![]() |
|
|
Realmadrid.am-ը շարունակում է բարի ավանդույթները: Արդեն երրորդ խաղը` հանուն կյանքի, և նորից փոքրիկ երեխա: Նախ՝ 4-ամյա Էրիկը, հետո 5-ամյա Էլենը, հիմա էլ` 4-ամյա Ռիտան: Չորսամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով: Այս հիվանդությունը ժառանգական է և արտահայտվում է բշտերի առաջացմամբ՝ ոտքերի, ձեռքերի և ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ: Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Այս խնդիրների պատճառով Ռիտան չի կարողանում լիարժեք վայելել իր մանկությունը, խաղալ բակում, հաճախել մանկապարտեզ կամ ոտքերը չցավեցնող կոշիկներ գտնել: Փոքրիկին ախտորոշիչ հետազոտություններ անցակցնելու համար համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը: Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ 1300 ԱՄՆ դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական` 150 ԱՄՆ դոլար ապրուստի, ինչպես նաև, ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարը Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո: Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Ameriabank - 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR): Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով: Փոքրիկի առողջացմանը կնպաստեն նաև Realmadrid.am-ի ֆան ակումբը և «Օգնենք հայ մանուկներին» խումբը` անցկացնելով բարեգործական հանդիպում: Միջոցառման ընթացքում դահլիճում տեղադրված կլինեն դրամահավաքի համար նախատեսված արկղեր, և բոլոր ցանկացողները կկարողանան իրենց հնարավորության սահմաններում գումար նվիրաբերել փոքրիկին օգնելու համար: Ստացված ողջ հասույթը կփոխանցվի Ռիտայի համար բացված հաշվեհամարին: Այսպիսով, հանդիպում ենք նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, խուլ-համրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65): Սպասում ենք բոլորիդ: Միացե´ք միջոցառման իվենթին ֆեյսբուքում: Հանդիպման վայրը` քարտեզով.
|





