է Wall Steet Journal-ը, որը զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանն զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան «անհամաչափ» ուժեղ պատասխան։
ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին։
«Ցավոք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոագված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կողքից չենք հետևի, եթե փորձ արվի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,-ասել է նա։
Պարբերականը հիշեցնում է, որ շփման գծում լարվածությունը վերջին ամիսներին մեծացել է, և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքապահները փոխադարձ հրաձգության են ենթարկում միմյանց։
WSJ-ն նշում է նաև, որ ռազմական հռետորաբանությունն ակտիվացել է օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես հերոս ընդունեց Ռամիլ Սաֆարովին՝ ադրբեջանցի սպային, ով 2004թ.-ին ՆԱՏՕ-ի դասընթացի ընթացքում կացնահարել էր հայ սպային»։
«Գործը դիվանագիտական փոթորիկ առաջացրեց, և Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ»,- գրում է թերթը։
«Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ է ստեղծվել» հարցին նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ՝ խրախուսելով ատելության տարածումը, քան զբաղվել այդ մթնոլորտի հետևանքներով»։
Ըստ թերթի՝ Ադրբեջանը մերժում է միջազգային քննադատությունն այս հարցում։ Նախագահ Ալիևն ասում է, թե ներում շնորհելն արվել է՝ համաձայն Սահմանադրության, իսկ կառավարության պաշտոնյաները նշում են, որ Սաֆարովն էմոցիոնալ սթրես է տարել այն պատճառով, որ հակամարտության պատճառով նրա ընտանիքն ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղից, իսկ երիտասարդ հարազատներից մեկը սպանվել է։
Ըստ WSJ-ի՝ Բաքուն զինվելու համար անցյալ 5 տարիների ընթացքում ծախսել է 11 մլրդ՝ Հայաստանի 2 մլրդ-ի համեմատ։
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կհարվածի Ադրբեջանին միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը ենթարկվեն հարձակման, բայց խոստացել է, որ Երևանի պատասխանն անհամաչափ ուժեղ կլինի։
Սերժ Սարգսյանը նաև զգուշացրել է, որ ռազմական հարձակման հնարավորությունն Իրանի վրա, որի հետ Հայաստանը սահման ունի, «ծայրահեղ մտահոգիչ է», և իրադարձություննների զարգացումը կարող է նաև խթանել հակամարտությունը Երևանի և Բաքվի միջև։
Նա ասել է, որ տարածաշրջանում միջազգային խաղորդների ավելի մեծ ներկայությունը կարող է օգնել նվազեցնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությունը։ «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային ազդեցությունը չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,- ասել է ՀՀ նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել