Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում ամենաշատ շրջանառվող բառերն են «սակագին», «էլ ցանցեր», «ՀԾԿՀ», «Բիբին», «Նազարյան» և իրավացիորեն մեծ անհանգստությունների տեղիք տված երևույթի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հետ առնչվող այս ու էլի շատ բառեր: Սակայն հասարակության տարբեր շերտերի, տարբեր լրատվամիջոցների քննարկումները մի կողմ: Ամենագլխավոր էլեմենտը, որ առկա է հնարավոր գործարքում, և որի մասին հնարավորինս քիչ է խոսվում, հետևյալն է. ՀԷՑ-ի այս հայտը նախորդների և էլի ռուսական մենաշնորհ ունեցող ռազմավարական մեծ նշանակության ոլորտներում սակագնային քաղաքականության ուղղակի «ուղղահայաց» պրոյեկցիան է, արտահայտությունն է հայ-ռուսական «գործընկերային» հարաբերությունների:
Ստացվում է այնպես, որ մեր պաշտոնյաների «գունեղ երևակայության» արգասիքը հանդիսացող 170 միլիոնանոց շուկան, որն իբր բացվելու է հայ արտադրողների առաջ, ընդամենն ապահովելու է հայրենական արտադրանքի բացարձակապես անմրցակցային վիճակ՝ հաշվի առնելով ՀՀ-ում էներգակիրների սակագինը:
Եվ այսպես, մի քիչ թվերի լեզվով, որից հետո, կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ կլինեն: Քանի որ գազից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսը, իսկ գազի գինն էլի 100 տոկոսով հայ-ռուսական փոխհարաբերությունների «ողջամիտ» շրջանակներում է, ապա սկզբից համեմատությունը կատարենք հենց ՌԴ-ի հետ։
Երբ կնքվում էր հայ-ռուսական գազային համաձայնագիրը, մեզ վստահեցնում էին, որ Հայաստանը գազը ստանում է Օրենբուրգի մարզի գներով: Էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը Օրենբուրգի մարզում ընդամենը 2.2 ռուբլի է կամ մոտ 20 դրամ՝ այսօրվա ռուբլի-դրամ փոխարժեքով կամ երեք անգամ ավելի էժան այն գնից, որը փորձում է ՀԷՑ կառավարիչ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը փաթաթել հայ սպառողների վզին:
Էլեկտրաէներգիան ամենաթանկը Հայաստանին ամենամոտ գտնվող Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում է՝ համապատասխանաբար 3.8 և 3.7 ռուբլի 1 կիլովատտ/ժամի համար կամ մոտ 35 դրամ: Համեմատության համար էլի մի քանի թվեր.
Ծանրագույն էներգետիկ ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագները առավել քան սոցիալական են: Օրինակ՝ մինչև 100 կիլովատտ/ժամ սպառողների կամ սոցիալապես անպաշտպան խավերի համար 1 կիլովատտն արժե ընդամենը 8 դրամ, իսկ 100-ից 600 կիլովատտ/ժամ սպառողների համար, այսինքն՝ երկրի բնակչության հիմնական մասի համար՝ 16-17 դրամ: Այնպես որ, սակագնի չափը 17 դրամով բարձրացումից «հերոսաբար» իջեցնելով 6,93 դրամի, իսկ վերջին թիվը հարյուրերորդականի ճշտությամբ մանկապարտեզային մակարդակի (իբր լավ, մանրակրկիտ ուսումնասիրվել է) ներկայացնելուց առաջ պետք է ուղղակի հասկանալ և ընդունել.
Քանի դեռ ռուսները տիրապետում են Հայաստանի էներգետիկ շուկային, նրանք ամեն ինչ անելու են՝ կանխելու էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների զարգացումը և փորձելու են խեղդել եղածները, ինչպիսիք են փոքր ՀԷԿ-երը: Ռուսներին պետք է, որ էլեկտրաէներգիան արտադրվի բացառապես ռուսական գազով կամ գոնե ռուսական միջուկային վառելիքով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/835755286515668
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել