Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լոլա Բեյլին կարծում է, որ Կառավարության կանխատեսված 4,1% աճը, ներկայումս ավելի իրատեսական է, քան տարվա սկզբին էր կանխատեսվում այդ կառույցի կողմից: Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցներ, ոչ միայն կասկածի տակ էին առնում Կառավարության կանխատեսած դրական տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև կանխատեսում էին բացասական աճ:
Տիկին Լոլա Բեյլին Հայաստանում ներկայումս դրական միտումներ է տեսնում, այն ավելի շատ կապելով Ռուսաստանում տնտեսական անկման դադարեցման, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի կայունացման և նավթի գների որոշակի աճի հետ: Բացի այդ, ըստ նրա, դա պայմանավորված է նաև Կառավարության կողմից իրականացվող նախաձեռնողական քայլերով, մասնավորապես արտահանման ծավալների աճին խթանող քայլերով, որի արդյունքում էլ դիտվում են դրական զարգացումներ:
Անշուշտ, Ռուսաստանում հաստատվող տնտեսական կայունությունը կնպաստի Ռուսաստանից փոխանցող տրանսֆերտների աճին և ռուսական շուկա հայկական արտահանվող ապրանքների ծավալների մեծացմանը, եթե այդ կայունությունը շարունակվի:
Ընթացիկ տարում տնտեսական աճին ամենամեծ նպաստ ցուցաբերում է գյուղատնտեսությունը, որը պայմանավորված է բարենպաստ գյուղատնտեսական տարով և առատ բերքով (4,8% աճ հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես ոչ ցածր ցուցանիշներ են արձանագրում, օրինակ հունվար-ապրիլին աճը կազմել է 4,2% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Տնտեսական աճին առայժմ զսպում են՝ շինարարությունը և հատկապես առևտրի ծավալների նվազումը: Անկում է գրանցել նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները, որտեղ կարևորվում է հատկապես արտահանման ծավալների անկումը: Սպասվում է, որ մայիս-հունիսին ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև արդյունաբերական արտադրանքի ծավալները ավելի բարձր արդյունքներ կգրանցեն: Իսկ ինչ վերաբերվում է շինարարությանը, ապա սպասվում է ակտիվացում տարվա կեսերից և այն զրոյական ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշների կգրանցի: Տնտեսության ակտիվության հետ կապված, կավելանան նաև առևտրի ծավալները և այն զսպող գործոն չի հանդիսանա տնտեսական աճի վրա:
Ավելացնենք, որ կան նաև մի քանի ռիսկային գործոններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա՝ դա եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու դեպքում ԵՄ-ում առաջացող ֆինանսատնտեսական խնդիրներն են և ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի հնարավոր բարձրացումն է, որոնք նույնպես ուղակի և անուղակի ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Հուսով ենք, որ Հունաստանը կմնա Եվրագոտում, իսկ ԱՄՆ չի բարձրացնի տոկոսադրույքը: Կրկին ռիսկային կարող է լինել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից շարունակվող քաղաքական և տնտեսական պատժամիջոցները և ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր հետևանքները: